«Նոր Սահմանադրությունն ընդդիմությանը տալիս է գործուն այնպիսի լծակներ, որոնց մասին ցանկացած ընդդիմադիր ուժ կերազեր». Աղվան Վարդանյան

«Դաշնակցության համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն: Մենք 20 և ավելի տարիներ շարունակաբար պնդել ենք, որ Հայաստանի կառավարման լավագույն մոդելը խորհրդարանականն է, ոչ նախագահականը, ոչ կիսանախագահականը, և մեր համոզումները պայմանավորված են նաև վերջին 2 տարիների ընթացքում կուսակցության կատարած հսկայական աշխատանքով այս Սահմանադրության ստեղծման, ձևավորման, հայեցակարգերի մշակման, և այնուհետև՝ բուն տեքստի աշխատանքների վրա: Ես բազմիցս ասել եմ, որ մեր հիմնավորումները փաստարկված են, մեր հիմնավորումներն ունեն փորձառություն և ավանդույթ: Մեր հիմնավորումները բխում են նաև այսօրվա մեր իրականությունից, այսօրվա գործող համակարգի բերած արատներից, թերություններից, բացերից, որոնց մասին դժվար եմ պատկերացնում, որ իշխող քաղաքական ուժը պիտի շատ հրապարակային, բաց, անկեղծ խոսեր, և այս առումով մենք իրոք խորագույն համոզումով ենք պաշտպանում այս Սահմանադրությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին:

Հարցին, թե փոփոխությունների նախագծում ՀՅԴ քանի՞ առաջարկ է հաշվի առնվել, և նախագծի մշակմանը քանի՞ տոկոս է կազմում իրենց մասնակցությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ Սահմանադրությունը հսկայածավալ փաստաթուղթ է՝ իրավաբանական, քաղաքական, մասնագիտական:

«Առաջին ամենակարևորը բնույթն է, ամբողջ նոր Սահմանադրության էությունն է, որը համապատասխանում է պատկերացումներին, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ: Սա արդեն շատ բան ասում է: Եթե մի փոքր ավելի մանրամասնենք, հաջորդը համամասնական ընտրակարգի ամրագրումն է նոր Սահմանադրության մեջ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգ: Այսօր քաղաքական դաշտում գտնվող ընդդիմադիր բոլոր ուժերի՝ տարիների, տասնամյակների կռիվը, պայքարը, համոզումը, որ պետք է լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ:

Երրորդ կարևորագույն բաղադրիչն ընդդիմության դերակատարությունն է պետական համակարգում: Մեր այսօրվա գործող համակարգը, փաստորեն, ունի մի էական թերություն (ոչ թե ընդդիմության կամ իշխանության համար, այլ ընդհանրապես պետության կառավարման առումով). եթե որևէ քաղաքական ուժ մեծամասնություն ունի, ապա, ասենք, 51, 52 տոկոս է հավաքել, 47-48 տոկոս հավաքած ուժերն ամբողջովին դուրս են մնում, զրկվում են պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից:

Սա անառողջ սիստեմ է, սա առճակատման, թշնամանքի, միմյանց հանդեպ չարության մթնոլորտ է ստեղծում: Մենք մշտապես հայտարարել ենք, որ մենք Հայաստանում թշնամիներ չունենք, մենք որևէ մեկին չենք վերաբերվում՝ իբրև թշնամի: Մեր նպատակը քննադատելը, հայհոյելը, բողոքելը, դժգոհելը, ամբոխահաճո բաներ ասելը և դրանով դիվիդենտներ շահելը երբեք չի եղել:

Մեր նպատակն է եղել՝ ունենալ այնպիսի պետություն, որտեղ բոլորը կարող են ունենալ իրենց տեղը և միմյանց լրացնելով, բանակցելով, բանավիճելով, կոմպրոմիսների գալով՝ գտնել լավագույն լուծումները: Նոր Սահմանադրությունը, որը մեր առաջնահերթությունների հիմնական դրույթներից մեկն էր, ընդդիմությանը տալիս է գործուն այնպիսի լծակներ, որոնց մասին ցանկացած ընդդիմադիր ուժ կերազեր»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ ստացվել է իրավիճակ, որ նրանք, ովքեր «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, ուզեն թե չուզեն, «այո» են ասում գործող

Սահմանադրությանը, որին իրենք 2005թ. «ոչ» են ասել, և այդպիսով ստեղծվում է տարօրինակ իրավիճակ:

Աղվան Վարդանյանը նաև ասաց, որ Հայաստանում չգիտի այնպիսի մարդ, գուցե մի քանիսին կամ մի քանի տասնյակի հաշվի չառած, ովքեր փոփոխություններ չեն ցանկանում և չեն պահանջում, ովքեր գոհ են այս վիճակից:

«Դաշնակցության պատկերացմամբ՝ փոփոխությունները պետք է համակարգային, խորքային, բովանդակային լինեն, ոչ թե անձերի փոփոխություն: Անձերի փոփոխությունը որևէ բան չի տալու: Եվ այս առումով բնական է Դաշնակցության այսքան իսկապես համոզումով, հետևողականորեն, եթե կուզեք՝ կրքոտ, եթե կուզեք՝ հոգին ի բուռն պաշտպանելն այս Սահմանադրությունը»,- ավելացրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս