Թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը լքեցին նիստերի դահլիճը

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի շուրջ: Պատգամավորն առաջարկում է օրենքով դատապարտել Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր այս հարցը փակ քննարկել: Զ.Փոստանջյանը նշեց, որ Ֆարմանյանը չի հիմնավորել, թե ինչու պետք է քննարկումը փակ անցկացնեն. «Մենք գտնվում ենք ժողովրդավար երկրում և հանրությունը պետք է իմանա` ինչի շուրջ է բանավեճը: Սա պետական գաղտնիք պարունակող խնդիր չէ: Սա վերաբերում է մեր ազգային անվտանգությանը»:

Ս.Ֆարմանյանի կարծիքով՝ հիմնավորումները հստակ են և նույնիսկ ԱՄՆ կոնգրեսում աշխատանքային քննարկումները երբեմն փակ ռեժիով են տեղի ունենում: Ըստ նրա՝ օրինագծում կան պատմագիտական բնույթի շատ վտանգավոր անճշտություններ, որոնց հրապարակայնացումը կարող է վնաս հասցնել ՀՀ-ին և մեր հակառակորդի ձեռքին գործիք ծառայել, որ մեր դեմ օգտագործեն:

«Պարոն Զաքարյան, մենք հո կրակը չենք ընկե՞լ իսկապես, ամեն պատգամավորի նախագիծը…»,- վրդովմունքը չզսպեց Ս.Ֆարմանյանը:

Կարդացեք նաև

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ խնդիրը փակ չէ, դիսկուրս արդեն կա, բայց նա նշեց, որ հասկանում է նաև Ֆարմանյանին, որ կարող են որպես քաղաքական մարմին կաշկանդված լինեն որոշ առումներով. «Ուզում ենք փակ լինի այն մասը, որով մեր մոտեցումներն ենք ներկայացնելու և փորձելու ենք կրակն ընկած վիճակում չզգանք մեզ: Ոչ ոք չի կաշկանդում Ձեզ, որ ինչ հայտարարություն ուզում եք անեք, բայց որոշ սահմաներ կան: Ես՝ որպես ԱԳ նախկին նախարար, չէի ուզի, որ մի քննարկման մեջ իմ անունը շոշափվի, որի մեջ զավեշտ կա»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ հակված է, որ արտաքին քաղաքական ոլորտը պետք է էապես տարբերվի գյուղատնտեսության ոլորտից: Ըստ նրա՝ տարբեր հարցադրումներ կլինեն գործընկերուհուն, որ չէր ցանկանա հրապարակվեր:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախադեպեր եղել են դռնփակ նիստ անելու, բայց քննարկման իմաստն այն է, որ իմանան՝ ով ինչին է կողմ: Նա նշեց, որ դռնփակ նիստի պրակտիկան վատ սովորույթ է և հանրությունն իրավունք ունի իմանալ փաստարկներն ու հակափաստարկները:

«Ավելի մեծ նվեր Էրդողանին պառամենտական ընտրություններից առաջ պատկերացնել հնարավոր չէ»,- իր հերթին հայտարարեց ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն այս որոշումով կվավերացնի թուրք գործիչների պնդումը, որ պետք է Ցեղասպանության հարցերն ուսումնասիրող պատմական հանձնաժողով ստեղծվի:

Ըստ Ա.Արզումանյանի՝ այս նախագծով առաջարկվում է, որ հայը որտեղ տեսնի թուրք երեխա, կարող է մորթել. «Ընդունում եմ՝ ես պակաս նվաստ հայրենասեր եմ, որ չեմ պահանջում Թուրքիայի կեսը տալ Հայաստանին»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե արհամարհում է Զ.Փոստանջյանի նախագիծը և սպառնաց շարունակելու դեպքում լքել նիստի դահլիճը: Նրան միացավ նաև Ա.Արզումանյանը և երկու պատգամավորները վեր կացան ու դուրս գնացին սենյակից:

Զ.Փոստանջյանը հայտարարեց, թե օրինագիծը վերաբերում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածքների բռնազավթման դատապարտմանը: Նա մեղադրեց պատգամավորներին վախկոտության մեջ. «Դուք վախենում եք, որ ձեր կարծիքը հրապարակավ հնչի»:

«Մամուլը Ձեզ խանգարում է հասկանալ, որ այս հարցը դեմ է ՀՀ շահերին»,- հակադարձեց Ա.Զաքարյանն ու նիստը շարունակեց փակ վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս