«Սահմանադրությունը փոխենք էլ, չփոխենք էլ՝ ձեզ մոտ իշխանափոխություն անել չի ստացվելու».Վահան Բաբայան

Այսօր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բանավեճի ժամանակ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ կուսակցության անդամ Արշակ Մուսախանյանը հարցրեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին՝ «Դուք ձեզ ընդդիմություն համարո՞ւմ եք»: Վահան Բաբայանը պատասխանեց.

«Իսկ, օրինակ, ըստ ձեզ՝ ես ինչ-որ պետական պաշտո՞ն եմ զբաղեցնում կառավարությունում, մեր կուսակցությունն ընդդիմություն է, դա խոսում է ձեր անտեղյակությունից, հարգելիս»: Արշակ Մուսախանյանը շարունակեց՝ ասելով.

«Այսինքն՝ դուք ընդդիմություն եք և ասում եք, որ Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել, նշանակում է դուք ձեզ գնահատում եք՝ թույլ: Ես որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ համարում եմ, որ ընդդիմությունն ուժեղ է, և միշտ էլ ընդդիմությունը եղել է ուժեղ: Գործող Սահմանադրության պայմաններում Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»:
Վահան Բաբայանն ընդհատեց նրան.

«Ժողովուրդ, էն զոմբիների կինոն տեսե՞լ եք: Ձեր ասածն ի՞նչ է, եկել ենք խոսելու Սահմանադրությունից, դուք խոսում եք անկապ բաներից: Սրանից հետո, երբ որ ինձ կհրավիրեք, հրավիրեք այնպիսի գործիչների, որ Սահմանադրությունից կխոսեն, այստեղ բացի սահմանադրական բարեփոխումների քննարկումից՝ խոսում ենք ինչ-որ զոմբիական բաներից»:

Ա. Մուսախանյանը շարունակելով խոսքը՝ նշեց, որ իշխանական ամբողջ բուրգն այս պահին գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո. «Իրենց ընդդիմադիր համարող որոշ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ նույնպես գտնվում են Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո, և այնպես է ստացվել, որ Սերժ Սարգսյանի հեռանալու դեպքում նախ՝ իշխանական բուրգում կսկսվեն ճաքեր, և իշխանությունն իր ներսից կփորձի գտնել լիդերներ, ինչը լավագույն հնարավորությունն է ընդդիմության համար՝ աշխատել իշխանության մեջ եղող տարբեր թևերի միջև հակասությունների վրա, նաև փորձել մոբիլիզացնել ընդդիմադիր դաշտը և, օրինակ, 2018թ. գնալ հզոր մոբիլիզացիայի և ապահովել հաղթական նախընտրական դաշինք:

Այն ինչ նախագծով են ներկայացնում, ոչ թե իշխանափոխության անցման նախագիծ է, այլ հակառակը՝ դա իշխանափոխության որևէ հնարավորություն տապալելու նախագիծ է: Սա է հիմնական դրույթը, որի վրա կենտրոնանում ենք: Այս նախագիծը պառլամենտականի հետ որևէ առնչություն չունի»:

Ի պատասխան՝ Վահան Բաբայանն ասաց, որ ընդդիմությունը երևի մոռացել է՝ իրենք որտեղից են եկել և ուր են գնում.

«Եթե Սահմանադրությունը մնա նույնը, դուք ի՞նչ մեխանիզմներով եք անելու այն իշխանափոխությունը, որի մասին այսքան երկար խոսում եք: Ես շատ ուշադիր ձեզ լսում էի, դուք դրա պատասասխանը ձեր մյուս գործընկերների նման չունեք: Ձեր պատասխանը մեկն է՝ 2018թ. նախագահական ընտրություն լինի, թեկնածու ունենաք, մարդկանց հանեք փողոց ու շանս ունենաք նորից գալ իշխանության: Դուք շանս չեք ունենալու իշխանության գալու, ես ձեզ ասեմ, դուք վստահ եղեք: Սահմանադրությունը փոխենք էլ, չփոխենք էլ, ձեզ մոտ իշխանափոխություն անել չի ստացվելու»:

Տեսանյութեր

Լրահոս