Ալիևն ափսոսանք ու անհանգստություն է հայտնել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարվածության առնչությամբ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ալիևը շնորհավորել է Չավուշօղլուին արտգործնախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
«Անթալիայում անցկացված G20-ը մեծ հաջողություն էր Թուրքիայի համար, որը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ մեծ ուժ ունեցող պետություն է: Շատ ուրախ եմ, որ եղբայրական երկիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել այդ գագաթաժողովին: Դա ևս մեկ անգամ վկայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին ու ցուցադրում մեր ժողովուրդներին ու ողջ աշխարհին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամենամտերիմ երկրներն են»,- հայտարարել է Ալիևը:
Նա նշել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում:
Զրույցի ընթացքում, անդրադառնալով ռուս-թուրքական լարված հարաբերություններին, Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը պատմականորեն սերտ կապեր է պահպանում երկու երկրների հետ, ափսոսանք է հայտնել ու նշել, թե անհանգստացած է այդ լարվածության պատճառով:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ամեն ջանք կգործադրի Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած լարվածությունը նվազեցնելու ու թուլացնելու համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր, կարծիքներ են փոխանակվել TANAP, TAP, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերի շուրջ: