Ի՞նչ է պետք «Ո՛չ թալանին» շարժմանը՝ հաջողության հասնելու համար
«Կարին» համույթի ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանը կարծում է՝ յուրաքանչյուր հայ պետք է հիմա լինի միշտ այնտեղ, որտեղ հայը խնդիր ու ցավ ունի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Գինոսյանը, ով հենց սկզբից միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող շաժմանը, նշեց, որ ինքը միտինգային դեմք չէ, հեղափոխական կերպար չէ, ոչ մի կուսակցական միտինգների չի լինում, բայց նման քաղաքացիական ընդվզումներին պարտադիր մասնակցում է, ու վստահ է, որ յուրաքանչյուր հայ պետք է լինի այնտեղ, որտեղ հայը խնդիր ու ցավ ունի:
Նա կարծում է՝ նման ընդվզումը շատ տեղին է, որովհետև նման սանձարձակ ու անբռնազբոս վերաբերմունք Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի ապագայի նկատմամբ որևէ մեկն իրավունք չունի ցույց տալ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանն էլ նշեց, որ սատարում է բոլորին, ովքեր այս ամբողջ օրերին ներկա են եղել «Ո՛չ թալանին» նախաձեռնության սկսած պայքարին:
Նա նշեց, որ թե իրենց գրասենյակի աշխատակիցները, թե՛ ընդհանրապես իրենց ոլորտի երիտասարդները էական մաս են կազմում այդ պայքարին: Նրա խոսքով՝ վերականգնվում է պինդ ոսկոր ունեցող հայ երիտասարդը: Կ. Վարդանյանը նաև կարծում է, որ այս գործընթացները կշարունակվեն:
Հարցին՝ ի՞նչ պետք է անի պայքարող շարժումը, որպեսզի հաջողության հասնի,Կ. Վարդանյանը հիշեցրեց «Դ!եմ եմ» շարժման ստրատեգիան, որի շնորհիվ նրանք հաջողության հասան. «Նախ, նրանք ունեին 20 հոգանոց ղեկավար մարմին, և այդ 20 հոգուց ամեն մեկը մի ընկերության ղեկավար էր, շատ խելացի մարդիկ էին: Նրանց միացել էին շատ պրոֆեսիոնալ իրավապահներ և տնտեսագետներ, ու նախարարն ինչ ասում էր՝ ապուշություն էր դուրս գալիս, քանի որ իրենք գիտեին իրականությունը: Հիմա նույնպես պետք է նույն ճանապարհով գնալ ու վերջում ձևավորել արհմիություններ, և այլն»: