Պուտինն այնքան վախենալու չէ, որքան թվում է

Կա հին մի անեկդոտ. ճակատագրից դժգոհ մեկը դիմում է Աստծուն՝ խնդրելով, որ Աստված այնպես անի, որ ինքը վիճակախաղով գումար շահի: Աստված չի մերժում՝ միաժամանակ ասելով՝ խնդրանքդ կկատարեմ, բայց գոնե մի անգամ վիճակախաղի տոմս գնիր: Այս անեկդոտի իրավիճակը շատ նման է ներկայիս հայ-ռուսական հարաբերություններին: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո գրեթե բոլոր ուղղություններով այդ հարաբերությունները հասցվել են նվազագույն որակի, Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարվել ու ոտնահարվում է անթույլատրելի աստիճանով ու դրսևորումներով… այս շարքը կարելի է երկար շարունակել:

Բայց այս և բազմաթիվ նման երևույթների թվարկումից հետո քննադատության սլաքն ուղղվում է առաջին հերթին՝ Ռուսաստանին, այն դեպքում, երբ դա քաղաքական անմտություն է, մեղմ ասած: Ռուսաստանը հետապնդում է իր շահերը, և, եթե այդ շահերը պահանջում են հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը» փոխարինել ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական ժամանակակից բարեկամությամբ, ապա Ռուսաստանը պարտավոր չէ հաշվի առնել Հայաստանի շահերը:

Դրա պարտավորությունն ու պատասխանատվությունն ունեն Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին, նաև ընդդիմությունը, հասարակությունը, վերջին հաշվով: Սակայն այս պարտավորությունն ունեցող նշված երեք սուբյեկտներն էլ, դժբախտաբար, տառապում են անբուժելի, քրոնիկ ռուսամոլությամբ: Ռուսաստանի հետ կապված որևէ երևույթ Հայաստանում դուրս է բանականության, տրամաբանության հարթությունից, քանի որ այն, ինչ ռուսական է, ենթակա չէ քննարկման, վերլուծության, հետևություններ անելու:

Ու այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի իշխանությունը գոնե փորձել կամ փորձո՞ւմ է տոտալիտար ռուսահպատակությունից ազատվելու քայլեր անել, արդյոք Հայաստանի ընդդիմությունն աջակցո՞ւմ է իշխանությանն այդ հարցում, և արդյոք նման փորձերի դեպքում Ռուսաստանը «կպատժի՞» Հայաստանին, ինչպես դոգմավորված է մեր քաղաքական մտքում: Երկրների միջև հարաբերությունները երկկողմանի հարաբերություններ են, երկկողմանի է նաև կախվածությունը, այսինքն՝ որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից քաղաքականապես ու տնտեսապես, նույնքան կամ գուցե ավելի՝ Ռուսաստանն է կախված Հայաստանից, առաջին հերթին՝ ռազմաքաղաքական առումով, քանի որ Հայաստանը մնացել է Հարավային Կովկասում Ռուսաստանի վերջին հենման կետը՝ ռազմաբազաներով, տնտեսական ենթակառուցվածքներով:

Բայց Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ռուսաստանի այդ կախվածությունը՝ սեփական շահերը պաշտպանելու և սեփական երկրի հանդեպ արժանապատիվ վերաբերմունք ոչ թե՝ աղերսելու, այլ՝ պահանջելու համար: Իշխանությունը չի արել դա ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ անկարողությունից, այլ՝ որովհետև միշտ աչքի առաջ ունեցել է գրեթե ամբողջությամբ ռուսական ընդդիմությանը, որը միշտ պատրաստ է ենթարկվել ռուսական «սապոգին»՝ իշխանությունը փոխելու համար:

Հայաստանում ամենաշատը քննարկվող, քննադատվող ու մտահոգություն պատճառող հարցը ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին: Հայաստանի վերջին պաշտոնական արձագանքներից մեկն այդ երևույթին եղել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մեզ դուր չի գալիս, սակայն Հայաստանն ըմբռումով է մոտենում Ռուսաստանի այդ քայլին, քանի որ դա է պահանջում այդ երկրի բիզնես շահը:

Այսինքն՝ Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի իշխանությունն ընդհանրապես ամեն ինչ դիտարկում է բիզնեսի հարթությունում, երևի այն պատճառով, որ իշխանության մեջ չկան բիզնես չունեցողներ և, առավել ևս, չկան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր պետությունը չեն ծառայեցնում իրենց բիզնեսին: Սակայն, եթե ամեն ինչ դիտարկում ենք այդ հարթությունում, ապա կարելի է առաջնորդվել գոնե բիզնեսի կանոններով, որոնցից մեկն ասում է, որ հաճախորդը միշտ ճիշտ է:

Այդ տրամաբանությամբ, ինչպես՝ Ադրբեջանը, այնպես էլ՝ Հայաստանը Ռուսաստանի հաճախորդներն են, և ոչ միայն՝ սպառազինության վաճառքի մասով: Պարզապես Հայաստանի դեպքում գործում է ոչ թե՝ «հաճախորդը միշտ ճիշտ է», այլ՝ «հաճախորդը միշտ վախեցած է» սկզբունքը: Բայց, անկախ ամեն ինչից, ինչպես սկզբում նշված տարաբախտ մարդու մասին անեկդոտում, Հայաստանը լավ կանի՝ գոնե մեկ անգամ փորձի ազատվել ռուսական դիկտատից: Բացի այդ, ինչպես ասում են, փորձը փորձանք չէ: Եթե անգամ փորձանք էլ դառնա, ապա չի լինի ավելի վտանգավոր, քան այն վիճակը, որում Հայաստանը հայտնվել է այսօր:

Տեսանյութեր

Լրահոս