Ռուսաստանի մշտական նախարարը՝ ՀՀ արտգործնախարարությունում
«Ադրբեջանում լրջորեն մտածում են Էլմար Մամեդյարովին պաշտոնանկ անելու մասին»,- օրերս այս վերնագրով հոդված էր հրապարակել ադրբեջանական կայքերից մեկը, որը հղում անելով իր աղբյուրներին՝ գրել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը վերջին շրջանում սկանդալների տեղիք է տալիս՝ կապված Արտգործնախարարությունում հայտնված պատահական անձանց հետ, ովքեր իրականացնում են դիվանագիտական գործառույթներ:
Ըստ կայքի աղբյուրների՝ իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում է նրան այլ պաշտոնի տեղափոխելու հարցը: Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում կադրային քաղաքականության ու կոռուպցիայի մասին ավելի վաղ ևս խոսվել է, սակայն ԵՄ-ին կից Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ներկայացուցիչ, նախկին դեսպան Արիֆ Մամեդովի հետ կապված սկանդալից, ինչպես նաև՝ մի քանի դիվանագետների «բունտից» հետո իշխանական օղակներում ավելի է մեծացել անհանգստությունը: «Տեղի ունեցածն ամրապնդել է իշխանությունների կարծիքն այն մասին, որ Էլմար Մամեդյարովը չի կարող պատշաճ մակարդակով վերահսկել դեսպանությունների աշխատանքը:
Փաստերի ընդունումը՝ կապված կոռուպցիայի հետ, ու անգամ քրեական գործերի հարուցումն արտգործնախարարին չեն ազատում պատասխանատվությունից»,- գրում է կայքը՝ ավելացնելով, որ 2004 թվականի ապրիլից Ադրբեջանի արտգործնախարար նշանակված «Մամեդյարովի գործունեությունը՝ կապված Ղարաբաղի հետ, լուրջ հարցեր է առաջացնում»: Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն մտածում է ԱԳՆ-ի սկանդալների ֆոնին նրան այդ կառույցում փոխարինելու մասին: Նշվում է, որ ադրբեջանցի դիվանագետների՝ արտերկրում ապաստան ստանալու խնդրանքները «Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմի շրջանում թուլացնում են Ադրբեջանի դիրքերը Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում»:
Այս տեղեկությունը Հայաստանի հետ կապված է ոչ միայն նրանով, որ խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ուղիղ և ամենաակտիվ դերակատարներից մեկի մասին է, և նրա հնարավոր փոփոխությունը չի կարող առնվազն ուշադրության առարկա չդառնալ: Մամեդյարովի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը Հայաստանում կարող է առաջացնել մեկ հարց՝ իսկ ե՞րբ է վերջապես պաշտոնանկ արվելու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերջապես, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականությունը նրա պաշտոնավարման ավելի քան 7 տարիների ընթացքում ոչ միայն որևէ առաջընթաց ու ձեռքբերում չի արձանագրել, այլ հասցվել է կատարյալ ֆիասկոյի, խայտառակության ու ստրկամտության աստիճանի: Հենց Նալբանդյան արտգործնախարարի գործունեության արդյունքում է նաև Հայաստանը երեքուկես տարի բանակցել Եվիամիության հետ և մեկ գիշերվա մեջ՝ 2003 թվականի սեպտեմբերի 3-ին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:
Է. Նալբանդյանի պաշտոնավարման, իսկ որ ավելի ճիշտ է՝ ֆունկցիոնալ առումով անգործության տարնիներին է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը առնվազն 4 միլարդ դոլարի սպառազինություն վաճառել Ադրբեջանին, ինչը շարունակում է նաև այսօր՝ Ադրբեջանից ստանալով միլիարդավոր դոլարներ, իսկ Հայաստանից՝ Էդվարդ Նալբանդյանի շուրթերով անսահման ըմբռնողականություն այն մասին, որ դա ընդամենը բիզնես է: Նալբանդյանի ձախողումներն ու բացթողումները կարելի է երկար թվարկել, սակայն դրա ամենացայտուն գնահատականը տրվել է Ռուսաստանի դիվանագիտական դարբնոց համարվող ՄԳԻՄՕ-ի կողմից, որտեղ սովորել է նաև Նալբանդյանը և որից մի քանի տարի առաջ ստացել է մեդալ:
Մեդալի շնորհման հիմնավորման մեջ, իհարկե, արարողակարգային ինչ-որ ձևակերպումներ են գրված, սակայն իրականության մեջ այդ մեդալով Ռուսաստանը գնահատել է Նալբանդյանի անխոնջ ու անմնացորդ նվիրվածությունը… Ռուսաստանի շահերին, հանուն Ռուսաստանի Հայաստանի շահերը ստորադասելու նրա պատրաստակամությունը: Այս ամենին, իհարկե, կարելի է հակադարձել նրանով, որ Նալբանդյանն ընդամենը կատարող է, քանի որ արտաքին քաղաքականությունն իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, և նա է պատասխանատու Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումների համար: Այո, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և այնպես չէ, որ ամեն ինչ պայմանավորված է արտգործնախարարի անձով:
Բայց նրա անձով, այդուհանդերձ, շատ բան է պայմանավորված: Այո, Նալբանդյանը կատարող է, սակայն կարևոր է հարցը՝ ում հրահանգներն ու հանձնարարականներն է նա կատարում: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է կարդալ ոչ թե Նալբանդյանին արտգործնախարար նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը, այլ…
Էդվարդ Նալբանդյանի կենսագրությունն ու ՄԳԻՄՕ-ից ստացած մեդալի ոչ հրապարակային հիմնավորումը, որը, ցավոք, չի կարող հասանելի լինել Հայաստանի հասարակության համար: Այն, որ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասցնելով խայտառակ վիճակի՝ շարունակում է պաշտոնավարել, Հայաստանի ինքնիշխանության, անկախության բացակայության վկայությունն է, որովհետև Հայաստանի արտգործնախարարների ու ևս մի քանի ռազմավարական գերատեսչությունների ղեկավարների անունները որոշվում են՝ ամենևին ո՛չ Բաղրամյան 26-ում: Իսկ Կրեմլի համար Նալբանդյանն իդեալական արտգործնախարար է: Նրան հետագայում կարող են անգամ Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակել: Վստահաբար, այդ պաշտոնում նա շատ ավելի ջանասիրաբար Ադրբեջանին կհամոզի ռուսական զենք գնել, քան դա անում է հայազգի Սերգեյ Լավրովը: Ինչպես փողը, այնպես էլ արտգործնախարարի պաշտոնը, ազգություն չի ճանաչում: