Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համախախագահների ներկայությամբ մեղադրել է Էդվարդ Նալբանդյանին

Հայաստանը տարբեր սադրիչ գործողություններով, մասնավորապես շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության էսկալացիայով բանակցային գործընթացին վնաս հասցնելու նպատակ է հետապնդում: Այս մասին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend-ը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստանի իրական նպատակը ագրեսիան ու օկուպացիան շարունակելն է: Հայաստանը բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտում է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև կապերին, ինչը կարող էր նպաստել իսկական վստահության հաստատմանը»,- հայտարարել է Մամեդյարովը:

Նա նշել է, որ գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է՝ հենվելով այն բանի վրա, որ Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական տարածքները:
Մամեդյարովի խոսքով՝ դա երկար չի կարող շարունակվել:
«Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ»,-  ընդգծել է Մամեդյարովը:

Նա ասել է, որ կոնֆլիկտի կարգավորման համար Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի դեմ ագրեսիային ու իր Զինված ուժերը դուրս բերի օկուպացված տարածքներից:

«Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին կոնֆլիկտի լուծման համար, սակայն, եթե Հայաստանը չազատի օկուպացված տարածքները, Ադրբեջանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերն իր   տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը վերականգնելու ու սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար: Ցանկացած քայլի պատասխանատվությունը, որը կձեռնարկվի օկուպանտ և ագրեսոր պետության կողմից, ամբողջությամբ կընկնի Հայաստանի վրա»,- ասել է Մամեդյարովը:

Նշենք, որ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս