Էդմոն Մարուքյանն առաջարկում է պատժել ՀՀ ինքնիշխանությանը դեմ արտահայտվողներին. գործընկերները դեմ են

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, իսկ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրինագիծը՝ Է.Մարուքյանը նշեց, որ ՀՀ ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ, նման գործողություններն ուղղակիորեն խախտում են Սահմանադրությունը և ուղղված են հայ ժողովրդի կամքի դեմ, որն արտահայտվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով: Է.Մարուքյանի խոսքով՝ նման պրակտիկա գործում է Լեհաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, իսկ Հայաստանի նման նորանկախ երկրում առավել կարևոր է դրա կիրառությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ դա ԽՍՀՄ կարգերից եկած պրակտիկա է և սահմանափակում է խոսքի ազատությունն ու ընդլայնում 301 հոդվածը: Գ.Ջհանգիրյանը հիշեցրեց տարիներ առաջ գխավոր դատախազի կողմից 4 պատգամավորի կեղծ մեղարդանք առաջադրելու դեպքը: Ըստ նրա՝ այդ մեղադրանքի մեջ քրեաիրավական ոչ մի հիմք չկար, և հետո փոփոխեցին հոդվածները, իբր հիմնավորում են:

«Էսպիսի լղոզած հանցակազմեր, եթե քրեական օրենսգրքում ներկայացնենք, շատ կամային գործողությունների տեղիք կտանք»,- ասաց Գ.Ջհանգիրյանը՝ նկատելով, որ դրա հանելն ամենաորոշակի լուծումն է:

Մատնանշելով օրերս հրապարակված հարցումը, որով իբր ՀՀ քաղաքացիների 54%-ը կողմ է ՌԴ-ին միանալուն, Է.Մարուքյանը հայտարարեց, որ սա նման քարոզչության դեմը կառնի ու պաշտպանի ՀՀ փխրուն անկախությունը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ևս նշեց, որ սա սահմանափակում է մարդու ազատ արտահայտվելու իրավունքը. «Եթե նման օրենք ընդունենք, Ամասիայի, Աշոցքի սաղ ժողովրդին կդատեն»:

«Ոչ թե էդ մարդկանց պետք է դատել, այլ մարդկանց էդ օրը գցողներին պետք է դատեն»,- չհամաձայնեց Մարուքյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի կարծիքով՝ եթե կոչերն ու հայտարարությունները դարձնենք քրեորեն պատժելի, այստեղ շատ ավելի մեծ խնդիր կլինի:

Հանձնաժողվի նախագահ Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ՝ բռնի կոչերի վերաբերյալ օրենսդրությունում դրույթ արդեն կա. «Մեր անկախությունը փխրուն չէ, լուրջ կայացած է և ոչ մեկը չի կարող որևէ բան անել, նույնիսկ բռնի կոչերը: Ըստ էության՝ սա վերաբերում է նրան, որ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ պետք է տանեն պատախանատվության ենթարկեն»:

«Հայաստանում բացեիբաց քարոզ է տարվում երկրի պետականության դեմ: Եթե ՀՀ-ում մի կազմակերպության մտքով անցնում է, թե կարող է հարցում անել ու հարց դնել, թե կո՞ղմ եք անկախության վերացմանն ու ՌԴ-ին միացմանը, դա համադրելի է Ցեղասպանության ժխտման հետ»,- հայտարարեց Մարուքյանը:

Արժանանալով միայն մեկ կողմ ձայնի, օրինագիծը մերժվեց ընգրկել ԱԺ նիստերի օրակարգ:

Տեսանյութեր

Լրահոս