Ինչպե՞ս կարելի է որոշել` աղոթքը լսելի՞ է, թե՞ ոչ, ո՞րն է աղոթքի լսելիության չափանիշը
– Ինչպե՞ս կարելի է որոշել` աղոթքը լսելի՞ է, թե՞ ոչ: Ո՞րն է աղոթքի լսելիության չափանիշը:
– Աստծուց նյութական բարիքներ պետք չէ խնդրել, այլ աղոթքի մեջ լինել չափավոր և խնդրել այն բաները, որոնք հնարավոր են: Օրինակ, եթե ես Նրանից շատ փող խնդրեմ լավ ապրելու համար, դա կարող է և լսելի չլինի: Կամ, եթե առողջական ծանր վիճակում եմ և մահն անխուսափելի է, իմ աղոթքը երկարատև կյանքի խնդրանքով հնարավոր է չլսվի: Եթե հիվանդ մարդն աղոթքով խնդրի Աստծուն` պահել իրեն այնպիսի վիճակում, որ նա առօրյա կյանքում ուրիշի օգնության կարիքը չունենա, ինքը հոգա իր հոգսերը, դիմանա ցավերին, այդ աղոթքը լսելի կլինի: Ամեն դեպքում, նախ և առաջ պետք է խնդրել Աստծու արքայությունն ու Նրա բարի կամքը (տես՝ Մատթ. 6: 10, 33). նման աղոթքը միշտ էլ լսելի է: Հաճախ հուսահատության պահեր ենք ունենում, բայց չպետք է հուսահատվել և հրաժարվել աղոթքից, այլ` միշտ աղոթել:
Ինչպես Ղուկասի 18-րդ գլխում է գրված` այրի կինը գնում է դատավորի մոտ և միշտ, Աստծուն աղոթելով, մի բան է խնդրում: Այդ դատավորն անգութ մարդ էր և Աստծուց ու մարդկանցից չէր վախենում, բայց ի վերջո լսում է այրիին` ասելով, որ կինը ձանձրացնում է իրեն, և կատարում է նրա խնդրածը: Մենք էլ այդ այրիին պետք է նմանվենք մշտապես աղոթելով:
Օրհնությամբ՝ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյան
qahana.am