Սազանդարների ժամանակը
Երեկ Ազգային ժողովում իսկական բենեֆիս էր: Կուսակցական բենեֆիս: ՀՀԿ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով ու իրար գերազանցելով, գովերգում էին սահմանադրական բարեփոխումների նախագիծն ու այն ներկայացրած իշխանություններին: Գովերգում էին առանձնակի պաթոսով՝ իրենց չխնայելով: Ոչ թե պետության ու ժողովրդի համար, ինչպես ներկայացնում էին իրենց ելույթներում, այլ առաջին հերթին՝ սեփական անձի ու մանդատների:
Փոփոխվող սահմանադրությամբ հանրապետականների միջև իսկական մրցավազք է սկսվել խորհրդարանական համամասնական ցուցակում տեղ ունենալու համար: Ու արդեն այսօրվանից պատգամավորները մեկը մյուսին գերազանցելով՝ Սերժ Սարգսյանին փորձում են ցույց տալ, որ հատկապես իրենք են առանձնակի դաժանությամբ պայքարել սահմանադրական փոփոխությունների անցկացման համար: Սահմանադրական փոփոխությունները գուցե իսկապես հեղափոխական առաջընթաց կարող են ապահովել Հայաստանի համար, գուցե իսկապես նպաստելու են ժողովրդավարության զարգացմանը, և այլն:
Բայց այն ձևը, որով իշխանության ներկայացուցիչները քարոզում են, մեղմ ասած, հաճելի չէ: Եթե ՀՀԿ-ականներն իսկապես ցանկանում են, որ հասարակությունը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, ապա ավելի լավ կանեն կամ ավելի փաստարկված՝ առանց ավելորդ պաթետիզմի խոսեն, կամ ոչինչ չասեն, կամ քննադատեն այդ փոփոխությունները: Հասարակությունն այդ դեպքում գուցե անգամ ջերմ զգացմունքներով վերաբերվեր սահմանադրական փոփոխություններին և հասկանար, թե ինչ է փոխվելու իր կյանքում սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Բայց ՀՀԿ-ականները չէին կարող իրենց թույլ տալ չգովերգել ու չգովաբանել, քանի որ այդ դեպքում նոր Սահմանադրությամբ իրենք կդառնային հին պատգամավորներ: