Ներգաղթյալներին ապաստանելը գլոբալ պատասխանատվություն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Ներգաղթյալների ապաստան տրամադրելը գլոբալ պատասխանատվություն է, իսկ աշխարհագրորեն մոտ լինելը վճռորոշ գործոն չէ այդ հարցում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Աշխարհագրորեն մոտ լինելը չի նշանակում էքսքլյուզիվ պատասխանատվություն ներգաղթյալների ընդունման հարցում: Բոլոր պետությունները, ես միշտ ասում եմ այդ մասին եվրոպական երկրներին, պատասխանատու են դրա համար»,- հայտարարել է Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Իտալիայի ազգային խորհրդարանում, որտեղ ժամանել է՝ մասնակցելու Իտալիայի՝ ՄԱԿ-ին միանալու 60-ամյակի հանդիսավոր արարողությանը:
Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Իտալիային միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում ունեցած ավանդի համար:
«Ես արժանին եմ մատուցում Իտալիայի տղամարդկանց ու կանանց, ովքեր փրկել են տասնյակ հազարավոր ներգաղթյալների»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ներգաղթյալներին ընդունելը «գլոբալ խնդիր է, որը հարկավոր է արդարացիորեն բաշխել» երկրների միջև: