Բաժիններ՝

Մերժվող միասնական քննություններ

Չինական հանրահայտ անեծքը «մաղթում է» ապրել բարեփոխումների դարաշրջանում: Այս իմաստով բոլորս «անիծված» ենք: Հեռավոր 1985-ից պարբերաբար բարեփոխումների շրջանում ենք: Ու վերջը չի երևում: Նույնը կարելի է պնդել այս տարվա դպրոցական շրջանավարտների մասին: Նրանց ուսումնառությունը հանրակրթության պես պահպանողական կառույցում անցավ տոտալ բարեփոխումների ուղեկցությամբ: Ինչ-որ պահի թվում էր, թե ոլորտը կայունացել է, և հիմա ժամանակն է ուսումնասիրելու գործադրվող բարեփոխումների հետևանքները: Իսկապես հանրակրթության ոլորտում որոշակի կայունություն կա: Վերջին հինգ տարում Հայաստանում գործում է մոտ 1435 դպրոց: Իսկ նույն հինգ տարում աշակերտների քանակը տարեկան կրճատվում է նույն կայունությամբ:

Ամեն տարի աշակերտների քանակը պակասել է 8-20 հազարով: 2009-ին հանրակրթական դպրոցում սովորում էր 392 հազար աշակերտ: Պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով` նրանց քանակը 2013-ին արդեն 360 հազար է: Հասկանալի է, որ նույն վիճակագրական տրամաբանությամբ պակասում է նաև հանրակրթական դպրոցի շրջանավարտների թիվը: 2009/10 ուստարում դպրոցն ավարտել է 40 հազար 800 շրջանավարտ: 2010/11-ին` 35 հազար 500: 2011/12-ին` բարեփոխումների հետևանքով (կամ` արդյունքում) շրջանավարտներ չունեցանք:

Տասներկուամյա հանրակրթական համակարգ էր ներդրվում: 2012/13 ուստարում դպրոցն ավարտեց 34 հազար 900 շրջանավարտ: Կտրուկ անկում արձանագրվեց պաշտոնապես հրապարակված վերջին` 2013/14 ուստարում: Դպրոցն ավարտեց ընդամենը 27 հազար 400 աշակերտ: Զուգահեռաբար պակասում է նաև ուսանողների թիվը: Բնականաբար: Հինգ տարի առաջ ՀՀ բուհերում մասնագիտանում էր մոտ 115 հազար ուսանող, իսկ անցած տարի` ընդամենը 86 հազար: Հետևաբար` կրճատվում է նաև դիմորդների քանակը:

Այս տարի Կրթության նախարարի հրամանով մեր պետական բուհերին հատկացված է 15 հազար 332 տեղ: Ենթադրվում է, որ այդ թվին մոտ է լինելու դիմորդների քանակը:

Կարդացեք նաև

Համեմատության համար կարելի է նշել, որ 2009/10ուստարում հատկացված էր մոտ 26,5 հազար, իսկ 2012/13 ուստարում` 19 հազար տեղ: Փաստորեն, Կրթության նախարարի հրամանով հաստատված ուսանողական տեղերի քանակի նվազումը բխում է «դաժան իրականությունից»: Պետական բուհական համակարգում կրթություն ստանալ ձգտողների թիվն անշեղորեն նվազում է:

Հայաստանի առաջատար պետական բուհին` Երևանի պետական համալսարանին բաժին է ընկնում պետական բուհերի առաջին կուրսեցիների մոտ 20 տոկոսը` 3 հազարից մի փոքր ավելի տեղ: Պաշտոնապես նշվում է, որ ԵՊՀ դիմել է 3 հազար 448 դիմորդ: Այս թիվը մոտ 150-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Փաստորեն, դատելով նախորդ տարիների փորձից, կարելի է ենթադրել, որ երկրորդ ու երրորդ հայտերով բուհ կընդունվեն բոլոր դիմորդները: Բոլոր նրանք, ովքեր կհաղթահարեն ընդունելության քննությունների նվազագույն շեմը: Մի տարի անգամ դեպք արձանագրվեց, երբ բուհերին անհրաժեշտ քանակով ուսանող «ապահովելու» համար իջեցվեց նույնիսկ դրական գնահատականի նվազագույն շեմը: Ինչը, իհարկե, ավելի խթանեց բարձրագույն կրթության որակի անշեղ անկման գործընթացը: Բայց դա բոլորովին այլ խնդիր է:

Խնդիր, որ շարունակում է «ապահովել» բուհ դիմող շրջանավարտների քանակի անկումը: Այն, իհարկե, կարելի է բացատրել ժողովրդագրական գործընթացներով: Բայց պաշտոնապես ծնելիության ցուցանիշը վերջին տարիներին բավական կայուն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվում է 40 հազարից ավելի երեխա: Եվ դժվար է հավատալը, որ նրանց մեկ երրորդը մինչև չափահաս դառնալն արտագաղթում է Հայաստանից: Պարզապես բուհական ու հանրակրթական գործընթացների վիճակագրությունը, ժողովրդագրությունից զատ, ուրիշ երևույթներով էլ է պայմանավորված:

Նախ` հանրակրթականին զուգահեռ` գործում են մասնավոր դպրոցներ: Երկրորդ՝ հանրակրթական դպրոցի շրջանավարտների մի մասը պետական բուհեր չեն դիմում և չեն մասնակցում միասնական քննությունների բուհական ձևաչափին: Խոսքը, այսպես ասած, մասնավոր բուհեր դիմող շրջանավարտների մասին չէ:

Նրանց թիվը տարեցտարի կրճատվում է: Փոխարենը` ամեն տարի աճում է այն աշակերտների քանակը, ովքեր դիմում են Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր: Մի կողմից` դրանց շրջանավարտներն աշխատանքի շուկայում որոշակի առավելություն ունեն: Մյուս կողմից` պետք չէ բացառել այն, որ արտագաղթի մտադրություն ունեցող երիտասարդները ձգտում են կրթություն ստանալ Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական կամ Եվրոպական համալսարաններում: Սա, իհարկե, նաև յուրօրինակ վրեժ է մեր բուհական համակարգից: Համակարգ, որ տարիներ շարունակ իր ընդունելության քննություններով համարյա լիովին կտրվել էր հանրակրթական դպրոցից ու ուսուցիչներից: Կտրվել ու անցել էր կրկնուսույցների տիրապետության տակ:

Չգիտեմ` ինչ տրամաբանությամբ, բայց Հայաստանում գործող օտարերկրյա բուհերը, «Միմինոյի» բառապաշարով ասած, բոլորովին չեն հարգում մեր Կրթության նախարարության միասնական քննություններն ու դրանց արդյունքները: Այս բուհերը գերադասում են իրենք կազմակերպել դիմորդների ընդունելության քննություններ: Հետևաբար` օտարերկրյա բուհեր դիմող շրջանավարտները չեն մասնակցում միսսնական քննությունների «Բ» ձևաչափին: Իսկ այդ դիմորդների քանակը, ի տարբերություն պետական բուհերի դիմորդների, տարեցտարի աճում է: Երկու տարի առաջ Ամերիկյան համալսարանը սկսեց ընդունել բակալավրի աստիճանի հավակնողներին: Սլավոնական համալսարանը սկսեց հայալեզու ուսուցում: Այս տարի Երևանում իր մասնաճյուղը բացեց Մոսկվայի պետական համալսարանը:

Բացեց համարյա ընդունելության քննությունների շեմին: Հետևաբար` եկող տարի դեպի իրեն կկողմնորոշի նկատելի թվով շրջանավարտների: Ստեղծված պատկերն ի ցույց դրեց այն, որ մեր բուհական համակարգը պատրաստ չէր նման մրցակցության: Հետևաբար` ամեն տարի ավելի ու ավելի շատ դիմորդների է «զիջում» օտարերկրյա բուհերին: Իսկ դա նշանակում է, որ մեր բուհական համակարգը հայտնվում է ավելի վատ ֆինանսական իրավիճակում և ինչ-որ պահից այլևս ի վիճակի չի լինի բարձրացնել կրթության որակը` դառնալով պակաս հրապուրիչ: Մրցակցություն ասածը հենց սա է: Մինչդեռ մերոնք սովոր էին գործել մոնոպոլիայի պարագայում, որն արդեն չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս