«Իրենք բավական լուրջ առիթներ կունենան՝ հասկանալու համար, թե ինչ աղետ է կանխարգելվել»
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը և դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է 452 հաղորդում: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Նրա խոսքով՝ 25-ը ստացվել է քարոզչության ընթացքում, 427-ը՝ քվեարկության օրը և դրանից հետո: Ահազանգերի մեծ մասը ստացվել է Երևանից՝ 292, մարզերում դրանց թիվը կազմում է 160: Հ. Քոչարյանի խոսքով՝ ահազանգերի գերակշիռ մասը՝ 314, ստացվել են ԶԼՄ-ներից, հ/կ-ներից, «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներից՝ 21, դիտորդներից՝ 8, հանձնաժողովի անդամներից՝ 5, քաղաքացիներից՝ 62, կուսակցություններից՝ 23, ընտրատեղամասում ծառայություն կատարող Ոստիկանության ծառայողներից՝ 19: Հաղորդումներից 97-ով նախապատրաստվում են նյութեր, 153-ով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ (որոնցից 137-ը՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, 16-ը՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ): Եզրակացությամբ անհետևանք են թողնվել 29 նյութեր, 166-ն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե, 7-ը՝ Հատուկ քննչական ծառայություն:
Հարուցվել է 17 քրեական գործ, որոնցից 9-ը՝ Ոստիկանության նախապատրաստած նյութերով: Քրեական գործերից 10-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, 7-ը՝ 149-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:
Հարցին՝ արդյոք խախտումները, խախտումների վերաբերյալ ահազանգերի ուսումնասիրությունները, դրանց արդյունքները կարո՞ղ են կասկածի տակ դնել հանրաքվեի ադյունքները, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը պատասխանեց. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ասեմ, որ, իհարկե, չեն կարող կասկածի տակ դնել, որովհետև ընդամենը վերաբերում են սահմանափակ թվով ընտրատեղամասերում կատարված խախտումներին»:
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասաց, որ հանրաքվեին մասնակցելու համար քաղաքացիներին տրվել է 146 9-րդ ձև՝ նշելով, որ չէին կարող տրցակով կամ բազմաթիվ քանակով 9-րդ ձևեր հայտնվել քաղաքացիների ձեռքին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսվել է դրույթ, որ ժամանակավոր վկայականները տրամադրվում են բացառապես անձի դիմումի հիման վրա, լիազորված անձի միջոցով այն չի կարող տրամադրվել. «Անձի ներկայությունը տվյալ անձնագրային ծառայությունում պարտադիր է: Անձը, գտնվելով արտասահմանում կամ որևիցե այլ տեղ, չի կարող ստանալ ժամանակավոր վկայական»:
Մ. Բիչախչյանը նշեց, որ 9-րդ ձևը տրամադրվում է լուսանկարով, դրանում նշվում է քաղաքացու հասցեն, վկայականի համարը, տրման ամիսը, օրը, դրվում է կնիք: Նրա խոսքով՝ ժամանակավոր վկայականը տրամադրվում է երկու դեպքում՝ երբ անձը նույնականացման քարտ պետք է ստանա, ստանալուն որոշակի ժամանակ կա, սակայն նրան անձը հաստատող փաստաթուղթ է անհրաժեշտ, և, երբ անձը հայտարարում է, որ անձնագիրը կորել է:
«Ղեկավարելով անձնագրային ծառայությունը՝ ես պաշտոնապես ասում եմ` բացառվում է, որ մեկ անձին տրամադրված լինի մի քանի 9-րդ ձև»,- ասաց նա: Մ. Բիչախչյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածը սահմանում է, որ անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար՝ զինվորական գրքույկը:
Ըստ նրա՝ 16 հազար 856 քաղաքացի ընդգրկված է եղել լրացուցիչ ցուցակներում՝ ըստ գտնվելու վայրի, 140 ոստիկան ընդգրկված է եղել գործուղվող ոստիկանների ցուցակում, 270 քաղաքացի՝ հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակում, 1542 քաղաքացի` հիվանդանոցների լրացուցիչ ցուցակում:
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այլ համայնքում հաշվառում ունեցող անձը, եթե ընտրությունների օրը գտնվելու է այլ համայնքում, կարող է դիմել Անձնագրային ծառայություն և ընդգրկվել լրացուցիչ ցուցակում: Երևանը մեկ համայնք է, և Երևանի վարչական շրջաններից մեկում հաշվառված անձը չէր կարող մեկ այլ վարչական շրջանի լրացուցիչ ցուցակում ընդգրկվել:
Հ. Քոչարյանն էլ ասաց, որ համացանցում տարածվել է տեսագրություն, որում երևում են փաստաթղթեր, որոնց վրա լուսանկարներ չկան, ինչը նշանակում է, որ սկզբունքորեն բացառվում է, որ այդ փաստաթուղթն 9-րդ ձև լինի: Հարցին՝ արդյոք պարզվե՞լ է՝ ընտրախախտումների վերաբերյալ տեսագրությունները մոնտաժված եղե՞լ են՝ հաշվի առնելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի համապատասխան հայտարարությունը, Հ. Պողոսյանը պատասխանեց, որ այդ մտքին ծանոթ չէ. «Երևի նկատի են ունեցել ընդամենը, որ շատ հաճախ համացանցում տեղադրված նյութերն ամբողջական չեն լինում, մոնտաժված կամ ինչ-որ կտորներով են լինում տեղադրված: Երևի դա են նկատի ունեցել: Իսկ մնացածըգ ցանկացած տեսանյութի կապակցությամբ, կարծում եմ, քննությունը կտա լիարժեք պատասխան, որովհետև այս պահին պատասխանել չի լինի. նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հստակ պատասխան տալու համար, թե արդյոք կոնկրետ հաղորդման կամ ահազանգի հիմքում ընկած տեսանյութը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ»:
Հարցին՝ արդյոք «արջի ծառայություն մատուցողները» կենտրոնի՞ց են ուղղորդվել, Հ. Պողոսյանը պատասխանեց, որ որպես կանոն՝ եղել է անձնական նախաձեռնություն. «Հիմար եմ համարում առնվազն նրան, ով կարող է կանգնել և ասել՝ իմ գյուղական համայնքում բոլորն «Այո» են ասելու, նույն չափով, նույն ձևով հիմար եմ համարում նաև նրան, ով կարող է ասել, թե՝ մեր համայնքում բոլորը «Ոչ» են ասելու: Չկա նման բան: Իմ, ձեր, մեր ազգաբնակչության ցանկացած ներկայացուցչի անունից ոչ ոք լիազորված չէ խոսել: Իմ անունից խոսում եմ ես, ձեր անունից՝ դուք»:
Անդրադառնալով նոյեմբերի 25-ին խմբի վնասազերծման առնչությամբ ձևավորված թերահավատությանը, Հ. Պողոսյանն ասաց. «Մենք շատ հետաքրքիր տեսահոլովակներ ունենք, որոնք մեր Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տարածում է: Ամենաուսուցողական օրինակներից մեկը՝ քաղաքացին երբեմն ականատես է լինում, որ հարևանի տանից գողություն է կատարվում:
Հասարակ, սովորական դեպք՝ բնակարանային գողություն, երբեք չի մոտենում Ոստիկանությանը, ասում՝ գիտեք, բնակարանային գողություն կատարողն այսինչն էր կամ այնինչը կամ ինչ-որ կերպ ինֆորմացիան մեզ հասցնում: Բայց երբ իր բնակարանից են գողություն կատարում, աղմուկ է բարձրացնում, էլ չասեմ՝ ինչ աստիճանի: Հիմա մեր ժողովուրդն այդպես է վերաբերվում ամեն ինչին: Այս դեպքին էլ փորձեցին այդպես վերաբերվել, բայց հետո, գոնե ընթացքում հասկացան, որ չարաչար սխալվել են: Դեռ ընթացքում իրենք բավական լուրջ առիթներ կունենան՝ հասկանալու համար, թե ինչ աղետ է կանխարգելվել, խափանվել, իսկ դրանից հետո արդեն մնացածը թողնում եմ իրենց դատին»: Շարունակելով` նա ասաց.
«Սարսափելին, գիտեք՝ ո՞րն էր այն ամենի մեջ, որ մի քանի վայ մասնագետներ հայտնվեցին՝ նախկինում այս կամ այն պաշտոն զբաղեցրած, և, մեղմ ասած, սկսեցին վայրահաչոցները: Ամո՛թ իրենց բոլորին և փառք ու պատիվ այն տղաներին, ովքեր բարեհաջող վնասազերծեցին այս խումբը և դեռ շարունակում են աշխատանքները, այսինքն` օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները»: Նա կարծիք հայտնեց, որ վնասազերծվել է խումբ, որն առանձնապես ծանր հանցագործություններ էր նախապատրաստել:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«168 ԺԱՄ»