Էժան կաթի փոշու ներկրման պատճառով ընկերությունները գյուղացուց կաթ չեն մթերում
Հայաստանի որոշ մարզերում կաթի մթերման գները ոչ միայն նվազել են, այլև կաթնամթերք արտադրող ընկերություններ կան, որոնք ընդհանրապես մթերումից հրաժարվել են ու գյուղացիներից կաթ չեն գնում։ Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ով նաև նշեց, որ իրենց այս խնդրով դիմել են տարբեր ֆերմերներ, հատկապես` Վարդենիսի տարածաշրջանից։
Ըստ նրա` գյուղացիներից կաթը շատ էժան գներով գնելու կամ ընդհանրապես չգնելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում ներկրվել է շատ էժան կաթի փոշի։ Հ. Բերբերյանի խոսքով` սա մտահոգիչ է, քանի որ սպառողները չգիտեն, որ դա կաթի փոշի է, որովհետև որևէ պիտակավորման վրա դա չի գրանցվում.
«Փաստորեն, ակնհայտ խաբեություն է տեղի ունենում, որովհետև կաթնամթերք արտադրող շատ ընկերություններ գովազդում են իրենց «անարատ» կաթը, բայց բանից պարզվում է` այսօր Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի, և այդ կաթի փոշով բիզնես են անում, որն ավելի շահութաբեր է։
Մեր խորին համոզմամբ` այստեղ ստուգող կազմակերպությունները պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն, որ անպայման փաթեթավորման վրա գրված լինի, որ այդ արտադրանքը կաթի փոշուց է»։
Նա նկատեց, որ խանութներում կաթի գինը չի իջնում, իսկ այդ սուտ պրոպագանդայի ազդեցությունը մնում է, և մարդիկ նրանց արտադրանքը գնելով` կարծում են, թե տվյալ արտադրությունն անարատ կաթից է պատրաստված. «Այս իրավիճակում պարենի անվտանգության աշխատակիցները լուրջ աշխատանք ունեն անելու։ Համենայնդեպս, երեկ` Վարդենիսի տարածաշրջանի խոշոր ֆերմերներից 3-4 ներկայացուցիչներ ասացին` «Մարիաննա» և «Աշտարակ կաթ» ընկերությունները հրաժարվել են մարդկանցից կաթ մթերել»։
Հ. Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցյալ տարիների համեմատ` այս տարի 1600 տոննա ավելի կաթի փոշի է ներկրվել Հայաստան։ Ըստ նրա` ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ. «Մենք շատ հետևողական պետք է լինենք, և տեղական արտադրողի շահերը պետք է մեզ մոտ գերակայի։ Կարծում եմ, որ այսպիսի քաղաքականությունը կբերի նրան, որ մենք աշնանը անասունների գլխաքանակի շեշտակի պակաս կունենանք»։
Մեր զրուցակիցը կարծում է` ամեն ինչ պետք է արվի, որ այսօր հայ արտադրողի արտադրությունը զարգանա, ոչ թե «մի քանի գործարան մի քանի կոպեկ ավելի շահույթ ունենալու պատճառով` այսօր հայրենական գյուղատնտեսությանը վնաս տա»։ Նրա համոզմամբ` բացի այն գերշահույթները, որոնք խոշոր գործարանները կարող են ստանալ կաթի փոշուց, այս ամենը կբերի նրան, որ ընդհանրապես մեզ մոտ աշնանը կաթի արտադրությունը շատ խիստ կնվազի, ինչպես նաև կնվազի անասունների գլխաքանակը։ Նա իրավացիորեն նկատեց, որ անարատ կաթով ու կաթի փոշով պատրաստված արտադրանքները պետք է տարբեր գների լինեն։
«168 Ժամը» զրուցեց նաև որոշ ֆերմերների հետ։ Վարդենիսի շրջանի ֆերմեր Վարդան Հայրապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այնպես չէ, որ գործարաններն ընդհանրապես իրենցից կաթ չեն վերցնում, բայց ժողովրդին «նեղն են գցում». «Մի քանի օր չեն վերցնում, հետո մի 20 դրամ էժան գնով վերցնում են, մի 4-5 օր հավաքում են, նորից ասում են` չեն վերցնումգ Պատճառը կաթի փոշին է, որը ներկրել են»։
Վ. Հայրապետյանը պատմեց, որ ամեն տարի ամռան եղանակին կաթը շատանում է, այդ պատճառով 10 դրամի չափով իջեցնում էին կաթի գինը, բայց այս տարի 180 դրամից դարձրել են 110 դրամ, սակայն կաթնամթերք արտադրող ընկերությունները 110 դրամով էլ չեն ընդունում այն։ Գյուղացուն նեղը գցելով` գինն իջեցնում և ընդունում են 100 կամ 90 դրամով։
Մեր հարցին` ինչո՞վ են նրանք բացատրում կաթի մթերման գնի այդչափ էժանացնելը, Վ. Հայրապետյանը պատասխանեց. «Գյուղացուն ասում են` ձեռք չի տալիս, թանկ է։ Մենք արդեն սկսել ենք համատարած մորթել անասուններին, սպանդը սկսել ենք, անասնագլխաքանակը պակասեցնում ենք։ Եթե մի տարի այսպես շարունակեն` ահագին կպակասի։ Ես արդեն 10 անասուն եմ մորթել»։
Հարցին` եթե կաթի գինը չբարձրացնեն` շարունակելո՞ւ եք անասունների սպանդը, Վ. Հայրապետյանը պատասխանեց, որ անպայման շարունակելու է. «Մեզ մոտ` Վարդենիսի տարածքում 7 ամիս ձմեռ է, մենք 7 ամիս այդ անասուններին խոտ ենք տալիս, մեր կովերն էլ դրսից բերած 30 լիտր կաթ տվող կովեր չեն, սովորական կովկասյան գորշերն են, որոնք 7-8 լիտր կաթ են տալիս։ Տարեկան տալիս է, ասենք, 1500 լիտր կաթ, որից եթե 400 լիտրը տալիս ես հորթն ուտի, ասենք, 30 հորթից էլ մի 5-6 հատը կսատկեն, այնտեղ մնում է 1100 լիտր կաթ, 110 դրամով որ այդ կաթը տաս, անգամ 1500 դրամով խոտի գինը չի լինի, էլ դրա պահելու իմաստը ո՞րն է, եթե դու դրանից անգամ մածուն էլ չունես տանն ուտելու, պահես` ի՞նչ անես»։
Վարդենիսի շրջանի մեկ այլ ֆերմեր` Գրիգոր Ասլանյանը նույնպես մեզ հետ զրույցում բողոքեց կաթի գնի էժանացումից` ասելով, որ այն ստիպված դարձրել են «ջրի» գին` 100 դրամ, որն ընդհանրապես ձեռք չի տալիս գյուղացիներին. «Հիմա, ստիպված, անասունը մորթում ենք, որ ծախենք` մեր վարկերը փակենք։ Եթե չբարձրացնեն կաթի գինը, շարունակելու ենք անասունների սպանդը, ուրիշ ճար չունենք»։
Հարցին` որքա՞ն պետք է բարձրացնեն կաթի գինը, որ գյուղացուն ձեռնտու լինի անասուն պահելը, պատասխանեց. «Քաղաքում, այսօրվա դրությամբ, մի շիշ կաթը վաճառում են 350-400 դրամ։ Գոնե մեզնից 180 դրամով առնեն, անցյալ տարի այդքան է եղել ու ինչ-որ չափով արդարացրել է իրեն, կարողացել ենք մեր պայմանները, խնդիրները հոգանք»։
«Մարիաննա» և «Աշտարակ կաթ» ընկերությունների մեկնաբանություններն այդ խնդրի հետ կապված` կներկայացնենք առաջիկայում։