Բաժիններ՝

Դեֆոլտի խնդիր չկա

ՀՀ կառավարության կողմից պետական պարտքը 2 մասի մասնատելը՝ առանձին-առանձին սահմանելով կառավարության պարտք և Կենտրոնական բանկի պարտք, խիստ քննադատության արժանացավ թե՛ ընդդիմադիր խորհրդարանականների, թե՛ վերլուծաբանների ու անկախ փորձագետների կողմից, որոնց կարծիքով` դրա նպատակը մեկն է՝ հնարավորություն ստեղծել անարգել ավելացնել պետության պարտքը և խուսափել քննադատությունից:

Սակայն ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «168 Ժամի» հետ զրույցում հավաստիացրեց, թե տրամաբանորեն մեկը մյուսին կապել չի կարելի, դա ընդամենը վիճակագրության խնդիր է, որ ամբողջ աշխարհում է ԿԲ պարտքն առանձին ներկայացվում կառավարության պարտքից, և այսպիսով փորձում են մեր ցուցանիշները հասկանալի դարձնել աշխարհի համար: Ըստ նրա՝ եթե խնդիրն այն լիներ, որ պարտքի վերին շեմը ՀՆԱ-ի համեմատ 60%-ը ցածր է և պետք է բարձրացնել, կառավարությունը նույն կերպ, ինչպես բերեց այս օրենսդրական նախագիծը՝ ԿԲ պարտքն առանձնացնելու մասին, շատ ավելի հանգիստ կարող էր բերել 60%-ի փոխարեն 70% շեմ սահմանելու մասին օրինագիծ:

Դա, Պ. Սաֆարյանի կարծիքով, ընդվզում չէր առաջացնի. «Այնպես չի, որ 60%-ը Ավետարանի մեջ գրված թիվ է, այսինքն՝ ավելին մեղք է համարվում, որովհետև կան երկրներ, որ 100% է պարտքը, և նրանց օրենսդրությունը դա թույլ է տալիս: Դա իրավական հարց է: Այսինքն՝ կարող էին տոկոս բարձրացնել, իսկ կառավարության ու ԿԲ պարտքն առանձնացնելը կարելի է միշտ քննադատել, ոչինչ չի խանգարում ընդդիմադիրներին թվերը գումարել, բաժանել ՀՆԱ-ի վրա ու կրկին հայտարարել, օրինակ՝ 64% կամ 70% դարձավ: Ոչ մեկը, ոչ էլ օրենքը չի խոչընդոտում դրան: Իհարկե, միշտ կարելի է քննարկել` պարտքի մեծությունը բա՞րձր է, ցա՞ծր է, վարկերն արդյունավե՞տ, թե՞ անարդյունավետ օգտագործվեցին, այդ հարցերը միշտ էլ կարելի է քննարկել: Օրենքը չի խանգարում վերլուծել, քննադատել:

Եվ այդ 60%-ն անձեռնմխելի չէր ու, եթե շատ հիմնավորված ու անհրաժեշտ լիներ, որ պետությունը ոչ թե 60%, այլ 65 % պետք է պարտք ունենա, ի՞նչ էր անելու կառավարությունը՝ բերելու էր, համոզեր ԱԺ-ին ու բարձրացներ»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ՀՀ արտաքին պարտքը սպասարկելու և տոկոսագումարները մարելու առումով ՀՀ-ն դեռ որքա՞ն պարտք կարող է վերցնել, Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ քննարկման դաշտը դա պետք է լինի, թե պետությունն ունի՞ ռիսկեր պարտք վերցնելու, և կարո՞ղ է մարել այն: Նա տեղեկացրեց, որ ներկայումս կազմվում է և մինչև հուլիսի սկիզբ կընդունվի կառավարության միջինժամկետ ծախսային ծրագիրը, որն ընդգրկում է 3 տարի՝ 2016, 2017 և 2018 թվականները:

Ըստ այդմ, ՀՀ բոլոր վարկային պարտավորությունների մարումները և տոկոսավճարները ֆինանսական հոսքերի մեջ ներառվել են ու որևէ խզում չեն առաջացնում. «Թե ինչպիսի՞ շարունակություն կլինի, Ֆինանսների նախարարությունում աշխատավարձ վճարում են, որ ֆինանսական հոսքերը տեղավորվեն դրա մեջ: Մեր նախարարությունն ավելի մեծ օպոնենտ է, ավելի ընդդիմադիր է շատ վարկեր վերցնելու և անարդյունավետ օգտագործելու հարցում, քան մնացած բոլորը, որովհետև դրա համար մենք ենք պատասխանելու թե՛ Ձեր առաջ, և թե՛ բոլորի առաջ: Որովհետև, եթե վաղը-մյուս օրը դեֆոլտի ենթարկվենք, բոլոր երկրներում դրա համար պատասխանատուն ֆինանսների նախարարությունն է»:

Պ. Սաֆարյանի խոսքով՝ դեֆոլտի նախադրյալն այն է, երբ եկամուտները, տնտեսական աճն ու ֆինանսական հոսքերը չեն բավարարում պարտավորությունները կատարելու: Արդյոք ՀՀ-ն մո՞տ է դեֆոլտի սահմանին, ինչը պնդում են շատ մասնագետներ, փոխնախարարը հայտարարեց, թե նման սահման գոյություն չունի: Ըստ նրա՝ ֆինանսական փաստաթղթերը շատ կոնկրետ են. «Եթե կգտնեք վարկ, որը գրված է՝ չենք մարելու կամ տոկոսը չենք սպասարկելու, որովհետև հնարավորություն չունենք, այն ժամանակ կարող եք ասել, որ մոտ ենք դեֆոլտին, կամ 2 տարի հետո դեֆոլտ կլինի:

Ես Ձեզ ասում եմ՝ ո՛չ. 3 տարվա կտրվածքով, երբ բոլոր ֆինանսական հոսքերի մեջ արտաքին պետական պարտավորություններն արտացոլված են, դեֆոլտի վտանգ չկա»:
Պ. Սաֆարյանը նշեց, որ աշխարհում և տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրավիճակում աճի ապահովման երաշխիքը ֆինանսական միջոցների ներգրավումն է: Նա հավաստեց, որ կառավարությունը փորձում է արդյունավետ օգտագործել ներգրավված վարկերը, բայց երբեմն դա ձգձգվում է: Նրա կարծիքով՝ պետք է տնտեսության մեջ ավելի շատ գումար ներարկել, որը բերելու է տնտեսական աճի, ինչն էլ բերելու է լրացուցիչ հարկերի գանձման, որն էլ օգտագործվելու է պետության ծախսերն ապահովելու համար:

Մեր դիտարկմանը, որ ներկայումս տնտեսությունն այն վիճակում է, որ ի վիճակի չէ կլանելու, Պ. Սաֆարյանը պատասխանեց, թե խոսքը պետական ֆինանսների մասին է, և այդ տեսակետից մենք կլանելու խնդիր չունենք:

Մեր հարցին, թե ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելն ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա, Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունը չի կարող ազդել դրա վրա: Նա համաձայնեց, որ կրում ենք այդ պատժամիջոցների ազդեցությունը, կան ռիսկեր, և եթե իրադրությունը խորանա, այդ պատժամիջոցներն ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա:

Ընդդիմադիրների մեղադրանքին, որ կառավարությունն այդպես էլ չվերանայեց այս տարվա բյուջեն, արդյոք վերանայման անհրաժեշտություն չկա՞, փոխնախարարը պատասխանեց, որ բյուջեն վերանայելու հիմնական խնդիրն այն է, թե պետությունն արդյոք պարտքեր կուտակո՞ւմ է, թե՞ ոչ. «Մենք երբևիցե անգամ պարտքեր չկուտակեցինք: Եթե կառավարությունը գա ու հաշվետվություն ներկայացնի, թե պարտքեր է կուտակել, այլ հարց է: Բայց մենք պարտքեր չենք կուտակել:

Ֆինանսիստների խնդիրն էլ այն է, որ ֆինանսական հոսքերն այնպես կազմակերպվի, որ պարտքեր չառաջանան, որովհետև պարտքերը կատաստրոֆա են ֆինանսական համակարգի համար: Բյուջեն վերանայելու իմաստը, հաճույքն այն է, որ արդյոք պարտքեր կուտակվո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե մենք պարտքեր չենք կուտակում, դա ինքնանպատակ բան է: Ի՞նչ է նշանակում՝ վերանայել, ի՞նչ հաճույք է դա տալիս: Եթե մեր երկրում պարտքեր կառաջանան, նոր վերանայման խնդիրը պետք է քննարկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս