Անկումների սարսափից

Մինչ հայրենի կառավարությունն անթաքույց հպարտությամբ հայտարարում է այս տարվա առաջին կիսամյակում գրանցված 4% տնտեսական աճի մասին, վիճակագրական զեկույցներում իրենց տեղն են գրավում մյուս անտեսված ցուցանիշները։ Դրանց մասին ոչ ոք չի խոսում, որովհետև դրանք «պլպլան» չեն ու այնքան վատն են, որ անգամ մեր հանճարեղ վիճակագիրներն այն չեն կարողանում «տեսքի բերել»։

Ու այդ անտեսված տվյալների թվում է այնպիսի կարևոր ցուցանիշ, ինչպիսին օտարերկրյա ուղղակի ներդրումներն են։ Անտեսվել է, որովհետև իրոք ամոթ է տնտեսական աճի ֆոնին ունենալ այպիսի թվեր։

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը կազմել է 30.7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 77.1 մլրդ դրամ էր։ Այսինքն` ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը կրճատվել է 2.5 անգամ։ Ու նման պայմաններում տնտեսական աճի մեխանիկական ցուցանիշով հպարտանալը, մեղմ ասած, անհասկանալի է։

Պատկերն առավել հետաքրքիր է դառնում, երբ ներդրումները դիտարկում ենք` ըստ երկրների։

Ամենախոշոր նվազումն արձանագրվել է Ռուսաստանին բաժին ընկնող ուղղակի ներդրումների գծով։ Զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է ավելի քան 10 անգամ` 36.4 լրդ դրամից հասնելով 3,4 մլրդ դրամի։

ԵՏՄ մեր մյուս գործընկերների առումով նույնպես ցուցանիշներն ուրախալի չեն։
Բելառուսի դեպքում 2014 թվականի հունվար-հուլիսին ունեինք ընդամենը 10 մլն դրամի ուղղակի ներդրումների զուտ ներհոսք։ Իսկ այս տարի այդ ցուցանիշը դարձել է բացասական` 20 մլն դրամի չափով։ Այսինքն` ավելի շատ կապիտալ գնացել է Բելառուս, քան այնտեղից եկել է։ Իսկ Ղազախստանը ցանկում ընդհանրապես բացակայում է։

Ուղղակի ներդրումների ամենամեծ զուտ ներհոսքը եղել է Գերմանիայից` շուրջ 5.5 մլրդ դրամ։ Երկրորդը Միացյալ Թագավորությունն է` 5.9 մլրդ դրամ, երրորդը` Ֆրանսիան` 3.8 մլրդ։

Նշենք նաև, որ ըստ ոլորտների` ուղղակի ներդրումների մեծ մասն ուղղվել է հիմնային մետաղների արտադրությանը (15.9 մլրդ դրամ կամ ընդհանուրի 51.7 տոկոսը) և դեղագործությանը (շուրջ 6 մլրդ դրամ կամ ընդհանուրի 19.31 տոկոսը)։
Ներդրումների այս խայտառակ վիճակագրությունը ներկայացնում ենք ոչ միայն այն պատճառով, որ դա «չի խոսում» տնտեսական աճի ցուցանիշի հետ, այլ որպեսզի ցույց տանք` ինչ դեր է խաղում ԵՏՄ-ին անդամակցությունը, և ինչ դինամիկա ունեն ԵՏՄ անդամ երկրների հետ մեր ներդրումային հարաբերությունները։ Ինչպես տեսնում եք` դինամիկան բացասական է, իսկ որոշ դեպքերում ներդրումային հարաբերություններ ընդհանրապես չկան։

Նույն պատկերն է նաև արտաքին առևտրի մասով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱՎԾ ճշգրտված տվյալների համաձայն, Հայաստանից արտահանումը 2015 թվականի հունվար-հուլիսին կազմել է 847 մլն դոլար, ներմուծումը` 1 մլրդ 810.3 մլն դոլար։ Արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.1%-ով, իսկ ներմուծման ծավալը` կրճատվել 26.7%-ով։

Ընդ որում, արտահանման 0.1% չնչին աճի համար պարտական ենք հանքահումքային ոլորտին։ Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալն աճել է 24%-ով` 216.5 մլն դոլարից հասնելով 268.4 միլիոն դոլարի։ Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրի խոշորացված 20 ապրանքախմբերի արտահանման գծով ունենք անկում։ Իսկ ներմուծման դեպքում` բոլոր ապրանքատեսակների գծով է անկում գրանցվել։

Համաձայնեք, որ այնքան էլ ուրախ վիճակագրություն չէ։ Ու այն ավելի տխուր է դառնում, երբ դիտարկում ենք ԵՏՄ մեր հարևաններին, որոնց հետ մեր առևտրաշրջանառությունը հույս ունեինք զգալիորեն ավելացնել` այս միությանն անդամակցելուց հետո։ Դիտարկենք արտահանման ցուցանիշները։
Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը հունվար-հուլիսին կազմել է 107.2 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 164.6 միլիոնի փոխարեն։ Այսինքն` ունենք կրճատում 1/3-ով։

Դեպի Ղազախստան արտահանման ծավալը կրճատվել է 15%-ով և կազմել 3.6 միլիոն դոլար: Իսկ Հայաստանից Բելառուս արտահանումը 5.1 միլիոն դոլարից նվազել է մինչև 3.2 միլիոն (37.5%-ով)։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հուլիսին ԵՏՄ 3 երկրներ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) արտահանել ենք 114 միլիոն դոլարի ապրանք-ծառայություններ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 174 միլիոնի դիմաց։ Այսինքն, դեպի ԵՏՄ արտահանման գծով ունենք շուրջ 60 միլիոն դոլարի կամ 34,4% նվազում։

Համեմատության համար նշենք, որ դեպի Եվրամիության երկրներ արտահանումը նվազել է 3.2 տոկոսով, իսկ դեպի այլ երկրներ` աճել 17.8%-ով։ Սա ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին անդամակցությունն ու «170 միլիոնանոց շուկային մուտք ունենալը» դեռ որևէ դրական արդյունք չեն տվել Հայաստանի արտահանողների տեսանկյունից։ Այնպիսի տպավորություն է, որ ԵՏՄ-ն բալաստ է դարձել մեր վիճակագրության համար և փչացնում է ցուցանիշները։

Բայց դե, իհարկե, մեր տնտեսական ոլորտի պատասխանատուները գերադասում են այս մասին չխոսել։ Նրանք նախընտրում են խոսել 4% տնտեսական աճի ցուցանիշից։ Որը, ի դեպ, ապահովվել է գյուղատնտեսության հաշվին։ Իսկ գյուղատնտեսական ցուցանիշները խիստ կասկածելի են։ Օրինակ` արդյունաբերության դեպքում կարող ես հստակ տեսնել` քանի կգ պանիր է արտադրվել կամ ցեմենտ։ Իսկ գյուղատնտեսության վիճակագրությունը ընդամենը 2 տող է պարունակում` բուսաբուծական արտադրանք և կենդանաբուծություն։ Ու մեկ հատ էլ «բոնուս»` ձկնորսություն։ Ուզում եք իմանալ` իրականում քանի տոննա լոլիկ է աճեցվել ու իրացվել այս տարի՞։ Դա պրակտիկորեն անհնար է։

Մի տարբերակ կա` նայել արտահանման մանրամասն տվյալները, քանի որ միրգ-բանջարեղենը գոնե խոշորացված խմբերում ներկայացվում է։ Սակայն այս տարի մաքսային ծառայությունը դեռ թվերը չի հրապարակել։

Գյուղատնտեսության աճի առումով կասկած հայտնողներին մեր պաշտոնյաները հակադարձում են այսպես` նայեք արտահանման ցուցանիշները, այնտեղ կգտնեք դրա անուղղակի ապացույցը։ Նայում ենք` Մաքսային ծառայությունն այս տարվա համար դեռ չի ներկայացրել արտահանման մանրամասն ցուցանիշները` ըստ ապրանքախմբերի։

Իսկ վիճակագրական ծառայության ճշգրտված տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին բուսաբուծական արտադրանքի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84.6%-ով և կազմել 29.8 միլիոն դոլար։ Սա մեր արտահանման ընդհանուր ծավալի (847 մլն դոլար) ընդամենը 3.5%-ն է կազմում։ Ավելին ասենք, գյուղատնտեսության մյուս ուղղության` կենդանաբուծական արտադրանքի արտահանման ծավալները նվազել են ավելի քան 20%-ով։ Այսինքն` գյուղատնտեսությունը էական դեր չի խաղում մեր արտահանման մեջ, ծավալները քիչ են, ցուցանիշներն էլ` թերի։ Ու այս ամենը թույլ չի տալիս փարատել կասկածները։

Առավելևս, որ բուսաբուծական արտադրանքի արտահանման աճի մեջ բավականին անհասկանալի է պատրաստի սննդամթերքի արտադրանքի արտահանման ծավալների երկնիշ նվազումը։

Ժամանակին գրել էինք, որ եթե բնակչությունն իր կենսամակարդակի վրա չի զգում հայտարարվող տնտեսական աճը, ապա դա նշանակում է, որ կամ այդ աճն ինքնանպատակ է, կամ պարզապես նկարված։

Տեսանյութեր

Լրահոս