«Վոժդերի» և «հետևորդների» կոչերը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Սահմանադրական հանրաքվեից առաջ ի հայտ են գալիս մի քանի տասնյակ գրանցված եւ չգրանցված կուսակցություններ, մի քանի հարյուր հասարակական կազմակերպություններ, որոնց անունները մենք չենք լսել վերջին մի քանի տարվա ընթացքում. նրանք կոչ են անում «այո» կամ «ոչ» ասել Սահմանադրության նախագծին:

Բնական է, հանրաքվեն լավ առիթ է` սեփական գոյության մասին հիշեցնելու` մինչեւ 2017 թվականի գարունը այդպիսի հնարավորություն այլեւս չի լինելու: Հատկանշական է, որ կոչեր են անում մարդիկ, որոնք ներկայանում են որպես «կուսակցության նախագահ»` չկա փոխնախագահ կամ «քաղխորհրդի անդամ», առավել եւս չկան շարքային անդամներ: (Դա մի քիչ նման է նրան, որ քաղաքական կամ հասարակական հավակնություններ ունեցող ազատամարտիկները սովորաբար ներկայանում են որպես «ջոկատի հրամանատար», նման մարդկանց մեջ զինվորներ կարծես թե չկան):

Ոչ ոք չի ասում` «ես` Պողոս Պողոսյանս», կամ «ես` Պետրոս Պետրոսյանս այս հարցի մասին այս բանն եմ մտածում»: Գերադասելի է համարվում ասել, որ «իմ կուսակցությունը կոչ է անում այս կամ այն բանն անել»: Դա ունի երկու «առավելություն». նախ՝ դու ոչ թե պարզապես քո կարծիքն ես հայտնում, այլ «կոչեր» ես հնչեցնում:

Հետեւաբար դու ոչ թե սովորական մարդ ես, այլ «գործիչ» ես: Երկրորդ՝ դու «վոժդ» ես եւ ունես հետեւորդներ, ադեպտներ: Ես մտածում եմ՝ ինչու են մարդիկ սովորաբար կուսակցություններ եւ զանազան այլ խմբեր ստեղծում: Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ (մի զարմացեք) նրանք իրենց վրա վստահ չեն: Նրանք մտավախություն ունեն, որ իրենց խոսքերը կամ գործողություններն այնքան էլ համոզիչ չեն լինի ուրիշների համար, իսկ այդ տիպի մարդկանց համար չափազանց կարեւոր է, թե ով ինչպես է իրենց ընկալելու: Իսկ ահա, երբ դու ունես իրական կամ երեւակայական հետեւորդներ, նշանակում է՝ քո ամեն մի միտք կամ շարժում «իմաստավորվում» է, դու կարողացել ես «տիրել» ուրիշների ուղեղներին, հետեւաբար ինքդ ինչ-որ բան արժես»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս