Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին գործող համակարգով ԱԺ-ում մեծամասնություն ունենալ

«Ո՞վ կարող է ինձ ասել, թե գործող համակարգում ինչն է խանգարում նույն քաղաքական՝ Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի վերարտադրմանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով առաջ քաշված այն տեսակետին, որ սահմանադրական փոփոխություններով իշխանությունները վերարտադրման նպատակ են հետապնդում:

Նրա խոսքով՝ այդ կարգի դատողությունները հենվում են մեկ բանի վրա՝ Հանրապետական կուսակցությունն ունենալու է մեծամասնություն կամ ցանկացած գնով հասնելու է մեծամասնության Ազգային ժողովում: Նա նշեց, որ համաձայն չէ այդ դիտարկումների հետ՝ ասելով. «Եթե իրենք ունեն այդ համոզումը, որ Հանրապետականը մեծամասնություն է ունենալու, ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին այս գործող համակարգով Ազգային ժողովում մեծամասնություն ունենալ, դառնալ վարչապետ և որևէ մեկին էլ 2018թ. (անունները դուք թվարկեք, եթե ուզում եք, եթե իրենք այդքան վստահ են, որ նրանք մեծամասնություն են ունենալու) դարձնել նախագահ և էլի ամբողջ իշխանությունը պահել իր ձեռքում»:

Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային հայտարարել է, որ խորհրդարանական համակարգի պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին: «Ոչ հրապարակային, բայց հայտարարել է (և այդ մասին բոլորդ գիտեք), որ նաև չի հավակնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: Գիտեք՝ ցավն այն է, որ մեր ընդդիմախոսները, նույն ձեր թվարկած շրջանակները, 2 ամիս առաջ ասում էին՝ նա անպայման դառնալու է ԱԺ նախագահ: Հետո, երբ տեսան դա հնարավոր չէ, փոխեցին, սկսեցին ուրիշ փաստարկներ բերել: Փաստարկների պակասն արդեն ինքնին խոսում է բովանդակային ոչ պատրաստվածության մասին»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հարցին՝ արդյոք վստա՞հ եք՝ հնարավոր չէ՞, որ Սերժ Սարգսյանը դառնա ԱԺ նախագահ, Աղվան Վարդանյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. համամասնական ընտրակարգով: Ես համոզված եմ և ամեն ինչ պիտի անել, որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չունենա: Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են 2018թ.: Կա մի տարբերակ, որն ավելի շուտ աբսուրդի ժանրից է՝ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում իր անունը գրի 200-րդը, ընտրություններն ավարտվեն, կրկնում եմ՝ համամասնական ընտրությունները, 150-160 հոգի 2018թ. հետո ցուցակից դուրս գա և նա դառնա պատգամավոր»:

Կարդացեք նաև

Ա.Վարդանյանի համոզմամբ՝ դա անհնար է:

Անդրադառնալով այն փաստարկին, որ սահմանադրական փոփոխությունների կատարումից հետո երկիրը դառնալու է կուսակցապետություն, լինելու է միակուսակցական համակարգ, Աղվան Վարդանյանն ասաց. «Այսօր՝ 21-րդ դարի 2-րդ տասնամյակում, երբ մենք միջազգային հանրության մաս ենք, բազմաթիվ միջազգային կառույցների անդամ ենք, խոսել կուսակցապետության մասին, միակուսակցական համակարգի մասին, ես լուրջ չեմ ընդունում, որովհետև դա հնարավոր էր խորհրդային միությունում, որտեղ կար Սահմանադրության 6-րդ հոդված, որն այլ կուսակցություններն ուղղակի արգելում էր: Գիտեք՝ և տերմիններ են ասում՝ հավերժ ղեկավարելու…:

«Հավերժ» բառի իմաստը գոնե ճիշտ հասկացեք: Հավերժական բան չկա այս երկրի վրա, ամեն մարդ մահկանացու է»:

Աղվան Վարդանյանը չբացառեց, որ փոփոխություններում քաղաքական մեծամասնությունն իր շահն է հետապնդում: Նա նշեց, որ գործող Սահմանադրությունը սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու իրավունք տալիս է երկու սուբյեկտի՝ Հանրապետության նախագահին և Ազգային ժողովի մեծամասնությանը, այլ տարբերակ չկա: «Նոր Սահմանադրությունը նաև նախատեսում է նորմ՝ բնակչությանը, ժողովրդին այդ հնարավորությունը տալու մասին՝ և օրենքներ ներկայացնելու, և սահմանադրության փոփոխություններ անելու, ինչն անմիջական ժղովրդավարության կարևորագույն ինստիտուտ է:

Ասեմ ավելին՝ ես չգիտեմ որևէ կուսակցություն, որևէ քաղաքական ուժ, որը, լինելով իշխանություն, հանկարծ հաջորդ ընտրություններից առաջ ասի՝ չէ, բավական է՝ ես իշխանություն լինեմ, հիմա ես ուզում եմ փոքրամասնություն լինել, մի քիչ էլ ընդդիմության դաշտում աշխատել: Բացառված է: Աշխարհի որևէ երկրում նման բան բացառված է, և բնական է, որ ցանկացած ուժ դա անում է: Բայց գալիս է հաջորդ խնդիրը: Հրաշալի հասկանալով մեր այսօրվա իրողությունները, մեր այսօրվա դժվարությունները, նաև կառավարման այս համակարգի բերած պրոբլեմները՝ իշխող քաղաքական ուժը կամ նրա մի մասը կամ նրա ղեկավարության մի մասը (շատ բազմաշերտ ու բազմազան է իշխող քաղաքական կուսակցությունը) գիտակցում է, որ ամբողջը չկորցնելու համար պետք է մի մասը զիջես, պետք է մի մասը կորցնես»:

Տեսանյութեր

Լրահոս