«Եթե Տիգրանի կյանքին իրոք վտանգ սպառնար, մի՞թե նրա մայրը, հորաքույրը գոռալու են՝ Տիգրան, մի կրակի, թաղեմ բոյդ, ինչո՞ւ ես կրակում»
Վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Վերաքննիչ դատարանը գտել էր, որ դատավարությունն առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, և Ս. Խաչատրյանի օգնականի՝ Զարզանդ Նիկողոսյանի շահերին, նրանց անհրաժեշտ է մասնակից դարձնել և տեղեկացնել գոյություն ունեցող բողոքների վերաբերյալ:
Հայկ Ալումյանն ասաց, որ պահանջում են վերացնել Ավետիք և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և ազատությունների խախտումները, որոնք թույլ են տրվել երեք որոշումներ կայացնելով: Խոսքը Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների մասին է: Հայկ Ալումյանն ու Էմիլ Բուդաղյանն այդ որոշումները վերացնելու պահանջով դիմել էին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը մերժել էր նրանց բողոքները:
Հայկ Ալումյանի խոսքով՝ հակառակ կողմը՝ դատախազն ու քննիչը, կտրականապես առարկում են իրենց փաստարկների դեմ՝ բերելով պատճառաբանություններ, որոնց հետ դժվար է համաձայնել. «Մենք քրեական գործում բազմաթիվ անհամապատասխանություններ ենք ցույց տվել: Այնտեղ գրված է, որ դեպքի վայրի զննությունը տեսագրված է, սակայն գործի մեջ չկա դեպքի վայրի զննության տեսագրությունը: Մենք ասում ենք, որ այդ տեսագրությունը հանվել է գործի միջից: Դատախազն ու քննիչը պնդում են, որ ուղղակի թյուրիմացություն է տեղի ունեցել, քննիչն ուղղակի շփոթմամբ է գրել, որ դեպքի վայրի զննությունը տեսագրվել է: Ես պատկերացնում եմ, որ տեսագրված լինի, բայց շփոթմամբ դրա մասին նշում չարվի: Բայց ես չեմ կարողանում պատկերացնել, որ տեսագրված չլինի, բայց շփոթմամբ քննիչը գրառում անի, որ տեսագրվել է: Այդպիսի շփոթմունքն իմ պատկերացումներից վեր է»: Հայկ Ալումյանի խոսքով՝ հեռախոսային խոսակցությունների էջերը չեն համապատասխանում քրեական գործում արձանագրվածին. «Ասվում է՝ թյուրիմացություն է, մի դեպքում թյուրիմացություն է, մյուսում՝ ևս: Երկու անգամ երկու տարբեր օպերատորների վերծանումները բացակայում են գործի միջից այն քանակով, որ գործում արձանագրված է, որ պետք է լիներ: Երկու դեպքում էլ ասվում է՝ թյուրիմացություն է, բայց տարօրինակ ձևով երկու դեպքում էլ դրանք Սուրիկ Խաչատրյանի՝ երկու տարբեր օպերատորների հեռախոսահամարներն են: Ազգային անվտանգության ծառայությունը գրում է, թե իբր տեխնիկական պատճառներով չի կարող լսել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների հեռախոսային խոսակցությունները, երբ դատարանի որոշմամբ պարտավոր էր դա անել: Ընդ որում, միանգամից չի գրում, սպասում է 1.5 ամիս, երբ արդեն այդ խոսակցությունների լսման ժամկետը լրացել է, նոր ասում է, որ իրենք տեխնիկական պատճառներով չեն կարողանում: Սրանք արդեն ոչ թե խախտումներ են, այլ կեղծիքներ են: Այստեղ արդեն խոսքը չի գնում խախտումների մասին, այստեղ խոսքը գնում է կեղծիքների մասին: Եվ մեզ այստեղ փորձում են ապացուցել, որ այդ կեղծիքները կամ, ինչպես իրենք են անվանում, թյուրիմացությունները բոլորն իրար հետ համընկել են: Այդպես չի լինում: Ընդ որում, սա այն գործը չէ, որ քննիչը մատների արանքով նայեր հարցին: Սա այն գործն էր, որով ամեն գործողությունը գնում, զեկուցվում է, 10 տարբեր մարդ այդ գործողությունները նայում, քննարկում են: Այդպես չի լինում: Ընդհանրապես պատահականություններին հավատալը մի փոքր կասկածելի մոտեցում է, իսկ այսքան շատ պատահականություններին հավատալն արդեն, կարելի է ասել, մանկամտություն է»:
Հայկ Ալումյանն ասաց, որ նշվում է, թե Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը պաշտպանվել են. «Բայց ինչպե՞ս անենք, երբ վերևից ներքև կրակոց ունենք Ավետիք Բուդաղյանի վրա, ինչպե՞ս անենք, երբ տեսագրության մեջ երևում է, որ Ավետիք Բուդաղյանի վրա վերջին կրակոցն արձակվում է այն ժամանակ, երբ ինքը ուժասպառ եղած, հազիվ ոտքերը քարշ տալով, մեջքով շրջված դեպի այդ մարդկանց, գնում է գետի ուղղությամբ»:
«Եթե Տիգրանի կյանքին իրոք վտանգ սպառնար, մի՞թե նրա մայրը, հորաքույրը գոռալու են՝ Տիգրան, մի կրակի, թաղեմ բոյդ, ինչո՞ւ ես կրակում: Տրամաբանությունը որտե՞ղ է, եթե Տիգրանի կյանքին էլ չէ, առողջությանը վտանգ սպառնար»,- հավելեց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ 2013թ. օգոստոսից սկսած, երբ քննիչն արդեն ստացել է փորձագետների եզրակացությունները, ցուցմունքները, որոնք հակասում էին միմյանց, հանկարծ սկսել են փոխվել և համընկնել իրար, իրենց հերթին՝ համընկնել եզրակացություններին. «Այսինքն՝ պարզ երևում է, որ այդ բոլոր մասնակիցներն առաջին ձեռքից իմացել են փորձագետի եզրակացության բովանդակության մասին, իրենց ցուցմունքները համապատասխանեցրել են»:
Անդրադառնալով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով մերժվել են իրենց բողոքները, Հայկ Ալումյանն ասաց, որ այն ծավալով մեծ է, սակայն բովանդակությամբ՝ սակավ: Ըստ նրա՝ դատարանը որոշման մեջ մեխանիկորեն «լցրել է» այն բոլոր փաստարկները, որոնք լսել է. «Իր սեփական գաղափարները կազմում են կես էջ»: