«Թուրք-սիրիական հարաբերությունների «մեղրամսից» հետո Թուրքիան կրկին ցույց տվեց իր ատամները». թուրքագետ

«Թուրք-սիրիական հարաբերությունների «մեղրամսից» հետո Թուրքիան կրկին ցույց տվեց իր ատամները: Կրկին, որովհետև պատմության մեջ էլի են եղել դեպքեր, երբ Թուրքիան բավական ագրեսիվ վարքագիծ է դրսևորել Սիրիայի նկատմամբ, եղել են նաև իրավիճակներ, երբ նրանք գտնվել են գրեթե պատերզամի շեմին: Այս անգամ արդեն Թուրքիան ավելի կոնկրետ գործողություններով որոշ քայլեր ձեռնարկեց Սիրիայի դեմ: Թուրքիայի նպատակը չի փոխվել դեռևս սիրիական ճգնաժամի սկզբից, այն է՝ Ասադի վարչակարգի տապալում, Սիրիայի իշխանական համակարգի կառուցվածքային վերաձևավորում՝ ոչ միայն կառուցվածքային, այլ նույնիսկ՝ էթնոդավանական վերաձևավորում, և Սիրիայում խոսքի իրավունքի տեր լինել»,-այսօրվա ասուլիսին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Հարցին՝ Թուրքիայում ընթացող պրոցեսները նման չե՞ն սիրիական ճգնաժամին, նա պատասխանեց. «Թուրքիայում այլ պրոցեսներ են ու նմանություն չեմ տեսնում սիրիական ճգնաժամի հետ: Իհարկե, սիրիական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ այն ամենի վրա, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում, բայց որոշակի համեմատության եզրեր գտնել և նշել, որ այն գործընթացներն են, որոնք սկսվել էին Սիրիայում, ճիշտ չէ:

Այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում, գլոբալ առումով՝ թե՛ ներքին պրոցեսների հետևանք է, թե՛ արտաքին: Չնայած՝ լարվածությունը Թուրքիայում դեռևս կպահպանվի, զինյալ գործողություններն ու քաղաքական բուռն պրոցեսները կշարունակվեն մինչև ընտրությունները և ընտրությունները շրջադարձային կլինեն: Թուրքիայի համար շատ բան կախված է հենց նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից ու դրանց արդյունքներից: Դրանք արդեն կորոշեն Թուրքիայի հետագա քաղաքական կոնֆիգուրացիան, նաև՝ արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի քայլերն ու գործողությունները: Իսկ այն, որ նոյեմբերի 1-ի ընտրությունները ամբողջովին այլ են լինելու, ինչ նախկին ընտրությունները, ևս փաստ է: Այս երկու երեք ամիսների ընթացքում շատ բան է փոխվել: Էրդողանի գերնպատակը չձախողվելն ու մեծամասնություն ապահովելն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս