Գալուստ Սահակյանն անջատում էր Փաշինյանի և Փոստանջյանի խոսափողները

«Ես դեպքերի թատերաբեմից եմ գալիս և ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին՝ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ: Լրագրողները ինձ հետ զրույցում հայտարարություններ են արել, ես հիմա այդ հայտարարությունը բարձրաձայնում եմ և դատապարտում եմ ապօրինի գործողությունները իրականացնողներին: Կոչ եմ անում, պահանջում եմ բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե պատգամավորի խոսքը չի առնչվում վարման կարգի հետ և անջատեց խոսափողը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհ Փոստանջյանը հայտարարեց, որ բոլորը տեսել են՝ ինչ է կատարվել Բաղրամյան պողոտայում, որտեղ 3 հաստատություններ են գտնվում: Թեև Գ.Սահակյանը կարգադրեց անջատել Փոստանջյանի խոսափողը, սակայն նա շարունակեց խոսքը՝ նշելով, որ պետք է բոորը միահամուռ ուժերով միջոցներ ձեռնարկեն կատարվածի դեմ ու պնդեց, որպեսզի Գալուստ Սահակյանը թույլ տա ավարտել իր խոսքը, քանի որ իրավունք չունի անջատել խոսափողը:

«Իմ իրավունքները բնորոշ է օրենքին»,- հակադարձեց Գ.Սահակյանն ու դիտողություն արեց՝ սպառնալով, որ հաջորդ քայլն այլ կլինի:

«Օրինաց երկիր» խմբակցության անունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց արտահերթ նիստ գումարել և քննարկել թանկացման գործընթացի կասեցման հարցը, ձևավորել հանձնաժողով, որը կուսումնասիրի խնդիրը:
Գ.Սահակյանը հայտարարեց, թե ԱԺ-ն կոչված չէ կասեցնելու, հատուկ ընթացակարգ կա, որը խորհրդակցության ժամանակ կներկայացնի:

Օրենքի քվեարկության ժամանակ կրկին ձայն վերցնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունը հայտնեց իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին:
Զ. Փոստանջյանը ևս փորձեց անդրադառնալ Բաղրամյան փողոցում կատարվածին, սակայն Գ. Սահակյանը կրկին անջատեց խոսափողը՝ պնդելով, թե ձայնի իրավունք չունի:

Փոստանջյանն իջավ ամբիոնի մոտ ու առանց խոսափողի շարունակեց ելույթը՝ ի պաշտպանություն բերման ենթարկված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Տեսանյութեր

Լրահոս