«Տնտեսության մեջ հեղափոխական վճիռներ պետք է կայացվեն». Բագրատ Ասատրյանը 2016 թվականի բյուջեի տակ ականներ է տեսնում
«Շատ բան չկա ասելու, բոլորն էլ տեսնում են, որ այս բյուջեն արտացոլում է բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2016 թվականի բյուջեի նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա՝ ինչպես նախորդ տարիներին է եղել, այս տարի նույնպես ական է դրվում մեր բյուջեի տակ: Նրա գնահատմամբ՝ բավականին տխուր է պատկերը, առաջին անգամ մեր պրակտիկայում կանխատեսվում է եկամուտների անկում:
«Սա արտացոլում է այն իրական զարգացումները, որոնք կան մեր իրականության մեջ: Բյուջեի մասին շատ բան չեմ կարող ասել»,- նշեց Բ. Ասատրյանը:
Ըստ նրա՝ հեքիաթներ են, որ այս բյուջեն սոցիալական է, քանի որ բյուջեում սոցիալական ծախսերը շատ քիչ են ավելացել. «Չի նախատեսվում կենսթոշակների բարձրացում: Մեր բնակչության վիճակը վատանում է, իշխանությունը գնում է աղքատության մակարդակի բարձրացման: Աղքատությունը կհասնի 35-36 տոկոսի: Շարունակվելու է աղքատացման միտումը: Տարածաշրջանում Հայաստանը էլի կմնա ամենաաղքատ երկիրը»:
Հարցին՝ սա անխուսափելի՞ էր՝ հաշվի առնելով, որ ասում են՝ այս կառավարությանը վատ ժառանգություն է մնացել նախորդ կառավարությունից, տնտեսագետը պատասխանեց, որ դա անխուսափելի չէր. «Ժառանգությունը ստեղծվում է ճիշտ այնպես, ինչպես ստեղծում են: Սա պարզ հետևանքն է այն համակարգի, որը ստեղծել է մենաշնորհներ, կոռուպցիա… ՀՀ-ն մի համակարգ է, որտեղ այս երևույթներն են: Կա իշխող ուժ, որն ինչ անի՝ ճիշտ է դուրս գալու, ու մի հատ էլ այս պահին Սահմանադրություն են փոխում: Հեղափոխական վճիռներ պետք է կայացվեն այս ամենից ազատվելու համար»: