«Հայաստանն ու ԵՄ-ն նպատակադրվել են ունենալ փաստաթուղթ, որն էապես չի տարբերվելու Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչից»

168.am-ի զրուցակիցն է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

– Ռիգան հյուրընկալեց Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովը մի իրավիճակում, երբ չի կարգավորվել ուկրաինական պատերազմը, ԱլԳ երեք երկրներ ասոցիացվել են, իսկ մյուս երեքն անորոշ կարգավիճակում են: Այնուամենայնիվ, կազմվեց ամփոփիչ հռչակագիր՝ ծրագրի և ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ: Ըստ Ձեզ` ինչով էր այս գագաթաժողովը կարևոր: Ի՞նչ ստացան Արևելյան գործընկերության երկրներն այս գագաթաժողովից:

– ԱլԳ՝ Ռիգայում կայացած գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը Հայաստանին քաղաքականապես քաջալերող նշան է, որպեսզի Հայաստանը հետամուտ լինի ԵՄ-ի հետ լավ համագործակցության քաղաքականությանը` այդպիսով աշխատելով հարաբերությունների իրավական նոր շրջանակի վրա: Դա կօգնի նաև հաղթահարել աշխարհագրական դժվարին դրությունը` «փակուղային իրավիճակը», և կկոնսոլիդացնի հարաբերությունների առևտրային և տնտեսական հիմքը: Այս իմաստով հռչակագիրը պարունակում է շատ հստակ կետ այն մասին, որ եվրոպական ֆինանսական ինստիտուտներից պարզեցվում են վարկերը բարելավելու համար փոխկապակցվածությունն ու շուկայի հասանելիությունը: Մյուս կողմից՝ ԵՄ-ն հստակ հանձնառություն ունի շարժունակության, ինովացիաների, ձեռնարկությունների, մրցունակության և ավիացիայի ոլորտներում, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար: Ի հավելումն, ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և ԱլԳ մյուս երկրներին նաև լավ կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ամրացման ոլորտներում:

– Միասնական հռչակագրում ասվում է. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են այն միասնական ընկալումը, որը ձեռք է բերվել ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շրջանակի վերաբերյալ, ինչը ծառայելու է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համակողմանի համագործակցության զարգացմանն ու ուժեղացմանը»: Շատ փորձագետներ պնդում են, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն պահպանել են իրենց հարաբերությունների հիմնական բովանդակությունը` քաղաքական և տնտեսական, նույնիսկ ավելի ընդարձակ շրջանակ ունեն: Եթե դա այդպես է, ապա վստա՞հ եք, որ Հայաստանն ապագայում կստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից:

– Ես կարծում եմ այսպես` դա կստորագրվի: Ինչպես գիտեք, Հայաստանը, ըստ էության, պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը 2013թ.: Եվ, ըստ էության, առաջիկա խնդիրն է լինելու ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը վերափոխելը՝ հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային հանձնառությունները: Շատ ոլորտներ կան, որտեղ ԵՄ-ն ու Հայաստանը կարող են խորացնել իրենց գործակցությունը, և ներկայումս կողմերը ցանկանում են այս ընդհանուր ընկալումը վերածել կապիտալի:

– Հայաստանյան որոշ փորձագետներ կարծում են, որ այս գագաթաժողովը նոր էջ բացեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար: Ե՞րբ կարելի է ակնկալել նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ, ի՞նչ ապագա է այս գագաթաժողովն ուրվագծել, Ձեր կարծիքով, ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար: Ըստ Ձեզ՝ կողմերը կարողացե՞լ են պահպանել հարաբերությունների հիմնական բովանդակությունը:

– Վաղ է կատեգորիկ կերպով խոսելու համար, բայց պարզից էլ պարզ է, որ կողմերը նպատակադրվել են ունենալ փաստաթուղթ, որն էապես չի տարբերվելու Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչից: Նոր համաձայնագիրը կարող է, այնուամենայնիվ, ընդգրկել հարցեր, որոնք կառնչվեն քաղաքական երկխոսությանը, արդարադատությանը, ազատությանն ու անվտանգությանը: Ի հավելումն, կարող են ընդգրկվել նաև Ասոցացման համաձայնագրի որոշ ոլորտային բաժիններ:

Իրականում նրանք կարող էին հեշտությամբ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի այն բաժինները, որոնք ցանկանում են պահպանել, տեղափոխել նոր համաձայնագիր` խնայելով ժամանակ և ջանքեր երկու կողմերի համար, միևնույն ժամանակ՝ պահպանելով ԵՄ աջակցությունը: Եկեք չմոռանանք, որ ԵՄ Ազգային ինդիկատիվ ծրագրում Հայաստանի համար 2011-2013թթ. ԵՄ աջակցության 75%-ը չէր վերաբերում առևտրի ոլորտին: Բայց նույնիսկ առևտրում կա «սենյակ»՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համար, ՀՀ առևտրի շուրջ 25%-ը ԵՄ-ի հետ է, և դա իրողություն է, որը նոր համաձայնագիրը պետք է դիտարկի:

Ավելացնեմ, որ Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ պայմանագրում որոշ բաղադրիչներ կան, որոնք արտացոլված չեն ԵՏՄ փաստաթղթում: Այս բաղադրիչների ներառումը ևս Հայաստանին կօգնի GSP+ ռեժիմն ամբողջությամբ օգտագործել, որը Հայաստանին հնարավորություն է տալիս իր ապրանքների 95%-ն արտահանել Եվրոպա՝ զրոյական սակագներով: Սա ՀՀ արտադրողների համար հնարավորություն է՝ առնչվել ԵՄ չափանիշներին: Ինչ վերաբերում է համաձայնագրի ստորագրման ժամանակահատվածին և հաշվի առնելով այն, որ Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել սկսել բանակցոոթյուններ, կարծում եմ, որ Եվրոպական միության Խորհրդի մանդատը կլինի շատ շուտով:

 

Տեսանյութեր

Լրահոս