Բաժիններ՝

Բաղրամյանական պայքարի օրերը «#electricyerevan 2015» լուսանկարների բացառիկ ցուցահանդեսում

Երեկ տեղի ունեցավ «#electricyerevan 2015» լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին «Ֆոտոլուր» գործակալության 4 լուսանկարիչների կողմից արված 70-ից ավել լուսանկար: Ցուցահանդեսը ներկայացնում էր հասարակական մեծ հնչեղություն ստացած հունիսի 22-ից մինչև հուլիսի 6-ը էլեկտրոէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերը:

168.am-ի հետ զրույցում լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանը, ում լուսանկարները ևս ներկայացված էին ցուցահանդեսի շրջանակներում պատմեց, որ #electricyerevan-ի առաջին օրվանից մինչև վերջին պահը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչները ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատել են Բաղրամյան պողոտայում. «Այնպես չէր, որ մեզ հեշտ էր աշխատել այդ օրերին, հատկապես ակցիայի առաջին օրը, բայց հետաքրքիր աշխատանք էր, որովհետև երկու շաբաթ տևած բողոքի ակցիայի յուրաքանչյուր օրը բոլորովին տարբերվում էր նախորդից: Մենք բազմաթիվ լուսանկարներ արեցինք, որոնցից միայն մի քանիսն ենք այսօր ցուցադրում այստեղ»:

Meliq«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ անդրադարձ է կատարում մի երևույթի. «Եթե այստեղ՝ Երևանում, կհիշեք ևս մեկ ցուցահանդես, որ ներկայացրել է միայն մի իրադարձություն, ապա ինձ էլ հիշեցրեք, որովհետև ես չեն հիշում նման բան»: 168.am-ի հարցին՝ այդյոք այդ օրերին արված ու այսօր ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված լուսանկարներից որևէ մեկն արժանացա՞վ համաշխարհային լրատվամիջոցների քննարկմանը՝ «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը պատասխանեց.

«Այն լուսանկարը, որ դուք տեսնում եք սրահի մեջտեղում և, որը նաև Էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրային բողոքի օրերին դարձավ այդ պայքարի խորհրդանիշը, պարզվում է՝ 4 օր շարունակ եղել է «Ռոյթեր» լրատվական գործակալության թոփ լուսանկարը: Ինձ այդ մասին զանգով հաղորդեցին. երբ բացում էինք այդ հեղինակավոր գործակալության կայքը, հենց առաջին էջում օրեր շարունակ Վահրամ Բաղդասարյանի հեղինակած այս լուսանկարն էր: Այդ օրերին մեր խմբագրությունն աշխարհի տարբեր երկրներում գործող մեր կոլեգաներից շնորհավորանքներ էր ստանում, հենց այս լուսանկարի հաջողությունների համար»:

Կարդացեք նաև

electricyerevan

«#electricyerevan 2015» լուսանկարների ցուցահանդեսի բացմանն առաջին անգամ ցուցադրվեց «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի կողից պատրաստված «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական տեսաֆիլմը, որը 30 րոպե տևողությամբ անդրադարձ էր Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ Ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամաբ խաղաղ ցույցը ցրելու և լրագրողների աշխատանքին խոչընդոտելու հետ կապված հայտնի դեպքերին:

168.am-ի հետ զրույցում ֆիլմի համահեղինակ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ղեկավար Սեդա Մուրադյանը պատմեց, որ ֆիլմում ընդգրկվել են 20-ից ավել հարցազրույցներ՝ Ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և դեպքի վայրում աշխատած լրագրողների հետ.

«Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ծավալված դեպքերը գլոբալ նշանակություն ունեին և այդ իրադարձությունների կոնտեքստում իմ ուշադրությունը գրավեց մասնավորապես լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններն ու մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքերը: Այս ֆիլմը միայն այդ օրվա իրադարձությունների ամփոփումն է և ներառում է իր մեջ ականատեսների, ակտիվիստների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների ու իրավապաշտպանների գնահատականը դեպքերի նմանօրինակ զարգացման վերաբերյալ: Ֆիլմում օգտագործվել են մեծ թվով արխիվային կադրեր, ՀՀ ոստիկանապետի դեպքերի առնչությամբ ավելի վաղ տված հարցազրույցները, և առհասարակ փորձ ենք արել հնարավորինս բազմակողմանի ներկայացնել այդ օրվա պատկերը»,- ասաց Սեդա Մուրադյանը:

Տեղեկացնենք, որ «#electricyerevan 2015» լուսանկարների ցուցահանդեսն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական տեսաֆիլմը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 26-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս