Արդյոք նախարարությունն իր մեղքի բաժինը զգո՞ւմ է վթարված ավտոբուսի համար

Տուլայի նահանգում Երևան եկող ավոտբուսի վթարի հեևանքով տուժած 12 քաղաքացի դեռևս գտնվում է բժշկական կենտրոններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի, նրանք կտեղափոխվեն այլ բուժհաստատություններ, այս պահին, սակայն, դրա անհրաժեշտությունը չկա: Նա նշեց, որ դեպքի առիթվ հետաքննություն է ընթանում, որի արդյունքներով դեպքը վերլուծության կենթարկվի.

«Նաև մենք հանձնարարություն ունենք համապատասխան առաջարկություններ կատարել ուղևորափոխադրումների ոլորտին վերաբերող օրենսդրության հետ կապված: Շատ շուտով, երբ հետաքննությունն ավարտվի և պարզ դառնա՝ ինչ պատճառներ են եղել, որ դեպքը տեղի է ունեցել, դրանից համապատասխան հետևություններ կարվեն: Կարող եմ նշել, որ այս պահի դրությամբ շրջանառության մեջ է ներօրենսդրություն՝ կապված ուղևորափոխադրումների հետ, որը ենթադրում է մի փոքր ավելի վերահսկողություն այդ գործընթացների հետ կապված»:

Հարցին՝ արդյոք խոսքը պարտադիր լիցենզավորման մասին է, փոխնախարարը պատասխանեց, որ դա մրցույթի արդյունքներով տրամադրվող ուղևորափոխադրում իրականացնելու իրավունք է. «Մենք շարժվել էինք առավել լիբերալ կանոնների հաստատմամբ, բայց (մինչև դեպքը այդ օրենսդրությունը շրջանառվում էր շուրջ կես տարի)գտնում ենք, որ պետք է մի փոքր ուժեղացնել վերահսկողությունը: Սակայն ուզում եմ ասել, որ պետք է համբերել, սպասել հետաքննության արդյունքներին, որպեսզի դրանց վրա հիմնված կատարել հետևություններ»:

Արթուր Առաքելյանի խոսքով, ընկերությունը, որին պատկանում է վթարված ավտոբուսը, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարում: Նրա խոսքով՝ եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ ընկերությունը կամ որևէ այլ պաշտոնյա պետք է պատասխանավության ենթարկվի, ապա դա տեղի կունենա: Նա նշեց, որ ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում անձը վճարում է, նրան տեղափոխում են a կետից b կետը, իսկ կանոնավորի դեպքում առկա է ավտոկայան, համապատասխան ենթակառուցված, ստուգվում են վարորդի բժշկական տվյալները, հաստատված է կանոնավոր չվացուցակ: Հարցին՝ արդյոք նախարարությունն իր մեղքի բաժինը զգո՞ւմ է, որ թույլ է տալիս անկանոն փոխադրումներ իրականացրել, փոխնախարարը պատասխանեց, որ որպեսզի գնահատվի ցանկացածի մեղքի բաժինը, անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե ինչի պատճառով է դեպքը տեղի ունեցել:

Հարցին՝ արդյոք Սուդանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհերի աճյունները կտեղափոխվե՞ն Հայաստան, փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:

Տեսանյութեր

Լրահոս