«Սու-24»-ի վրա հարձակման գործում Էրդողանի որդու մատը խա՞ռն է
Թուրքական կործանիչը ոչնչացրել է ռուսական «Սու-24» ինքնաթիռն ի պատասխան Սիրիայից Թուրքիա ուղևորվող ԴԱԻՇ-ի նավթատարներին հասցված հարվածների, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին:
Սիրիացի նախարարը նշել է, որ նավթը մատակարարվելու էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն պատկանող ընկերությանը:
«Թուրքիան սկսեց նյարդայնանալ, երբ Ռուսաստանն սկսեց հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի ենթակառուցվածքներին ու արդեն իսկ ոչնչացրել է նավթով լի ավելի քան 500 բեռնատար: Դա ազդեց Էրդողանի ու նրա ընկերությունների նյարդերի վրա»,- հայտնել է Օմրան Ազ-Զոուբին:
Ընդ որում՝ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայից դուրս է բերում ոչ միայն նավթ, այլև հացահատիկ ու պատմական արժեք ունեցող ցուցանմուշներ:
Սիրիացի նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի այն պնդումները, թե զգուշացրել է ռուսական ինքնաթիռին Թուրքիայի օդային տիրույթը հատելու մասին, «սուտ են», հայտնում է RT-ն: