Բաժիններ՝

Երեխաները քննություն են, որը ծնողները հանձնում են Աստծո առաջ. Անդրեյ Մաքսիմով

Հայտնի հաղորդավար, գրող, դրամատուրգ Անդրեյ Մաքսիմովը գրել է «Ինչպե՞ս չդառնալ երեխայիդ թշնամին» գիրքը, իսկ հիմա աշխատում է մեկ ուրիշ՝ «Ծնողները՝ ասես թշնամիներ», գրքի վրա: Նա համոզված է՝ եթե սերունդների միջև խնդիրներ են առաջանում, ապա միշտ մեղավոր են ծնողները: vospitaj.com կայքը զրուցել է Անդրեյ Մաքսիմովի հետ՝ երեխաների դաստիարակության և ժամանակակից կրթական համակարգի մասին:

– Անդրեյ Մարկովիչ, Դուք պնդում եք, որ Ռուսաստանի ժամանակակից դպրոցը դպրոց չէ: Ինչո՞ւ:

– Որովհետև այն չի լուծում երկու ամենակարևոր խնդիրներ. չի սովորեցնում երեխաներին սովորել, այսինքն՝ նրանց մեջ սեր չի արթնացնում դեպի գիտելիքները և չի օգնում ճանաչել ինքդ քեզ, գտնել քո իսկական կոչումը:

– Ելք կա՞: Դպրոցական համակարգը միշտ փորձում են բարեփոխել, բայց ստացվում է՝ վիճակը չի՞ լավանում:

– Դպրոցը բարեփոխելու համար պետք է գա այնպիսի կրթության նախարար, որին բարեփոխումն ավելի շատ կանհանգստացնի, քան սեփական կարիերան: Իսկ դա անհնար է, չէ՞ որ յուրաքանչյուր բարեփոխում ենթադրում է, որ սկզբից վատ է լինելու, և արդյունքը շուտ չի երևա: Ոչ մի նախարար նման ռիսկի չի գնա: Իհարկե, Կրթության նախարարությունում կան լավ մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ բան անել: Աստված նրանց հաջողություն տա: Սակայն այսօր երեխաների կրթությամբ պետք է ծնողները զբաղվեն: Դպրոցի վրա հույս դնելն անիմաստ է: Այսօր երեխաները դպրոց պետք է գնան հասակակիցների հետ շփվելու համար: Պետք է անպայման հասկանալ, որ դպրոցը ծայրահեղ քիչ գիտելիք է տալիս:

– Հիմա ծանր շրջան է բարձր դասարանցիների համար՝ միասնական քննություններ են: Ինչպե՞ս եք վերաբերվում քննական այդպիսի համակարգին:

– Միասնական քննություններին պատրաստվելն անգիր անել է: Այն ոչ մի կապ չունի գիտելիքի հետ: Ամբողջ աշխարհում քննություններն այլ կերպ են ընթանում: Իմ աղջիկն ընդունվել է Նյու Յորքի համալսարան՝ կինոյի տեսության ֆակուլտետ: Տարբեր քննությունների հետ մեկտեղ՝ նա պետք է հանձներ նաև մաթեմատիկայի քննություն: Նա դա չհանձնեց: Բայց համալսարան նրան ընդունեցին՝ ասելով. «Այո, դուք չհանձնեցիք մաթեմատիկայի քննությունը, բայց այնպիսի փայլուն գիտելիքներ ունեիք այլ առարկաներից, որ մենք դրա վրա աչք ենք փակել»: Մեզ մոտ կարո՞ղ է նման բան լինել: Ո՛չ:

Միասնական քննության հանձնման ընթացքը՝ և՛ իր ձևով, և՛ իր իմաստով, վկայում է այն մասին, որ մենք երկար տարիներ սոցիալական փորձ ենք կատարում երեխաների վրա: Ամեն ինչ արվում է, որ երեխաների համար վատ լինի, մեղմ ասած՝ անհարմարավետ: Միասնական քննությունները հանձնում են այլ դպրոցներում, դրանք ընդունում են օտար ուսուցիչներ, քննությունից առաջ երեխաներին ստուգում են անվտանգության աշխատակիցները, զուգարան կարելի է գնալ միայն ուղեկցողների հետ…
Միասնական համակարգի ներդրման պատմությունը Ռուսաստանում՝ պատմություն է պայքարի մասին. պետության պայքարը երեխաների դեմ: Եվ, չգիտես ինչու, քչերն են մտածում, թե ինչպիսի հակաքաղաքացիական դասեր են նրանք ստանում: Չէ՞ որ ստացվում է, որ միասնական քննությունը նրանց առաջին լուրջ հանդիպումն է պետության հետ: Եվ երեխան հասկանում է, որ պետությունը չի ցանկանում իր կողմից լինել, չի ուզում, որ իր համար լավ ու հարմարավետ լինի:

– Ձեր տղան այս տարի ավարտում է դպրոցը: Ի՞նչ եք ասել նրան ուսումնառության ընթացքում: Ի՞նչ խորհուրդներ եք տվել:

– Ես նրան ասել եմ՝ քո գործը դպրոցն ավարտելն է:

– Իսկ գնահատականնե՞րը:

– Իսրայելում կես տարվա համար աշակերտները ստանում են 4-5 գնահատական: Իսկ մեզ մոտ՝ 4-5՝ ամեն օր: Գնահատականները մարդուն նվաստացնելու միջոց են: Այդ պատճառով՝ դրանք չեն ապրում հասուն կյանքում: Ես չեմ ուզում, որ իմ երեխային նվաստացնեն: Ես շատ լավ գիտեմ, որ տղաս չգիտի ճշմարիտ գիտությունները, ինքս էլ չգիտեմ…

– Բայց չէ՞ որ բարձր դասարաններում կա բաժանում՝ մեկը խորապես սովորում է ֆիզիկա և մաթեմատիկա, մյուսը՝ գրականություն և պատմություն: Դուք դա ողջունո՞ւմ եք:

– Դա ես չեմ ողջունում, ինքը՝ Աստված է այդպես մտածել: Եթե Աստված մարդկանց այդպիսին է ստեղծել, ապա պետք չէ կոտրել նրանց ծնկները: Բոլոր երեխաները տարբեր են, իսկ երբ նրանց նույն բանն են սովորեցնում, սարսափելի է:

Ծնողների գլխավոր սխալները

– Ինչո՞ւմն է ծնողների հիմնական սխալը, որ թույլ են տալիս ՝ փորձելով դաստիարակել երեխաներին:

– Նրանում, որ շատ հաճախ ծնողները երեխաների մեջ չեն տեսնում սեփական խնդիրները, բնավորությունը, կյանքի ընկալումն ունեցող մարդուն: Դա հատկապես դժվար են հասկանում մայրերը. ախր երեխան նրա մասնիկն է, նրա միսն ու արյունը: Դրա համար դժվար է վերաբերվել նրան՝ ինչպես ինքնուրույն մարդու:

Եվս մեկ կարևոր սխալ է այն, որ չեն գնահատում երեխաներին: Ծնողը չի կարող ընդունել, որ երեխան կարող է ինչ-որ բան իրենից լավ իմանալ: Հատկապես, երբ դա վերաբերում է ապագային: Գլխավոր խնդիրն այն է, որ ո՛չ դպրոցը, ո՛չ ծնողները չեն սովորեցնում երեխաներին՝ ընտրություն կատարել: Մայրը որոշում է՝ ի՞նչ ապուր է այսօր լինելու նախաճաշին, ինչո՞վ է երեխան գնալու զբոսանքի… Լավ մայրերը հարցնում են երեխային. «Դասերդ անելու ես, նո՞ր գնաս զբոսնելու, թե՞ զբոսնելու ես դասերից առաջ»: Երեխաների մոտ պետք է գնալ ոչ թե պատասխաններով, այլ հարցերով: Այս եզրակացությանը եկել եմ՝ մանկավարժ Պեստալոցցիին ուսումնասիրելուց հետո, որի արդյունքում գրել եմ  «Պեստալոցցի XXI. Գիրք խելացի ծնողների համար» գիրքը:

Ծնողների ևս մեկ սխալ. չընդունել երեխային այնպիսին, ինչպիսին նրան բնությունն է ստեղծել: Եթե, օրինակ, նա սահմանափակված չէ, նրան չի կարելի սահմանափակել: Հնարավոր է, որ մի բան կստացվի դրանից, բայց երեխան կկոտրվի: Պետք է հասկանալ, որ Աստված ասել է՝ չի կարելի կոտրել:

– Մի առիթով ասել եք՝ երեխաները քննություն են, որը ծնողները հանձնում են Աստծո առաջ: Բայց չէ՞ որ լինում են դեպքեր, երբ երեխաներին քիչ ժամանակ հատկացրած ծնողների երեխաները դառնում են հրաշալի մարդիկ:

– Առաջին հերթին՝ դժվար է դատել այն մասին, թե ինչքան ուշադրություն է հատկացրել այս կամ այն ծնողը: Հետո՝ ի՞նչ է «հրաշալի մարդ» ասվածը: Ես ծանոթ եմ իրավիճակի, երբ ծնողները մանկուց ծաղրում էին աղջկան: Նա մեծացավ՝ որպես հրաշալի ինտելեկտի տեր մարդ, բայց՝ խորապես դժբախտ: Սակայն այդ մասին գիտեն միայն ինքն ու իր ընկերը:
Էրիկ Բերն ասել է. «Ծնողների գլխավոր խնդիրը հաղթող մեծացնելն է»: Շատ կարևոր է, որ երեխան մեծանա այն զգացողությամբ, իր ինքը հաղթող է:

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է երեխաների դաստիարակության հիմնական սկզբունքը:

– Գլխավոր սկզբունքն է ՝ երեխան մարդ է: Միշտ:

– Մի՞թե ինչ-որ մեկն այլ կերպ է մտածում:

– Որքան էլ տարօրինակ է, այո: Մարդկանց մեծ մասը, եթե նույնիսկ ընդունում է այդ բառակապակցությունը (երեխան մարդ է.- Ռ.Մ.), ապա չգիտի՝ ի՞նչ է դա նշանակում: Մարդկային շփման գլխավոր սկզբունքն է՝ վերաբերվիր մյուսներին այնպես, ինչպես կուզես, որ քեզ վերաբերվեն: Պատկերացրեք, որ ձեզ ստիպում են ուտել ոչ թե համեղը, այլ օգտակարը, վաղ են պառկեցնում քնելու՝ ասելով. «Քո կարծիքը չի հետաքրքրում, դու շատ ծեր ես դրա համար»:

Երբ հարցնում էի ծնողներից՝ ինչպիսի՞ն կուզեիք տեսնել ձեր երեխաներին, պատասխանը միշտ նույնն էր՝ երջանիկ: Հրաշալի՛ է: Բայց երբ բարկանում եք երեխայի վրա՝ երկուս ստանալու պատճառով, հիշո՞ւմ եք այդ մասին: Իսկ երբ արգելում եք ֆուտբոլ նայել միայն նրա համար, որ արդեն ո՞ւշ է: Կամ, երբ նրա համար աղջիկ եք ընտրո՞ւմ: Գիրքը, որը հիմա գրում եմ, կոչվում է «Ծնողները՝ ասես թշնամիներ»: Երբ ծնողները սիրում են երեխային, բայց իրենց թշնամու նման են պահում, սարսափելի պատմություն է:

Երեխայի կենսափորձը

– Հարցերից մեկը, որ տանջում է ինձ՝ ո՞րն է ազատության և ամենաթողության միջև ընկած փոքրիկ սահմանը:

– Իսկ ո՞վ պետք է «թողնի»: Ի՞նչի հիման վրա ծնողը պետք է ունենա նման հնարավորություն: Եթե նայում ենք այն տեսանկյունից, որ երեխային պետք է վերաբերվել՝ ինչպես մարդու, ապա բոլոր որոշումները պետք է ինքնուրույն կայացնի: Ինչպես ասացի՝ երեխաների մոտ պետք է գնալ ոչ թե պատասխաններով, այլ հարցերով: Եթե երեխան ցանկանում է՝ սկզբից զբոսնել, հետո անել դասերը, ապա դա նրա գործն է: Պետք է միայն նրան հարցնել. «Հասկանո՞ւմ ես, թե դա ինչի կհանգեցնի: Համոզվա՞ծ ես, որ այդպես ավելի լավ է: Փորձի համար չե՞ս ուզում հակառակն անել»: Ամեն դեպքում՝ որոշումը պետք է նա կայացնի: Իհարկե, սա չի գործում, երբ խոսքն առողջության մասին է: Փոքրիկ երեխան չի կարող հասկանալ՝ ինչո՞ւ է առանց գլխարկի եղել ու հիվանդացել: Եվ այդպիսի դեպքերում, երևի, պետք է մեծ համառություն դրսևորել: Բայց մեկ է, չեմ հասկանում, թե ի՞նչ հիման վրա պետք է թույլ տամ կամ արգելեմ:

– Գուցե փորձի՞ հիման վրա:

– Միտքն այն մասին, որ երեխաների մոտ փորձն ավելի քիչ է, քան մեծահասակների, շատ լուրջ մոլորություն է: Նրանք իրենց փորձն ունեն և, շատ դեպքերում, երեխաների մոտ փորձն ավելի շատ է, քան մեծերի մոտ: Օրինակ՝ բնության հետ շփվելու փորձը: Երեխաներն ավելի լավ են հասկանում՝ ինչպես վարվել թիթեռի հետ: Եթե մեծերի մոտ շատ է փորձը, ապա դա միայն դժբախտ կյանքի փորձն է: Փորձն ապրածի քանակը չէ, այլ հասկացածի: Կան մեծահասակ մարդիկ, որոնք այդպես էլ խելք չեն հավաքում: Բայց կան խելացի երեխաներ, որոնք կարողանում են վերլուծել իրենց կյանքը: Փորձը բավականին բարդ պատմություն է, որովհետև հենց դա թույլ չի տալիս հասնել հաջողության:

– Ինչո՞ւ:

– Հաջողությունը կա այն ժամանակ, երբ մոռանում ես քո նախկին սխրանքների մասին: Դու այլ կերպ ես վարվում՝ չիմանալով՝ ինչպիսի արդյունք կլինի: Գիտության մեջ բոլոր բացահայտումներն արվում են այն մարդկանց կողմից, որոնք չեն վախենում հերքել մյուսների փորձը: Ծնողի փորձը կարող է ոչ թե ուղղորդել, այլ երեխային շեղել ճիշտ ուղուց: Մեծ հարց է, թե ինչո՞ւ են ծնողներն իրենց իրավասու համարում՝ դաստիարակել երեխաներին: Օգնել՝ անխոս, օժանդակել՝ առանց հարցերի, պաշտպանել՝ պարտադիր: Խորհուրդ տալ, բայց ոչ ղեկավարել:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս