ԱԺ-ում ծավալված վեճն ու դռնփակ նիստը հաշտությամբ ավարտվեցին

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած Թուրքիայի կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտող օրինագծի շուրջ ծագած վեճն ու դռնփակ նիստն ավարտվեցին հաշտությամբ:

Զ.Փոստանջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համաձայնել են այս տարի սեպտեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և այդ ժամանակ ինքը նորից կներկայացնի լրամշակված նախագիծը՝ միգուցե ավելացրած պահանջներով:

«Ես մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից եմ ներկայացրել օրինագիծը և, կարծում եմ, որ այս հարցն արդիական է»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ լսումները պետք է միանշանակ բաց անցկացվեն:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ օրինագծի նկատմամբ տարբեր մոտցումներ կան, կան բավականին խնդիրներ, որ լրամշակումների անհրաժեշտություն ունեն. «Իմ տեսակետով՝ նպատակահարմար չի նման խնդիր քննարկել, որովհետև մեր նպատակը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ճանապարհին նա չէ, ինչ որ ներկայացված է: Ես ողջունում եմ, որ հեղինակը լսելով բոլորի տեսակետները հետ վերցրեց լրամշակելու: Բաց, թե փակ կլինեն լսումները, դեռ վաղ է խոսել, էսպես թե էնպես մենք պետք է լսումներ անցկացնեինք աշնանը, հատկապես լրանում է Ցյուրիխյան արձանագրությունների 6-րդ տարին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս