Պետությունը մեզ ոչինչ պարտք չէ: Եթե դու կարող ես քո տեղում թեկուզ ինչ-որ բան անել, արա. Ռուբեն Վարդանյան
Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում դեկտեմբերի 10-ին հրավիրվել էր բաց քննարկում ՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանի ու գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ: Speakers Nights-ի շրջանակում հարցազրույցը վարել է մեդիա մենեջեր, RIA Novosti-ի նախկին գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը:
Վերջիններս հանդես են եկել ապագայի վերաբերյալ իրենց կանխատեսումներով: Քննարկումը ստացվել է վառ, ճանաչողական, որի ընթացքում Ալեքսանդր Աուզանն ու Ռուբեն Վարդանյանը հանգել են այն եզրակացության, որ, եթե ձեր հորիզոնները կարճ են, դուք ներդրումներ չեք կատարի երկարատև խնդիրների մեջ: Այդ պատճառով էլ մեր ապագայի զարգացումն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ է մեզնից յուրաքանչյուրն անում այսօր:
«Վեդոմոստին» հրապարակել է հատված բանավեճից, որից էլ ներկայացնենք որոշ դրույթներ Ռուբեն Վարդանյանի ելույթից:
XXI դարում մենք կանենք էվոլյուցիայի ճանապարհին հաջորդ քայլը, իսկ հետո մեզ սպասվում է միանգամայն այլ պատմություն: Մարդն անհատականություն է, ու ապագան կերտվում է նրա վեկտորներից: Իմ ապագան կապված է լինելու իմ տեսլականի հետ։Եթե հավատանք լավ ապագային, ապա մասնավոր սեփականությունը կմնա Ռուսաստանում, ու մարդիկ այն ավելի շատ կհարգեն, քան կայսրություն լինելու ցանկությունը: 100 տարում առաջին անգամ մենք կփոխանցենք սեփականությունը գործող ակտիվների տեսքով՝ հաջորդ սերնդին:
Տեղեկատվական հասարակության մեջ պետության դերը նվազում է: Դու կարող ես ապրել մի երկրում, լինել մյուսի քաղաքացին ու աշխատել երրորդի համար։ Թե ինչպես ես դու տեսնում աշխարհը ու քո տեղը դրանում, ապագայի հարց է:
Հայտնվել են նոր միլիոնատերեր, ովքեր նոր տիրույթ են ստեղծել և 23 տարեկանում միլիարդներ վաստակել։ Կարծում եք, նրանք կապրեն հի՞ն հասարակության մեջ։ Նրանց հայացքները կհանգեցնեն սոցիալական փոփոխությունների։ Մարդը գլխավոր ակտիվն է, որը կազդի ողջ միջավայրի վրա։
Ես ողջ կյանքս ապրում եմ 25 տարվա պլանավորման հորիզոնով: Ռուսաստանում չկա ինստիտուտ այդ հորիզոնների համար, ու չկան ֆինանսական պրոդուկտներ (բոնդերն առավելագույնը 10 տարվա են):
Ես պնդում եմ, որ, եթե մենք փաստում ենք, որ XXI դարում մարդիկ գլխավոր ակտիվն են, ապա մենք ինքներս կվերցնենք ու կանենք այլ կերպ: Դա պատրանք է, թե պաշտոնյաներն ու գործարարներն ամեն ինչ կլուծեն, ինչպես նախկինում էր: Մարդկանց խումբը կարող է փոխել աշխարհը: Պետությունը մեզ ոչինչ պարտք չէ: Եթե դու կարող ես քո տեղում թեկուզ ինչ-որ բան անել, արա: Ու մենք ամեն ինչ կփոխենք:
Մենք ապրում ենք կապիտալիզմի ու եռամսյակային հաշվետվության աշխարհում: Սակայն կան բազմաթիվ նախագծեր, որոնց նախաձեռնողները չեն ցանկանում պարզապես զբաղվել բարեգործությամբ, այլ դրանից ստանալ էֆեկտ:
Հարկավոր է ավելացնել վստահության շրջանակը, կառուցել ինստիտուտներ ու ընդլայնել պլանավորման հորիզոնը: Մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ վստահության մակարդակը որոշվում է ընտանիքով ու անվստահությամբ՝ ինստիտուտների նկատմամբ: Ես շատ եմ զբաղվում սոցիալական ձեռնարկատիրությամբ: Դա հորիզոնի փոփոխության ճանապարհն է:
Մասնավոր սեփականություն Ռուսաստանում չի եղել Իվան Ահեղի ժամանակներից: Քանի դեռ մենք չենք հասկանա, որ սեփականությունը մեր իրավունքն է ու իրականությունը, ապա խոսելու բան չկա:
Ռուսաստանի հիմնական խնդիրներից մեկն անհետևողականությունն է: Մենք ասում ենք, որ մենք քրիստոնեական երկիր ենք, իսկ Կարմիր հրապարակում հանգուցյալ է պառկած: Քանի՞ ծրագիր ենք մենք սկսել: Եկեք գոնե մեկը մինչև վերջ ավարտին հասցնենք:
Ես խորապես համոզված եմ, որ XXI դարում մարդը հաջողության կարևոր միավոր է դարձել։ Բարոյական արժեքները, պատասխանատվությունն ապագայի համար և որոշումների կայացումը շատ կարևոր են։
Ես չեմ ցանկանում կյանքս կառուցել՝ ելնելով երկաթե վարագույրի սցենարից։ Թեև հնարավոր է, մենք բաց թողնենք մեր հնարավորությունը, ու այդ տարբերակը կիրականանա։
Ես վստահ եմ, որ մեծ պատասխանատվություն է լինելու այն բանի համար, որ դու հարուստ ես: Ես կցանկանայի մարդկանց օգնել այդ մասին մտածել արդեն հիմա՝ ստեղծել բարեգործական ինդուստրիա, բարեկեցության ղեկավարում: Ոչ թե կուտակել, այլ սովորել մյուսներից ու այդ գիտելիքը սեփական աշխարհից բերել Ռուսաստան:
Մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակում, երբ անձնական մերկությունը դարձել է զարմանալի: Մարդիկ ցուցադրում են սոցցանցերում այն, ինչ դու անգամ չես պատկերացնում:
Մենք վերադառնում ենք միջնադար: Ես վստահ եմ, որ մենք ապրում ենք պատրանքներով: Այժմ երկրների միջև պատերազմի վտանգն այնքան մեծ չէ, որքան ահաբեկչության սպառնալիքը։
Մենք ապրում ենք համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը փլուզվում է: Որպես ամեն ինչի հիմք՝ այն դադարում է գոյություն ունենալ: Ու ինչ էլ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացիայի տեսակետից, մեզ սպասվում է գլոբալ աշխարհը՝ տեղական մտածողությամբ։ Չի կարելի զբաղվել բիզնեսով ու պոզիտիվ շարժումով, եթե դուք լավ բաների չեք հավատում։ Դու պետք է հավատաս լավին:
Ես խորապես համոզված եմ, որ XXI դարում մարդը դարձել է հաջողության կարևոր միավոր: Բարոյական արժեքները, պատասխանատվությունն ապագայի համար ու որոշումների կայացումը շատ կարևոր են:
Անհնարին բաներ չկան: Հարկավոր է հավատալ ինքդ քեզ ու քո ուժերին: