Բաժիններ՝

«Հասարակությունը պատրաստ է փող տալ, որպեսզի իրենց երեխաները չսովորեն». Կարեն Վարդանյան

Այսօր Դիլիջանում մեկնարկեց Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե որոնք են լինելու հիմնական թիրախները, ասաց, որ հիմնական շեշտադրումները չորսն են.

«Իհարկե, առաջին հերթին՝ դա կրթությունն է, երկրորդը՝ ձեռներեցությունը, երրորդը՝ Հայաստանի ներկայանալը դրսում, այսինքն՝ մենք պետք է պատասխան տանք՝ «ինչո՞ւ Հայաստանը» հարցին: Չորրորդը, որը հորիզոնական կապում է այդ ամեն ինչը, ոլորտի և  պետության համագործակցությունն է. ոլորտի և պետության համագործակցություն երկու առումով՝ ինչքանո՞վ է պետությունն օգտագործում տեղական նորարարական ռեսուրսներն իր առօրյայում՝ նկատի ունեմ պետության կառավարման գործում՝ ինչքանո՞վ է օգտագործում պաշտպանության բնագավառում, ինչքանո՞վ է օգտագործում ընդհանուր պետական անվտանգության առումով: Այս չորս հիմնական խնդիրներն են»:

Նա նշեց, որ ցանկանում են եղած փորձը քննարկման դնել և ստանալ հարցի պատասխանը՝ ո՞ր կետի լուծման դեպքում էականորեն կհեշտանան մյուսների լուծումները: «Այս առումով մենք կներկայացնենք մեր փորձը և պատկերացումները կրթական ոլորտում, որտեղ արդեն որոշ բաներ արել ենք, մասնավորապես՝ ինժեներական կրթության մի մասը սկսել ենք տեղափոխել դեպի դպրոցներ: Արդեն մինչև տարեվերջ մոտ հարյուր դպրոցում մենք կունենանք ինժեներական և ռոբոտաշինության խմբակներ:

Դրան զուգահեռ՝ կազմակերպում ենք էլեկտրոնային առցանց կրթություն, որովհետև ես համոզված եմ, որ տասը տարի հետո մեր որևէ համալսարան այս տեսքով էլ գոյություն չի ունենալու, և, եթե սովորական կրթություն, ինֆորմացիա ստանալու խնդիրն է, ապա առցանց կրթությունը դա ամբողջությամբ ապահովելու է:

Կարդացեք նաև

Եվ համալսարանները կանգնած են մարտահրավերի առաջ՝ կամ նրանք վերափոխվում են, դառնում են գիտահետազոտական կենտրոններ, կամ վերանում են, որովհետև այսօր ավելի շատ կաշառակերության բուն են դարձել, քան թե ռեալ կրթության, և ավելի շատ խրախուսվում է չսովորելը: Այսինքն՝ դա գալիս է ոչ միայն՝ համալսարանից, այլ նաև՝ ծնողներից. հասարակությունը պատրաստ է փող տալ, որպեսզի իրենց երեխաները չսովորեն»:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ կանգնած ենք մարտահրավերի առաջ՝ ինչպես անել, որ համալսարաններում ուժեղանա գիտահետազոտական հատվածը, որպեսզի աշխարհում մրցունակ լինենք: «Մյուս խնդիրն էլի կապված է մշակույթի հետ՝ ինչպես անենք, որ մեր երիտասարդներն ավելի համարձակ, ավելի խիզախ, ավելի ձեռներեց լինեն և գնան դեպի ձեռներեցություն: Այսինքն՝ լինեն ավելի ուշիմ, տեսնեն խնդիրներն իրենց երկրում և փորձեն ինովացիոն ճանապարհով այդ խնդիրները լուծել և այդ խնդիրներն այդպես լուծելու փորձ ձեռք բերելով՝ նմանատիպ լուծումներն աշխարհին առաջարկեն:

Սա էլ կարևորագույն հատված է, և այստեղ ենթակառուցվածքների խնդիր կա, և ամբողջ աշխարհում այդ ենթակառուցվածքները նախևառաջ՝ պետությունն է առաջնորդում: Օրինակ՝ Իսրայելի փորձը՝ ռազմական ինկուբատորները, երբ մարդիկ, ծառայելով բանակում, անվտանգության խնդիրներ են լուծում, երեք տարի հետո դուրս են գալիս խաղաղ կյանք և այդ նույն գիտելիքներով ամբողջ աշխարհով մեկ լուծումներ են առաջարկում»,- ասաց նա՝ նշելով, որ հաջորդ խնդիրն «ինչո՞ւ Հայաստանը» հարցի պատասխանը ներկայացնելն է.

«Մենք եկանք հետևյալ բանաձևի, որ Հայաստանը պետք է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում և ինովացիոն ոլորտում ներկայանա՝ որպես որակ տվող, ստեղծագործական երկիր, և մեր ամենակարևոր հատկանիշն ադապտացիան է: Փորձը ցույց է տալիս, որ հայ տեխնոլոգները, ինժեներները շատ արագ ադապտացվում են ոչ միայն՝ տեխնոլոգիաներին, որոնք արագ փոխվում են, այլ նաև՝ մշակույթներին, որոնց հետ աշխատում են: Այսինքն՝ այսօր մեր ըներությունը կարող է աշխատել՝ Հնդկաստանի, վաղը՝ Բելգիայի, մյուս օրը՝ Միացյալ Նահանգների  հետ, և նույն հաջողությամբ, շատ արագ ադապտացվի այդ մշակույթի դեմ: Դա մեր պատմական առավելությունն է, որ մենք շփվել ենք տարբեր մշակույթների հետ, և այսօր պետք է ավելի հղկենք այդ առավելությունը, հասկանանք, որ դա առավելություն է, և ամբողջության օգտագործենք: Այս ամբողջ համալիրը մենք անվանում ենք surprising engineering՝ հաճելիորեն զարմացնող ինժեներական լուծումներ, այսինքն՝ մեզ հետ աշխատողը, օտարերկրացին պետք է միշտ ավելին ստանա, քան սպասում է, և սա պետք է լինի կարծես Հայաստանի բրենդը»:

Հարցին՝ կա՞ պետությունից պահանջվող քայլերի ցանկ, Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, մեր օրակարգը պետության հետ մնացել է նույնը, որևէ փոփոխություն չկա: Մենք առաջարկում ենք բոլոր դպրոցներում ինժեներական խմբակներ ստեղծել, առայժմ որևէ արձագանք չունենք»: Նա նշեց, որ հարյուր դպրոցներում իրենք խմբակներ ստեղծել են առանց պետության, պետությունը խմբակավարների աշխատավարձն է տալիս. «Էլի կշարունակենք մեր ուժերով, բայց եթե պետությունը միանա, ապա մենք 3-4 տարի հետո պետությանը հավելյալ կվերադարձնենք 15 հազար աշխատատեղ:

Ցավոք սրտի, բոլորը խոսում են աշխատատեղի մասին, բայց մենք ռեալ ծրագիր ենք ներկայացնում և ցույց ենք տալիս, որ կարողանում ենք դա անել, և պատրաստ ենք ստեղծել այդ 15 հազար աշխատատեղը, ընդ որում, ոչ թե Երևանում, այլ շրջաններում՝ ընդ որում, շրջաններ և գյուղեր տանելով IT ընկերություններ»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում կառավարության և պետության ջանքերը, և արդյո՞ք դրանք համապատասխանում են ռազմավարական ճյուղի հռչակմանը, նա պատասխանեց, որ ջանքեր կան, չի կարելի ասել՝ պետությունը ջանք չի գործադրում. «Ուղղակի դրանք ադեկվատ չեն մեր խնդիրներին: Այսինքն՝ եթե այդ ջանքերն իսկապես ավելի ծավալուն լինեին, մենք շատ ավելի մեծ հաջողություններ կստանայինք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս