«ԵԽԽՎ-ի համար պրոբլեմատիկ երկիրն այսօր Ադրբեջանն է». Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում Ստրասբուրգից
Երեկ բացվեց ԵԽԽՎ հերթական լիագումար նիստը Ստրասբուրգում, որն առանձնացավ Ադրբեջանի դեմ խիստ քննադատական հայտարարություններով և գնահատականներով: Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը աշխատանքային առաջին օրվա մասին ,,Իրատես դե ֆակտո,, կայքին փոխանցել է ուշագրավ մանրամասներ ԵԽԽՎ-ում տիրող հակաադրբեջանական տրամադրությունների շուրջ: Նա մասնավորապես տեղեկացրել է.
«Նիստից առաջ տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի ավանդական մամլո ասուլիսը, որն առանձնացավ Ադրբեջանի հասցեին տիկին Բրասերի երբևէ հնչեցրած խստագույն գնահատականներով: Այդ թեման տեղ գտավ և լիագումար նիստի բացման խոսքում, նա նշեց, որ իրավիճակն Ադրբեջանում վատացել է և շարունակում է վատթարանալ՝ ընդգծելով, որ ոչ միայն բանտերում են բազմաթիվ իրավապաշտպաններ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլև հիշեցրեց Իլգար Մամեդովին, ում ազատման մասին Եվրադատարանի վճիռը Բաքուն համառորեն չի կատարում:
Ընդհանրապես աշխատանքների առաջին օրը լի էր Ադրբեջանով, նախ բյուրոն և բոլոր քաղաքական խմբերը բավականին ակտիվ քննարկում էին նախընտրական իրավիճակը Ադրբեջանում՝ կապված երկրում գոյություն ունեցող իրավիճակի հետ, որը բազմիցս քննարկվել է, բայց անարդյունք, երկրորդ՝ բազմաթիվ պատվիրակների դժգոհությունն էր առաջացրել իսպանացի Գորդի Խուկլայի ղեկավարած նախընտրական դիտորդական առաքելությունը, որը եզրակացություն էր ներկայացրել կարծես միֆական երկրի մասին: Այդ առաքելության կազմում էին չորս ԵԽԽՎ-ական՝ բավականին հայտնի ադրբեջանամետ լոբբիստներ:
Հետաքրքրիր փաստ է, որ գերմանացի պատվիրակ Շվաբեն առաքելությունից մի քանի օր առաջ հրաժարվել էր մասնակցել: Առաքելության պատրաստած կարծիքը քաղաքական խմբերի և բազմաթիվ պատգամավորների խիստ դժգոհությունն է առաջացրել: Նրանք առաջարկում էին ընդհանրապես հրաժարվել դիտորդական առաքելությունից, քանի միջազգային կազմակերպությունների նկատմամբ մերժողական վերաբերմունքը հանգեցրել է նրան, որ դիտորդական առաքելությունից հրաժարվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
Ադրբեջանական լոբբիստական բանակին ի վերջո հաջողվեց դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման հասնել, այնուամենայնիվ, մի շարք խմբերի պատգամավորներ քննարկում են դիտորդական առաքելությունից դուրս գալու հարցը:
Բյուրոյի զեկույցի ժամանակ ադրբեջանցի պատվիրակները իրենց մշտական դերի մեջ՝ բոլորին ձանձրացրած մեղադրանքներ հնչեցրին Հայաստանի դեմ՝ կրկնելով քսան տոկոս «օկուպացված տարածքի» ու «միլիոն փախստականների» մասին՝ փորձելով եվրոպական միգրանտների ալիքի վրա նորից բարձրացնել հարցը: ԵԽԽՎ պատվիրակները արդեն հոգնել ու ձանձրացել են այդ ելույթներից և իրավացի հարց են տալիս, թե միլիարդներ ունեցող երկիրը, որ տարբեր առիթներով ու սպառազինությունների վրա այդքան գումարներ է ծախսում, ԵԽԽՎ է գալիս ու լաց է լինում, թե ինչ ծանր վիճակում են փախստականներն Ադրբեջանում: Ադրբեջանցի պատվիրակների Հայաստանի վերաբերյալ մեղադրանքներին պատասխանեց բյուրոյին զեկույցը ներկայացնող, շվեյցարացի պատգամավոր, սոցիալիստների խմբի ղեկավար Անդրեաս Գրոսը:
Նա ավարտում է պատգամավորական գործունեությունը Շվեյցարիայում ու ԵԽԽՎ-ում և այդ առիթով նրան գնահատանքի ու երախտագիտության բազում խոսքեր ասվեցին՝ մարդու իրավունքների, եվրոպական քաղաքակրթական արժեքների պաշտպանության նրա կամքի ու հետևողականության մասին, մենք էլ ենք միանում այդ գնահատականին: Անդրեաս Գրոսը ադրբեջանցի պատվիրակ Հուսեյնովին ասաց, որ ԵԽԽՎ-ն այսօր Հայաստանը չի տեսնում որպես պրոբլեմատիկ երկիր, պրոբլեմատիկ երկիրը ԵԽԽՎ-ի համար այսօր Ադրբեջանն է և փակեց հարցը»: