Արդյոք ՀՀ նախագահն իրավասո՞ւ է կասեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը

«Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն: Այդպիսի իրավասությամբ Հայաստանի Հանրապետության նախագահն օժտված չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ նախագահն իրավասո՞ւ է կասեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Նորայր Նորիկյանի խոսքով՝ ընդունված որոշումը կարող է կասեցնել տվյալ հանձնաժողովը՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համաձայն:

Նշենք, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով, ընդ որում հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:

Ըստ օրենքի՝ հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:

Օրենքի համաձայն՝ դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը, սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին: Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում: Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում:

 

Տեսանյութեր

Լրահոս