Կարո՞ղ է արդյոք քրեական գործ հարուցվել սուտ մատնության հատկանիշներով

ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս հայտարարություն էր տարածել, որ 2002թ. Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով վթարի դեպքին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը»,- նշված էր Դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք լրատվամիջոցով անձին մեղադրող սուտ տեղեկություններ հրապարակելու դեպքում կարո՞ղ է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվել: Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, եթե անգամ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածը պարունակի իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ապա միևնույն է՝ սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ չի կարող հարուցվել:

«Սուտ մատնության հանցակազմը առկա է, երբ ենթադրյալ հանցագործության կամ հանցագործի մասին տեղեկությունը հաղորդում են այն պետական մարմիններին, որոնք քրեական գործ հարուցելու իրավունք ունեն, ինչպես նաև այն պետական մարմիններին, որոնք պարտավոր են հանցագործության մասին իրենց հայտնի դարձած փաստը հանձնել քրեական գործի հարուցման իրավունք ունեցող մարմիններին, այդ մարմիններն են` Ոստիկանությունը, Դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները և այլ պետական մարմինները: Այլ մարմիններին նույնաբովանդակ տեղեկատվություններ հաղորդելը սուտ մատնության հանցակազմ չի առաջացնում, և եթե իրականում տեղեկատվությունը, որը հրապարակվել է ԶԼՄ-ի կողմից, չի համապատասխանում իրականությանը, ապա սուտ տեղեկատվություն տարածողը պետք է ենթարկվի քաղաքացիական, այլ ոչ թե քրեական պատասխանատվության՝ զրպարտության համար»,- ասաց փաստաբանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ սուտ մատնության հանցակազմը տարբերվում է զրպարտությունից նաև նրանով, որ սուտ մատնության դեպքում տեղեկատվություն տարածողը ցանկանում է հասնել նրան, որ անմեղ մարդը ենթարկվի պատասխանատվության. «Իսկ զրպարտության դեպքում նպատակը կայանում է անձի պատիվը և արժանապատվությունը նսեմացնելը: Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության սուտ մատնության համար, եթե իր կողմից տարածված տեղեկատվությունը վերաբերել է արդեն իսկ ավարտված, այսինքն՝ դատարանի կողմից քննված քրեական գործի փաստերին:

Սուտ մատնության հանցակազմն առաջանում է, եթե անձը տեղեկատվություն է տրամադրում վերը նշված մարմիններին նախապատրաստող, կատարված կամ ընթացքի մեջ գտնվող հանցագործության մասին: Տրամաբանությունը կայանում է նրանում, որ սուտ մատնություն կատարողն ակնկալում է, որ իր հայտարարության վերաբերյալ պետք է կատարվի քննություն, իսկ եթե խոսքը գնում է ավարտված գործի մասին, ապա ինքնին հասկանալի է, որ ԶԼՄ-ում այդ նյութը հրապարակողը նման ակնկալիք ունենալ չէր կարող»:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ վերջին ժամանակներում ակնհայտ է, որ հաճախակի անիմաստ քրեականացվում են տարբեր արարքներ, դրանք ստանում են հասարակական հնչեղություն և բացասաբար են ազդում մեր հասարակության և պետության վրա: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ Գլխավոր դատախազությունը շատ զգույշ պետք է լինի նման հաղորդումներ տարածելով, քանի որ այն կարող է անուղղակի ազդել պետության հեղինակության վրա:

Փաստաբանը նշեց, որ վիրավորանքը և զրպարտությունն ապաքրեականացվել են, ինչի նպատակը եղել է` առավելագույնս պաշտպանել մարդու իրավունքները. «Իսկ եթե կոնկրետ դեպքով մենք փորձենք քողարկված ձևով քրեական պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ի ներկայացուցչին սուտ մատնության համար, զրպարտության փոխարեն, ապա դա կնշանակի, որ մենք մի քանի քայլ հետ ենք գնում խոսքի ազատության պաշտպանության ոլորտում»:

Ի դեպ, նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռով արդարացրել էր սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող կնոջը. դատարանը համարել է, որ մեղադրանքն այդ մասով հիմնավոր չէ. դատարանն արձանագրել է, որ ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալից գրավոր հաղորդում չի վերցվել, նա օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Բացի այդ՝ դատարանը նշել է, որ կինը սուտ տեղեկություններ հաղորդել է առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու, իր կատարած արարքը արդարացնելու համար՝ այդ ընթացքում ամբաստանելով նաև ինքն իրեն: Ընդհանուր իրավասության դատարանը կնոջն արդարացրել է այդ մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատավճիռը բողոքարկել է նաև դատախազը՝ պահանջելով ամբաստանյալին մեղավոր ճանաչել նաև սուտ մատնության կատարման մեջ:

Ի թիվս այլ հիմնավորումների՝ դատախազը նշել է, որ անձը ենթակա է քրեական պատասխանատվության իր կողմից կատարված այն արարքի համար, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով, օրենքի չիմացությունը չի ազատում քրեական պատասխանատվությունից, իսկ կոնկրետ սուտ մատնության համար անձի նախազգուշացված չլինելն ամենևին էլ չի ենթադրում, որ վերջինս ենթակա չէ քրեական պատասխանատվության` անմեղ անձին հանցանքի կատարման մեջ մեղադրելու համար, քանի որ նախազգուշացումն ընդամենը միջոց է վարույթն իրականացնող մարմնին հանցագործության մասին սուտ տեղեկություններ տրամադրելու դեպքերը եթե ոչ՝ բացառելու, գոնե` հնարավորինս քչացնելու համար, բայց ոչ պայման՝ դրա համար նախատեսված պատասխանատվության առաջացման համար: Վերաքննիչ դատարանը մերժել է այս բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Որոշումն այժմ վիճարկվում է վճռաբեկ դատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս