ՌԴ-ն 2016թ. հունվարի 1-ից կասեցնում է Թուրքիայի հետ առանց այցագրի ռեժիմը
Ռուսաստանը կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ՌԴ ղեկավարությունը որոշում է կայացրել կասեցնել առանց այցագրի ռեժիմը, որը ներկայում գործում է Ռուսաստանի ու Թուրքիայի Հանրապետության միջև: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից»,- հայտարարել է Լավրովը Սիրիայի իր գործընկերոջ՝ Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների արդյունքում:
Լավրովը հավելել է, որ դա «հնարովի սպառնալիք չէ»: «Հակառակը, այդ սպառնալիքները միանգամայն ու լիովին իրական են, մենք ողջ պատասխանատվությամբ ենք հայտնում այդ մասին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամի մեջ հայտնվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: