Մանկական և մայրական մահացության ցուցանիշի միտումները
Մանկական մահացության ցուցանիշը (ՄՄՑ) բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը և հաշվարկվում 1000 կենդանածնի հաշվով:
Մինչև 2012թ. Հայաստանը բնորոշվել է մանկական մահացության(ՄՄ) միջին մակարդակով (ըստ ԱՀԿ դասակարգման), իսկ 2013թ.-ից հետո գրանցվել է ցուցանիշի 10‰ նիշից ցածր մակարդակ (2013թ.` 9,7‰, 2014թ.` 8,7‰), ինչը, ըստ նույն դասակարգման Հայաստանին դասում է ՄՄ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում:
Հայաստանի ՄՄ ցուցանիշը զգալի բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ (զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից հետո), սակայն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը (ԱԱՊ` 13,1‰, ԵՄ` 5,1‰):
Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում ՄՄՑ կրճատվել է 53% (1990թ.-18.6‰, 2014թ.` 8,7‰, Աղբյուր` ՀՀ ԱՎԾ պաշտոնական տեղեկագրքեր):
Ասվածը ներկայացված է նաև տարածաշրջանում երեխաների մահացության միտումների վերաբերյալ ԱՀԿ եվրոպական գրասենյակի 2014թ. զեկույցում, համաձայն որի, 1990-2014թթ. ընթացքում մինչև 5տարեկան երեխաների մահացության հաշվարկային ցուցանիշը Հայաստանում կրճատվել է ավելի քան 2/3-ով (1990թ.- 54,3‰, 2014թ.` 14,9‰, Աղբյուր` Levels & Trends in Child Mortality. Report 2014, Estimates Developed by the UN Inter-agency Group for Child Mortality Estimation/ WHO, Unicef, The WB, UN DESA):
Ցուցանիշի անկման տեսանկյունից հատկապես տպավորիչ են վերջին 5 տարիների զարգացումները, որոնք վկայում են և’ մանկական, և’ նորածնային (0-28 օրեկան) մահացության ցուցանիշների համապատասխանաբար` 26% և 20% կրճատման մասին (ՄՄՑ – 2011թ.` 11,7‰, 2014` 8.7‰, նորածնային մահացության ցուցանիշ – 2011թ.` 8,4‰, 2014թ.` 6,7‰), ինչը հնարավորություն է տալիս կանխատեսել, որ մանկական մահացության Հազարամյակի թիրախային ցուցանիշը (≤ 8 ‰) հնարավոր հասանելի է:
Մայրական մահացության ցուցանիշի միտումները
Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում (մինչև հետծննդյան 42-րդ օրը), բացառությամբ դժբախտ պատահարների: Ցուցանիշը հաշվարկվում է 100000 կենդանածնի նկատմամբ:
Հայաստանում մայրական մահացության ցուցանիշի (ՄՄՑ) տարեկան տատանումները զգալի մեծ են, ինչը պայմանավորված է երկրի փոքր բնակչությամբ: Այն աննախադեպ բարձր է եղել 2000թ-ին, կազմելով 71/100 000, իսկ 2010-2014թթ. ընթացքում մայրական մահացության ցուցանիշը տատանվել է` 6.8-23.6 սահմաններում:
Այս պատճառով, մայրական մահացության միտումները գնահատելիս հարկ է առաջնորդվել ԱՀԿ հանձնարարականով, համաձայն որի, եթե երկրի բնակչության թիվը պակաս է 5 միլիոնից, միտումների գնահատականը պետք է տրվի միջին եռամյա ցուցանիշի համեմատության կտրվածքով:
Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ (1999-2001թթ.` 40.3/100000, 2011-2013թթ.` 18,8/100000):
Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը շուրջ 1,5 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի (29,0) համեմատությամբ, սակայն այն զգալի գերազանցում է Եվրամիության երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը(5,0):
2012-2014թթ. միտումները վկայում են, որ ՄՄ միջին տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 21% (2012թ-23.6, 2013թ.` 21.5, 2014թ.` 18,6):
Ըստ ՀՀ ԱՆ օպերատիվ ընթացակարգով հավաքագրված տվյալների, 2015թ. ընթացքում, հանրապետության ծննդօգնության հիմնարկներում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք (նույն թիվը` 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ):