«Ես պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը, որքան էլ դա դուր չգա առանձին գործիչների»

Սահմանադրության փոփոխությունների նախագծում նշված է, որ օմբուդսմենը պետք է ունենա քաղաքական զսպվածություն, սակայն այդ տերմինը դուր չի գալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Այս մասին այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով քննարկման ընթացքում ասաց պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ ինքն առաջարկել է այն փոխարինել «քաղաքական չեզոքություն» տերմինով: «Օմբուդսմենը քաղաքական գործիչ չէ և չպետք է ունենա քաղաքական դիրքորոշումներ: Այսինքն՝ դիրքորոշումներ պետք է ունենա, բայց պետք է լինի հավասարակշռված այդ դիրքորոշումներում, չպետք է լինի կողմնակալ: Մենք նման ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, մենք նման ենք ցանկացած հաշտարարի, ցանկացած մեդիատորի:

Ընդ որում, «օմբուդսմեն» բառն ինքնին նշանակում է՝ միջնորդ մարդ՝ միջնորդ պետության և մարդու միջև, պետության և հասարակության միջև, միջնորդ իշխանության և ընդդիմության, բոլոր կոնֆլիկտային կողմերի միջև: Այսպես եմ ես ընկալել այս ինստիտուտի դերակատարումը»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ ինքը միշտ հավատացել է, որ օմբուդսմենն իսկապես քաղաքականապես չեզոք պետք է լինի, սակայն իրենց ներկայացրած առաջարկը չի ընդունվել:

«Երբ այն բառն արդեն ֆիքսված է նախագծում, արդյո՞ք այն ինձ կամ իմ հաջորդ պաշտոնակցին խանգարելու է անել այնպես կամ ավելի լավ, ինչպես աշխատել են առաջին երեք օմբուդսմենները: Իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետև «զսպվածություն» բառը ես մեկնաբանում եմ՝ որպես չեզոքություն: Սահմանադրության մեջ գրված չէ, թե այդ բառն իրականում ինչ է նշանակում՝ դա նշանակում է ճնշվա՞ծ լինել, կաշկանդվա՞ծ լինել: Ես հասկանում եմ՝ զսպված՝ նշանակում է՝ պահպանել հենց փարիզյան սկզբունքները, որով առաջնորդվում են բոլոր օմբուդսմենները, այսինքն՝ լինել չեզոք: Այդ իմաստով կարևոր է լինելու, թե ինչ օրենքներ են ընդունվելու Սահմանադրության փոփոխություններից հետո, եթե դրանք ընդունվեն ժողովրդի կողմից, և այնտեղ արդեն կարող են նոր մեկնաբանություններ լինել այս նույն՝ «զսպվածություն» բառին:

Բայց ես մտահոգություն չունեմ այդ բառի վերաբերյալ այս պահին միայն մեկ պատճառով՝ չեմ տեսնում դրա իրականացումը, կիրառումը: Իսկ ասենք, եթե որևէ մեկն ընդունի, որ զսպված չէ օմբուդսմենը, ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ սանկցիաներ կարող են կիրառվել: Եվ քանի որ չկա նման պրակտիկա, նման փորձ, ես կարծում եմ՝ սա այն դեկլարատիվ դրույթներից է, որը պարզապես իմ իրավալեզվական ճաշակին համահունչ չէ, և հետևաբար՝ այդ բառը, այդ արտահայտությունն ինձ այս պահին չի անհանգստացնում: Ես կարծում եմ, որ ես պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը, որքան էլ դա դուր չգա առանձին գործիչների կամ լրատվամիջոցների առանձին ներկայացուցիչների, քանի որ շատ անգամ եմ մեղադրվել՝ կամ հանրության ականջի համար, կամ հանրության մի մասի ականջի համար կտրուկ հայտարարություններ չանելու համար, կամ անելու համար այնպիսինը, որը չի բավականացրել, ասենք, իշխանության ներկայացուցիչների առանձին կտորների: Մի խոսքով՝ այդ դժգոհությունն անվերջ է: Ես կարծում եմ՝ այդ դժգոհությունը կշարունակվի ցանկացած օմբուդսմենի աշխատանքում, իսկ զսպվածությունը մենք կմեկնաբանենք՝ որպես չեզոքություն, հետևաբար՝ որևէ կերպ չենք փոխի մեր գործելաոճը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նախագծում ակնհայտորեն կան դրական զարգացումներ. այն, որ անձն իրավունք կունենա պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ հասցված վնասի հատուցումը, միանշանակ դրական զարգացում է: Ըստ նրա՝ մեկ այլ դրական զարգացում է, որ մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները: Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ինքը կարող է թվարկել տասնյակ դրական զարգացումներ, սակայն իր համար ամենակարևորը դատարանների նախագահների վերընտրվելու սահմանափակումն է. «7-րդ գլխում ինձ համար ամենադրականը դատարանների նախագահների կողմից մյուս դատավորների նկատմամբ իրականացվող որոշակի ճնշումների, ազդեցությունների հնարավոր վերացումն է, որովհետև, երբ հավերժ կա դատարանի նախագահ, այսինքն՝ դատարանում կա ղեկավար, հոգեբանորեն դատավորները տեսնում են նրա մեջ իրենց շեֆին և կարողանում են շարունակաբար ճնշվել նրա կողմից, և այդ ռոտացիոն սկզբունքը, որը կարող է նախատեսված լինել, մեծ հույս է ներշնչում, որ իմ պատկերացրած թերությունները դատական համակարգում աստիճանաբար կարող են շտկվել»:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ ամենավատ բանը, որը տեսնում է այսօրվա նախագծում, այն է, որ օմբուդսմենն այսուհետ զրկված է Սահմանադրության 3-րդ գլխով խնդիրները Սահմանադրական դատարան ներկայացնել: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ցավում է, որ այդ մասին միայն ինքն է բարձրաձայնել: «Միևնույն ժամանակ ես չեմ ուզում սրանից մեծ ողբերգություն դարձնել՝ ասելով, որ կան այլ սուբյեկտներ, որոնք կկարողանան այդ դրույթները վիճարկել Սահմանադրական դատարանում»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ բացասական զարգացում է նաև անմեղության կանխավարկածի բաղադրիչների նվազեցումը:

«Սա շատ ցավալի, անդառնալի հետևանք է ունենալու անմեղության կանխավարկածի ընկալման համար: Մեկ այլ կարևոր, թերևս, ոչ շատ պոպուլյար խնդիր է խտրականության դրսևորումը՝ սեռական փոքրամասնությունների խնդիրը: Ճիշտ է՝ այդ մասին չեն բարձաձայնում քաղաքական ուժերը հիմնականում, որովհետև, թերևս, դա այդքան էլ դիվիդենտներ չի բերում «ոչ»-ի ճամբարին կամ «ոչ»-ի շրջանում հավաքված ուժերին: Իհարկե, դա չի վերաբերում իրավապաշտպաններին»:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ բացասական է նաև կարգավորումը, որի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Նրա խոսքով՝ նախադասության եթե-ով հատվածն ավելացվել է, դա այդքան էլ լավ չէ, լավ էր, երբ ամեն ինչ սպառվում էր նրանով, որ ոչ ոք պարտավոր չէ իր մերձավոր ազգականների դեմ ցուցմունք տալ:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ չեն միանալու որևէ ճամբարի, սակայն որոշ խորհուրդներ տվեց «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներին:

Տեսանյութեր

Լրահոս