Ինչու է մեղադրյալը ձայնագրել Իսրայել Սարգսյանին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Դատարանում այսօր հարցաքննվեցին գործով մի քանի վկաներ, իսկ դատարան ներկայացած, մեղադրյալ Տիգրան Ասատրյանը (նրա մասով հետագայում գործից մաս էր անջատվել), օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:
Դատարան ներկայացած վկաներից մեկն էլ ասաց, որ Իսրայել Սարգսյանն իր ընկերն է: Մեղադրողը հետաքրքրվեց՝ արդյոք նա Իսրայել Սարգսյանի հետ «Մագնում» հյուրանոցային համալիրում եղե՞լ է, որին վկան պատասխանեց, որ անուններով չի հիշում: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ասաց, որ վկան ցուցմունք է տվել, որ իրեն հանդիպել է սրճարանում, նաև հյուրանոցում: Նա հետաքրքրվեց՝ իրենք հյուրանոցում ընդհանրապես հանդիպե՞լ են, ինչին վկան դրական պատասխան տվեց: Իսրայել Սարգսյանի հարցին՝ ինչո՞վ կարող է վկան ապացուցել, որ իրենք հյուրանոցում հանդիպել են, վկան պատասխանեց՝ ոչ մի բանով: Իսրայել Սարգսյանն էլ պնդեց, որ ինքը վկային հյուրանոցում չի հանդիպել, հանդիպումներ եղել են միայն սրճարանում. «Ուղղակի ես կարող եմ մի բան ասել, որ սա հերթական քննչական ապարատի ճկուն աշխատանքն է»:
Նշենք, որ հրապարակվեցին մի քանի վկաների նախաքննական ցուցմունքները կամ դրանցից մի հատված: Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հայտարարեց. «Եթե նախաքննության ընթացքում հարցաքննվել է, ու հանկարծ մի ստորակետ չի ասում վկան, պետք է հրապարակեն, որ ասի: Սա հավասարության սկզբունքի խախտում է: Ես խնդրում եմ սկզբունքորեն նայել այս հարցին»:
Դատարան ներկայացած Տիգրան Ասատրյանն ասաց, որ չի ցանկանում ցուցմունք տալ, նշեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը, օգտվելով իր դատավարական իրավունքից՝ չի ցանկանում դատարանում ցուցմունք տալ, պատասխանել հարցերին, ցանկացած բառ կարող է իր դեմ օգտագործվել: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ասաց, որ կցանկանար՝ հրապարակվեր Տիգրան Ասատրյանի ցուցմունքը, որ ինքը բազմաթիվ հարցեր ունի նրան: «Ինչպե՞ս կարող է՝ ես հարցեր չունենամ: Գործի մեխը սա է,- ասաց նա՝ շարունակելով,- Դատական պրոցեսը գնում է, ու դատական պրոցեսի ընթացքում կերևա՝ այդ ապացուցողական պրոցեսի ժամանակ ինչքանո՞վ է քննչական ապարատը աշխատանքներ տարել պրոֆեսիոնալ ձևով, ինչքանով է կարողանում ապացուցել տվյալ հանցագործությունը, որում մեղադրում են ինձ: Ընդհանրապես պիտի մեղադրող կողմն ապացուցի իմ հանցանքը, ոչ թե ես պիտի ապացուցեմ, որ ես չեմ կատարել այդ հանցանքը, բայց ես մի բան կասեմ:
Տվյալ ապացույցները, որոնք հիմք են դրված մեղադրականի մեջ, բոլորը ենթադրությունների դաշտում դրված մեղադրանքներ են, և այդ բոլոր ենթադրական մեղադրանքները կազմված են Տիգրան Ասատրյանի ցուցմունքների վրա: Այսինքն՝ Տիգրան Ասատրյանի տված ցուցմունքները վերցրել են կմախքի պես և վրան սկսել են հավաքել ինչ-որ մարմին, որը չի հավաքվում: Եվ դուք ինչպե՞ս եք մտածում՝ ես ինչպե՞ս պետք է նայեմ այս ամեն ինչին: Ինձ պետք է, որ տվյալ ցուցմունքները հրապարակվեն, որ հանրությունը, բոլորն իմանան, թե իրականությունն ինչ է, ու ես լիքը հարցեր ունեմ տալու: Եվ ես կուզենամ, որ ինքը պատասխանի այդ հարցերին»:
Նա նշեց, որ իրեն գողության, խարդախության կամ խուլիգանության մեջ չեն մեղադրում: «Ինձ մեղադրում են երկու սպանության համար, որոնցից մեկը եղել է իմ ընկերը, և երկրորդը, որը գոյություն չունի, չեն էլ կարողանա ապացուցել, որ այդ սպանությունը տեղի է ունեցել: Իսկ ինչ-որ խոսքի վրա կամ ինչ-որ ձայնագրության վրա որ կարելի է վերցնել, մարդուն դատապարտել, այսօրվա դրությամբ կարելի է Հայաստանի 50 տոկոսին դատապարտել ինչ-որ խոսակցությունների համար»,- ասաց նա՝ նշելով, որ ոչ մի անգամ մարդ չի սպանել:
Դատարանում հրապարակվեցին Տիգրան Ասատրյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Որպես վկա հարցաքննվելիս՝ նա հայտնել էր, որ սպանված Արթուր Սաֆարյանին ճանաչում է նրա եղբոր՝ Թևոս Սաֆարյանի միջոցով, Արթուր Սաֆարյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ էր գտնվում: Նա նշել է, որ դեպքի օրը Արթուր Սաֆարյանի հեռախոսահամարից զանգ է եկել, լացակումած ձայնով խոսել է Արթուրի կինը, ով հայտնել է, որ Արթուրին խփել են և տանում են հիվանդանոց, ինքը գնացել է հիվանդանոց, որտեղ իմացել են, որ նա արդեն մահացել է:
Մեկ այլ հարցաքննության ընթացքում Տիգրան Ասատրյանը հայտնել էր, որ սպանության օրը մինչև լուսադեմ մնացել է դեպքի վայրում, օպերատիվ աշխատողների հետ, դեպքի վայրի զննություն էր կատարվում, և ինքը փորձում էր օգնել դեպքի հետ առնչություն ունեցող առարկաների հայտնաբերման գործում. արդյունքում գտնվել են հրազենն ու ձեռնոցը: Ցուցմունքներից մեկում նա նշել է, որ օդանավակայանի ճանապարհին Իսրայել Սարգսյանի հետ խոսել են դեպքի մասին, ափսոսանք հայտնել, Իսրայել Սարգսյանն իր կարծիքն է հայտնել, ասել, որ Արթուրն «այնքան թեմաների մեջ կար և այնքան ախպոր հետ թշնամիներ ունեին, որ չես էլ իմանա, թե այդ հարվածը որտեղից եկավ»:
Լրացուցիչ ցուցմունք տալիս նա հայտնել էր, որ ձայնագրությունը կատարել է իր տանը, Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իր և Իսրայել Սարգսյանի միջև տարօրինակ խոսակցություն է կայացել, որն իրեն մտածելու մեծ առիթ է տվել, և ինքը որոշել է գնալ այդ քայլին՝ զուտ իր անվտանգության համար: Նա նշել էր, որ ձայնագրությունը կատարելուց հետո ջնջել է այն հատվածները, որոնք գտել է, որ չեն առնչվում այս թեմաներին, իսկ որոնք անհրաժեշտ է համարել, անցկացրել է ֆլեշկայի վրա և պահել, իսկ ձայնագրիչը՝ կասետի հետ միասին, վերացրել:
Նա նշել է, որ Իսրայել Սարգսյանն ասել է, որ սպանությունը կատարել է Մոսոն (խոսքը Մովսես Ներսիսյանի մասին է), որ սպանության հետ կապ չունի, ինքը խնդրել է կազմակերպել Մոսոյի հետ հանդիպումը կամ նրան բերել, հետո խնդրել նկարել կամ ձայնագրել, հետագայում ասել է, որ Մոսոն չկա, հարցերը լուծել է, իսկ իր հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ հարցերը լուծել է, նա պատասխանել է՝ «սատկացրել եմ»: