Ինչպե՞ս աղոթել, որպեսզի աղոթքը լսելի լինի
– Ինչպե՞ս աղոթել, որպեսզի աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ աղոթքին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց:
– Ճշմարիտ աղոթքը միություն է Աստծո հետ: Աղոթքն այն կապն է, որով մարդը միանում է իր Արարչին, սրտակից զրույց ունենում Նրա հետ, հոգով բարձրանում դեպի Աստված և մտերմանում Նրա հետ: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր աղոթքի հիմքում ընկած լինի անկեղծ հավատը: Մարդն աղոթքով կանգնում է Աստծո առաջ և իր ողջ էությունը միացնում Տիրոջ կամքին, որպեսզի սրտից ճշմարիտ աղոթք բխի: Աղոթքն իր բովանդակությամբ փառաբանություն, օրհնություն և գոհաբանություն է առ Աստված: «Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6: 33): Լինի աղոթքը փառաբանություն, խնդրանք, բարեխոսություն, թե գոհաբանություն, մշտապես պետք է Աստծո կամքին միացած սրտից բխի, և այդ ժամանակ աղոթքը հրաշքներ կգործի, ինչպես հայտնում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենու պատահածը, այլ թեկուզ և լեռանն ասեք` ելի´ր ու ծովն ընկիր, այն կկատարվի» (Մատթ. 21: 21):
Սա է պատճառը, որ դեռ աղոթքը մարդու բերանից դուրս չեկած, Աստված լսում է նրան, որովհետև նրա սրտին է նայում և ոչ թե խոսքին: Ճշմարիտ աղոթքը պայծառացնում է մարդու և´ արտաքինը, և´ ներքինը: Աղոթքն Աստծո կողմից չի լսվում միայն այն ժամանակ, երբ մարդը հավատով և արդարասիրությամբ չի խնդրում, այլ միայն ես-ի համար է աղոթում, և չի հավատում, թե կստանա, այլ երկմտելով` հույսը դնում է Աստծո վրա: «Միայն թե նա հավատո´վ թող խնդրի և թող չերկմտի, որովհետև, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքներին» (Հակ. 1: 6):
Ամեն անգամ, երբ մարդն աղոթում է և չի ստանում իր խնդրածը, պետք է լավ հիշի առաքյալի խոսքը, թե. «Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին» (Հակ. 4: 3): Աստված երբեմն հետաձգում է կատարումը նաև մեկ ուրիշ` լավագույն նպատակի համար, օրինակ` մեզ ուժեղացնելու, փորձելու, մեր հավատը զորացնելու և մեզ անհայտ այլ նպատակներով, կամ կատարում է ավելի գեղեցիկ կերպով, քան մենք ցանկացել ենք, միայն թե մեր կարճատես աչքը երբեմն չի տեսնում դա, այլ կամենում է իր ուզածը տեսնել: «Աղոթքներն են, որ մարդկանց բարձրացնում են Աստծո մոտ և Աստծուն իջեցնում մարդկանց մոտ»,- ասում է Ս. Ներսես Շնորհալին:
Ճշմարիտ աղոթքի անհրաժեշտ պայմաններից է, որ այն կատարվի կենտրոնացված մտքով, ուշադիր կեցվածքով և հոգեկան ողջ տրամադրվածությամբ և ոչ թե իբրև պարտականություն և մեքենայական արարք: Այդ պատճառով աղոթքի ժամանակ անթույլատրելի են այլ մտքեր, զգացումներ և արարքներ, քանի որ ճշմարիտ աղոթողի ողջ էությունը, հոգեկան աշխարհը և անձը պետք է աղոթքի մեջ լինեն: Շատ կարևոր է վստահությամբ և խոնարհությամբ աղոթելը: Աղոթքը պետք է նաև հարատև լինի: Եթե այն բացառիկ երևույթ է մարդու կյանքում, ապա դա աղոթք չէ: Աղոթքը պետք է լինի տևական, մնայուն, քանզի. «Ամեն ժամ պետք է աղոթել և չձանձրանալ» (Ղուկ. 18: 1): Ինչպես կերակուրն է մարմնի համար կենսական, այնպես էլ աղոթքն է հոգու համար կենսական անհրաժեշտություն: Աղոթքը թույլ է տալիս առժամանակ հեռանալ աշխարհիկ հոգսերից, հոգևոր ճշմարտությամբ նորոգվել և զորանալ:
Ճշմարիտ աղոթքի առաջին քայլը ապաշխարությունն է, որով հայցում ենք Տիրոջ օգնությունը, Նրա գթությունն ու ողորմածությունը, որպեսզի Աստծո տաճար և բնակարան դառնանք: Ձգտելով քավել մեր մեղքերը, կամենում ենք Սուրբ Հոգու ընդունարան դառնալ, որպեսզի ընկալունակ լինենք այն շնորհներին, որ պիտի խնդրենք Աստծուց` մեր կյանքի հաջողության և բարելավության համար, որովհետև շնորհները չեն կարող իջնել մեղավոր հոգու վրա: Ճշմարիտ աղոթքը միություն է Աստծո հետ, որքան սերտ է այդ միությունը, որքան անկեղծ ենք Աստծո հետ, այդքան շուտ է իրականանում մեր խնդրանքը:
Մեր աղոթքի հաստատությունը Քրիստոս Ինքն է, Նրա աստվածամարդկային ճշմարիտ միությունից է բխում Նրա կամքի անշեղ կատարումը, հետևաբար, եթե մենք էլ կարողանանք մեր հավատի միջոցով հոգով միանալ Աստծուն, և անշուշտ, ամեն խնդիր կհարթվի:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am