ՌԴ-ԱՄՆ համատեղ աշխատանքը Սիրիայի շուրջ դրական կանդրադառնա նաև տարածաշրջանային այլ հակամարտությունների վրա
«168 Ժամի» զրուցակիցն է Հալեպում գործող Հալեպի Ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանը
– Վերապատվելի, չնայած Ասադի ճակատագրի շուրջ տարաձայնություններին, երեկ ԱՄՆ պետքարտուղար Քերին և ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բանակցություններ վարեցին Մոսկվայում, որի արդյունքներով պարզ դարձավ, որ դեկտեմբերի 18-ին սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներգրավմամբ բազմակողմ հանդիպում տեղի կունենա, որին կմասնակցի սիրիական չափավոր ընդդիմությունը ևս։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից` հատկապես Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ-ՌԴ համատեղ աշխատանքից։
– Կարծում եմ` երբ ՌԴ-ն թիրախավորեց զինյալ ընդդիմությանը, ԱՄՆ-ը ունեցավ այն զգացումը, որ ինքը որոշակիորեն հիմնական դերակատարություն չի ստանձնում սիրիական տագնապի ընդհանուր լուծման գործընթացում։ Այդ հանդիպումը դրական է, քանի որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից սկսում է ձևավորվել կարգավորման համատեղ քաղաքական օրակարգը։ Անձնապես կարծում եմ, որ սիրիական հակամարտությունը ոչ թե ավելի բարդացնում են, այլ լուծման և ելքի միջոց են փնտրում, որն ընդունելի լինի հանրային կարծիքի և ընդհանուր քաղաքականության համար։
Այս իմաստով կարևոր է նաև նշել, որ ԴԱԻՇ-ը Սիրիայում լուրջ ազդեցություններ է կորցնում, սիրիական Ազգային բանակն ամեն օր նոր առաջխաղացում է արձանագրում, և որպես արդյունք` Հալեպի շրջանները, արվարձաններն ազատագրվում են, ինչպես Լաթաքիայի և ծովափի շրջանը, գլխավորապես Քեսաբ-Լաթաքիա ճանապարհը կրկին անգամ վերագրավված է և արդեն ժողովրդին գործածության կհանձնվի առաջիկա օրերին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ընդհանրապես ԴԱԻՇ-ն է, որ ազդեցություն է կորցնում և քաղաքական, և ռազմական, և աշխարհագրական։ Ջոն Քերիի և Լավրովի հանդիպումը, կարծում եմ, ամփոփիչ ծրագիր է։ Եթե այս հարցում նրանք հաջողեն, ապա կմեղմվեն նրանց տարաձայնություններն այլ հակամարտություններում։
– ԱՄՆ-ից ի՞նչ քայլեր են ակնկալում Սիրիայում։
– ԱՄՆ-ը պետք է ներգրավվի ԴԱԻՇ-ի դեմ ռազմական կամ օդային պայքարին, որովհետև ԱՄՆ-ը թնջուկի ծայր տվող հիմնական ուժերից մեկն է եղել, և ներկայումս, երբ ՌԴ-ն այդ թիրախավորումը սկսել է ԴԱԻՇ-ի և ոչ չափավոր ընդդիմության դեմ, տեսնում ենք, թե որքան մեծ վնասներ է կրում ԱՄՆ-ը իր տնտեսական աճի մեջ։ Ուստի ԱՄՆ-ը պետք է ներգրավվի կարգավորման մեջ, որպեսզի օգտվի նյութական «հարստություններից» և բանակցությունների ընդհանուր «բյուջեից»։ Արդեն հունվար ամսից կսկսվի քաղաքական երկխոսությունը, որի մաս պետք է լինի չափավոր ընդդիմությունը ևս։
– Ռուս-թուրքական հակամարտությունը բռնկվեց սիրիական ճգնաժամից։ Ըստ Ձեզ, որքա՞ն երկար այն կշարունակվի։
– Ռուս-թուրքական հարաբերությունները տնտեսական խորը արմատներ ունեն։ Այս քաղաքական լարվածությունն ինքնին արտահայտություն է, դրսևորում, որ խախտումներ են եղել Թուրքիայի կողմից, բայց տնտեսությունը գերիշխող է քաղաքականության մեջ, կարծում եմ, որ երկար չի տևի, ուստի երկու երկրների ժողովուրդները տնտեսական երկխոսության մեջ կլուծեն այս հարցը։ Բայց Թուրքիան Ռուսաստանից մեծ հարված ստանալու շեմին է, և դրա համար մեծ կուսակցությունները Թուրքիայում սպասողական վիճակում են։
– Ինչպե՞ս են գոյատևում համայնքում մնացած սակավաթիվ հայերը։ Իրավիճակն ի՞նչ է խոստանում նրանց համար։
– Հայերն այն ազնիվ քաղաքացիներն են, որոնք բարձր դիմադրողականություն ունեն և իրենց հավատարմությունն են ցուցաբերում սիրիական հայրենիքին, և այդպիսիները հերոսացած հատվածն է հայ ժողովրդի, որոնք իրենց անձնական քմահաճույքների հետևից չընկան` Եվրոպա և Կանադա մեկնելով, և մնացին սիրիական հայրենիքին նեցուկ։ Խոսքն այն հայ ընտանիքների մասին չէ, որոնք տուժել են կամ տարբեր պատճառներով ստիպված են եղել հեռանալ Սիրիայից։ Բայց նրանց հետ մեկտեղ` բավականաչափ մեծաթիվ ժողովուրդ չտուժեց, բայց քմահաճորեն հեռացավ։ Սիրիացիներ կային, որ Լիբանանում էին հաստատվել քսան տարի առաջ և օգտվեցին առիթից, մասնակցեցին Եվրոպայի և Կանադայի ներգաղթի ծրագրերին և գաղթեցին, իբրև թե պատերազմից են փախչում, բայց իրականում առնչություն չունեին պատերազմի հետ։