«Եվրոպական արժեհամակարգը լուրջ ճաքեր է տալիս». Մարգարիտ Եսայան
«ԵԽԽՎ-ն արդեն պետք է շատ լրջորեն վերաբերվի այն երկրների պատվիրակների աշխատաոճին, որը վերջին շրջանում նկատելիորեն թուլացնում է ԵԽԽՎ իրական դերն ու նշանակությունը: Եվրոպացի շատ պատգամավորներ արդեն գերագնահատում են իրենց եվրոպական արժեհամակարգը և հենց իրենք դավաճանում են այն արժեհամակարգին, որի շուրջ ձևավորվել է ԵԽԽՎ-ն և ընդհարապես եվրոպական կառույցները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ԵԽԽՎ օրակարգ ներառված «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից» բանաձևը:
Ըստ նրա՝ հենց ԵԽԽՎ ղեկավարությունը պետք է իր անդամ երկրներին կոչ անի ԵԽԽՎ ուղարկել այնպիսի պատգամավորների, որոնք անկաշառ են, դավանում են եվրոպական իրական արժեքների և որոնք ցանկացած իրավիճակում չեն գայթակղվի ո՛չ փողով, ո՛չ ոսկով, ո՛չ նավթով, ո՛չ էլ խավիարով.
«Ցավոք, վերջին տարիներն մենք տեսնում ենք, որ եվրոպական արժեհամակարգը երերում է և, իմ կարծիքով, սրա բացատրություններից մեկն էլ այն է, որ այդ կառույցներում աշխատելու գործուղվում են տարիքն առած, թաշակառու պատգամավորներ, որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն արդեն ավարտել են և գուցե իրենց վերջին հույսն է կապիտալ կուտակելու: Ես սա տխրությամբ եմ ասում, բայց վստահեցնում եմ, որ սա մեծ դերակատարություն ունի, իսկ գիտենք, որ Ադրբեջանը հայտնի է իր կաշառատվությամբ, Ադրբեջանը հայտնի է ոչ մի խաղի կանոն չընդունելու իր սովորույթով և Ադրբեջանի ղեկավարությանը թվում է, թե ամեն ինչ կարելի է գնել: Այս պահին իրենց դա հաջողվում է, կարողանում են նույնիսկ արժեհամակարգ գնել, որը միանշանակ դատապարտելի է, սակայն դա Հայաստանի խնդիրը չէ, ՀՀ պատվիրակությունը, վստահ եմ, հնարավորինն ու անհնարն անում է: Սա առանձին երկրի պատվիրակության խնդիր չի: Խնդիրը հենց Եվրոպայի մեջ է, և այն պատգամավորների, ովքեր գայթակղվում են Ադրբեջանի կողմից և ովքեր վերցնում են կաշառքը»:
Մ.Եսայանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում անուններ հնչեցին, ովքեր կաշառք են վերցնում նման ոչ հայանպաստ բանաձևեր կազմելու և գրելու համար, այդ մասին նաև եվրոպական մամուլն է գրում. «Այստեղ անելիք ունի առաջին հերթին ԵԽԽՎ-ն ու նրա ղեկավարությունը, որ պետք է բռնի կաշառակերների ձեռքը: Սա համաեվրոպական խնդիր է և իրենք պետք է մտածեն, թե այն արժեհամակարգը, որ իրենք քարոզում են, լուրջ ճաքեր է տալիս»:
Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: Դրանում կոչ է արվում «հեռացնել Հայաստանի և այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը» Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: