«Դուք հավատում եք, թե դեկտեմբերի 1-ին կարո՞ղ եք հաջողություն արձանագրել». Վահան Բաբայանը՝ ՀԱԿ-ի ներկայացուցչին
«Եթե մարդիկ, որ գոհ են այն վիճակից, որ այսօր կա, ուրեմն բնական է, որ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» կասեն: Եթե մերժում ենք «այո»-ն, ուրեմն մեզ համար լավ է այս վիճակը, իսկ թե ո՞ւմ համար է լավ, ես չեմ կարողանում հասկանալ»։ Նման տեսակետ այսօրվա բանավեճի ընթացքում հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նա նշեց երեք կետ, թե ինչո՞ւ պետք է սահմանադրական բարեփոխումներին ասել՝ «այո».
«Նախ՝ իշխանության գերկենտրոնացվածությանը վերջ տալու համար, որպեսզի իշխանության երեք ճյուղերը լինեն հավասարակշռված, ինչը չի եղել մեր նախկին Սահմանադրություններում: Երկրորդը, ազատ, անկախ դատական համակարգի ձևավորումն է, չորրորդը՝ ընդդիմության հանդեպ ունեցած նոր ձևակերպումներն ու մոտեցումներն են: 25 տարիների ընթացքում ընդդիմությունն ընդհանրապես լուրջ դերակատարում չի ունեցել, չի կարողացել վերահսկիչ լիազորություններ, պետական կառավարմանն ավելի լուրջ մասնակցություն ունենալ, քան կարող է ունենալ Նոր Սահմանադրությամբ»,- ասաց նա:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանը հակադարձեց, ասելով՝ ստացվում է այնպես, որ իշխանությունները սկսել են մտածել ընդդիմության լիազորությունների մասին.
«Սա ամենաաբսուրդ կարծիքն է, որ լսում եմ այս երեք ամսվա ընթացքում, որովհետև, եթե պարոն Բաբայանին հետաքրքրում է ընդդիմության ուժեղությունը, ապա՝ ընդդիմությունը միշտ էլ ուժեղ է եղել Հայաստանում, իր գործունեության ընթացքում միակ խնդիրը, որ ընդդիմությունն ունեցել է, կապված է ընտրական համակարգի հետ: Այսինքն՝ հարցը Սահմանադրության փոփոխության մեջ չէ, այլ՝ ազատ, արդար մրցակցային ընտրություններ կազմակերպելու մեջ է:
Ի՞նչ վատ ընդդիմություն էր 8-9 ամիս առաջ գոյություն ունեցող ընդդիմությունը, որին մաս էր կազմում նաև պարոն Բաբայանը (նկատի ունի մինչև ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալը, երբ «Բարգավաճ Հայաստանն» ակտիվորեն համագործակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի և մյուս ընդդիմադիր ուժերի հետ.- Ռ.Մ.):
Եկեք բացառենք այն, թե նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը հնարավորություններ կտրվեն: Նոր Սահմանադրությամբ կվերանան հակակշիռները, կստեղծվի միակուսակցական մոնոպոլիա, ապա նման դեպքում որևէ իրավունքի մասին խոսելն անհնար է դառնալու: Պետք է ասել՝ ոչ, որովհետև սա իշխանության վերարտադրություն է: Այո, մենք խոսում ենք իշխանափոխության մասին, որովհետև դա իրականությունն է: Սահմանադրական բարեփոխումները խոչընդոտում են իշխանափոխության գործընթացը»:
Ի պատասխան՝ Վահան Բաբայանն ասաց, որ այսօր մի այլ իրավիճակում ենք գտնվում և խոսել հին բաների մասին ռեալ չէ.
«Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել։ Ընդդիմությունն ուժեղ է լինում այն ժամանակ, երբ օրենքով սահմանված լիազորություններ է ունենում: Եթե ընդդիմությունը չի ունենում լիազորությունների լծակներ, գնում է փողոց, իսկ այդպես հարցեր չեն լուծվում: Ինչո՞վ է տարբերվում «այո»-ի և «ոչ»-ի քարոզչությունը:
Ես երեք կետով նշեցի, թե ինչու պետք է «այո» ասել, իսկ «ոչ»-ի ներկայացուցիչները խոսում են ամեն ինչից և վերջում ասում են իրենց այն խոսքերը, որոնք ամեն տեղ նույն կերպ կրկնում են՝ վերարտադրություն, իշխանափոխություն: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ «ոչ»-ի մեր գործընկերները շփոթում են հանրաքվեն՝ նախագահական ընտրությունների հետ:
Դուք ձեզ հավատո՞ւմ եք, երբ ասում եք՝ իշխանափոխություն է լինելու, եթե սահմանադրական բարեփոխումներ չլինեն, կամ հավատո՞ւմ եք, թե դեկտեմբերի 1-ին կարող եք հաջողություն արձանագրել: Իշխանափոխություն անելու համար պետք են փոփոխություններ, հնարավորություններ, եթե այսքան տարի պայքար եք մղում իշխանափոխության համար, ու ձեզ մոտ չի ստացվում, հիմա ստացվելո՞ւ է»: