Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Շուշան Պետրոսյանն է. «Նվագախմբի փորձը»

Այս երկուշաբթի «Կադրերի բաժին N 168»-ում երգչուհի Շուշան Պետրոսյանն է, ով մեր ընթերցողներին առաջարկում է դիտել հայտնի իտալացի դասական, հնգակի օսկարակիր Ֆեդերիկո Ֆելինիի «Նվագախմբի փորձը» (Federico Fellini «Prova d’orchestra»): Ֆիլմը դրամա է, նկարահանված 1978 թ. Իտալիայում: Գլխավոր դերերում հանդես են գալիս Բալդուին Բաասը, Կլարա Կոլոզիմոն, Ռոնալդո Բոնակին, երաժշտության հեղինակը Նինո Ռոտան է, ֆիլմի տևողությունը 70 րոպե է:

KADR-03«Նվագախմբի փորձը» պսևդո-դոկումենտալ ժանրում նկարահանված գեղարվեստական ֆիլմ է: Լրագրողը, ով ֆիլմի հերոսներից մեկն է, հարցազրույցների շարք է պատրաստում՝ սիմֆոնիկ նվագախմբի անդամների հետ: Նրանցից յուրաքանչյուրն առանձնակի սիրով ու ջերմությամբ է նկարագրում սեփական երաժշտական գործիքը, մինչ այն պահը, երբ ֆիլմում ի հայտ են գալիս վարքի որոշ տարբերությամբ նվագախմբի ներքին հիերարխիայում առավել ցածր դիրք գրավող երաժիշտներ… Դիրիժորն այստեղ կիսաաստված է՝ գրեթե բռնակալ:

shushan (1)

shushan (3) shushan (4) shushan (5)

Շուշան Պետրոսյանն   իր առաջարկած ֆիլմի մասին գրում է. «Իհարկե, Ֆելինին այն ռեժիսորն է, որի ցանկացած ֆիլմ իմ նախընտրությամբ կարող էր տեղ գտնել ձեր խորագրում: Դա կարող էր լինել և՛ «8 ու կեսը», և՛ «Քաղցր կյանքը», և՛ «Ամարկորդը», և՛ «Կազանովան» և՛, հատկապես իմ դեպքում, «Եվ նավը լողում է» ֆիլմը, որովհետև ինձ գրավել է այդ ֆիլմի, այսպես ասեմ՝ խճանկարային կառուցվածքը, բայց ձեր ընթերցողներին այս անգամ կառաջարկեմ հենց «Նվագախմբի փորձը»՝ իր սյուժետային ամբողջականության համար: Ինձ համար այս ֆիլմը կարծես մի տեսարանով   նկարահանված լինի, որտեղ այնքան գեղեցիկ լուծումներով են նկարագրված նվագախմբի փորձերը, նրանց հարաբերությունները, ապրումները, խառնվածքը, նույնիսկ ցինիզմը, վերաբերմունքը սեփական գործիքի նկատմամբ:

shushan (2)

Ինձ համար այս ֆիլմի ողջ գաղափարն արտացոլվում է վերջին կադրում, որը ֆանտաստիկ լուծում է, իմ կարծիքով: Դեռ ուսանողական տարիներին եմ առաջին անգամ նայել «Նվագախմբի փորձը» , և երբ եկավ այդ վերջին կադրը՝ ֆիլմի ավարտը, որ տրամաբանորեն այնքան ճիշտ և գեղեցիկ էր կառուցված, ես սկսեցի հեկեկալ դահլիճում նստած: Երբեք չեմ մոռանա այդ զգացողությունը: Գիտե՞ք, իմ կարծիքով՝ այս ֆիլմն այնքան էլ ֆելինիական չի, որովհետև այն էյֆորիկ զգացողականությունն ու իտալականությունը, որ կա նրա յուրաքանչյուր ֆիլմում, այստեղ կարծես այդքան ընդգծված չէ, ինձ համար սա Ֆելինիի ձեռագրի նոր երանգ է: Գուցե իմ կողմից Ֆելինիին անդրադառնալն ինչ-որ տեղ հնաոճ ընտրություն դիտարկվի, պարզապես ամերիկյան կանխատեսելի ավարտով ֆիլմերի առատությունից ես իսկապես կարոտ եմ այսպիսի արվեստի»:

shushan (7)

Կարդացեք նաև

 

 

Ֆեդերիկո Ֆելինին  իտալացի ռեժիսոր և սցենարիստ է՝ համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից մեկը՝ 25 ֆիլմի ռեժիսոր, 51 ֆիլմի սցենարի հեղինակ: Հնգակի օսկարակիր է, 4 անգամ արժանացել է Կաննի, 3 անգամ՝ Վենետիկյան և Մոսկովյան միջազգային կինոփառատոների մրցանակներին: Բրիտանական կինոակադեմիայի պատվավոր անդամ և մրցանակակիր Ֆեդերիկո Ֆելինիի պատվին է անվանակոչվել  ծննդավայր Ռիմինիի օդանավակայանը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս