«Երիտասարդ կինը ցավերի մեջ գալարվում է… գումար չկա ո՛չ դեղորայքի, ո՛չ հացի, ո՛չ բուժումների համար»

Գայանեի հարևանները մշտապես բողոքում են, որ նրա տանից բարձր լացի ձայն է գալիս, իսկ մյուս սրտացավ հարևաններն էլ նրա տան դուռը հաճախ փակ են տեսնում ու միայն ժամեր հետո նրան գտնում են անգիտակից վիճակում՝ հատակին ընկած: Գայանեն վատառողջ է ու իր երկու աղջիկներին չի կարողանում ապահովել անհոգ կյանքով:

2005թ. Գայանեի մոտ շաքարային դիաբետ էին բացահայտել, տարիներ առաջ էլ տեսողությունը սկսեց օր օրի վատանալ, ու հիմա նա անհապաղ աչքի վիրահատության կարիք ունի: Բացի այդ, արդեն երկու տարի է՝ ձախ ոտքն է սևանում, ու ծնկի տակ էլ այժմ ոսկոր չկա, ոտքը հաճախակի արնահոսում է:

«Ոտքս սկսեց գանգրենա տալ, սկսեց սևանալ, ու կրունկիս տակն էլ մեծ անցք ա բացվել. ոտքս փչանում ա: Երկու տարի առաջ էր` գնացի Էրեբունի հիվանդանոց, ասեցին՝ պետք ա անդամահատենք, ձայն չհանեցի, բժիշկը գնաց, ու ես էլ փախա հիվանդանոցից. որ մնայի՝ պիտի կտրեին ոտքս: Երկու ոտքով եմ, շատ եմ կարողանում յոլա գնամ, մի հատ էլ` մի ոտքով…. Դրա համար էլ փախա հիվանդանոցից: Ասում են` եթե ուշադրություն չդարձնեմ, ոտքիցս սկսած՝ ամբողջ մարմնով կփտեմ: Բայց դե, պիտի փող լինի, որ ուշադրություն դարձնեմ»,- ասում է Գայանեն:

soc-Amali (4)

Առանց ցավազրկող հաբեր ընդունելու՝ Գայանեն օրը չի կարող անցկացնել. երբ ոտքի ցավն ուժեղանում է՝ չի կարողանում իրեն զսպել ու սկսում է գոռալ ու լաց լինել, որն էլ որոշ հարևանների բողոքի պատճառն է դառնում: Բայց Գայանեն լավ հարևաններ էլ ունի: Նրանց շնորհիվ է դեռ ապրում. կողքի հարևան տատիկը միշտ մի աման ճաշ է տալիս, իսկ մյուս հարևանուհի Ամալյան ամեն օր այցելում է նրան ու իր օգնությունն առաջարկում: Հաճախ էլ այն դպրոցից է օգնություն ստանում, որտեղ իր աղջիկներն են հաճախում: Վարդաշենի թիվ 1 գիշերօթիկ դպրոցն է, մի քանի անգամ Գայանեի ու նման անապահով ընտանիքների տան վարձն էր փոխանցել, բացի այդ, ամսական որոշակի մթերք է հատկացնում Գայանեին: Դպրոցը հենց տան դիմաց է գտնվում, բայց Գայանեն աղջիկներին ստիպված է այս դպրոցն ուղարկում: «Էդ դպրոցը հատուկ կրթահամալիր ա չար էրեխեքի համար, բայց իմ էրեխեքս շատ-շատ խելոք են, ուղղակի որ միջոցներ չունեմ՝ էս դպրոցն եմ ուղարկում»,- պատմում է Գայանեն:

soc-Amali (5)

soc-Amali (6)

Գայանեի աղջիկները դեռ փոքր են` 12 և 13 տարեկան, բայց նրա խոսքով` արդեն շատ բան են հասկանում, շատ են տխրում, երբ մորն այս վիճակում են տեսնում, իսկ մայրն էլ միայն նրանց համար է ապրում. «Մենակ աչքերիս վիրահատության համար եմ գումար ուզում, որ կարողանամ իմ երեխաներին իրանց նպատակին հասցնեմ, ու վերջ, էլ բան չեմ ուզում»,- ասում է Գայանեն:

Գայանեն այժմ նույնիսկ թոշակ չի ստանում, ամիսներ առաջ զրկեցին թոշակից, ու հիմա էլ տան լույսի վարձը, երեք ամիս է՝ չի վճարել, չգիտի էլ` ինչ է անելու: Ամիսներ առաջ 14 հազար դրամ էր ստանում, հետո դարձավ 16 հազար, ու հետո` ոչինչ. պետք է հիվանդանոցում որոշակի հետազոտություններ անցներ, որ այսօր նորմալ գումար ստանար: Եվ, քանի որ գումար չուներ, չկարողացավ հիվանդանոց այցելել ու զրկվեց միակ փողի աղբյուրից. «Երրորդ կարգ էին տալիս, բայց որ գնայի հիվանդանոց՝ առաջին կամ երկրորդ կարգ կտային ոտքիս համար. չկարողացա գնամ, հիվանդանոցի սենյակներով անցնեմ, ու տենց զրկվեցի թոշակից»:

Ներկայիս փոքրիկ տունն էլ Գայանեի սեփականը չէ, վարձով է ապրում, մինչ օրս ամեն տեղ վարձով է ապրել: Մինչև տեսողության վատանալը Գայանեն աշխատում էր ու կարողանում էր իր փոքրիկ ընտանիքը պահել, այժմ էլ ի վիճակի չէ տանից դուրս գալ, ամուսնուց էլ տարիներ առաջ է բաժանվել ու ո՛չ լուր ունի, ո՛չ էլ երբևէ գումար է ստացել նրանից: Այժմ դժվարանում է դեղորայքի համար գումար գտնել, բայց առանց դեղեր ընդունելու էլ, Գայանեն գիտի` երկար չի ապրի. «Էն օրը գնացել եմ, փող եմ պարտք արել, աչքի դեղ եմ առել, որն էլ արժի 11 հազար 100 դրամ, ու մի հինգ հատ էլ ուրիշ դեղ առա…»:

soc-Amali (2)

Գայանեի հարևանը` տիկին Ամալյան, մեզ պատմեց, որ հաճախ է հարևանուհու դուռը փակ տեսնում ու ստիպված սկսում է ժամերով դուռը թակել, մինչև այն կբացվի: Պատմեց նաև, որ մի անգամ էլ Գայանեն ուշաթափվել էր տան մեջ, ու հարևանները ժամերով դուռը չէին կարողանում բացել, ստիպված բակից մեկը բարձրացել էր, լուսամուտից տուն էր մտել ու արագ բացել այն, որ հարևաններն ու բժիշկները նրան օգնության հասնեն:

soc-Amali (3)

Այժմ Գայանեի տանը հոսանք չկա, գումար չի ստանում, որ օրվա հաց գնի, երեխաներն էլ երբ հանգստյան օրերին տուն են գալիս, ստիպված է հատակին քնել` մահճակալը զիջելով աղջիկներին, ու դեռ ուրախ է, որ գոնե աղջիկներն են դպրոցում ապրում ու սնվում: Գայանեն գիտի` երկար չի կարող այս վիճակը շարունակվել, բայց նա դեռ չի պատրաստվում հանձնվել. աղջիկները փոքր են ու իր կարիքն ունեն, պարզապես հիվանդություններն են ստիպում նրան շատ հաճախ մահվան մասին երազել:

Լուսանկարները՝ հեղինակի

Տեսանյութեր

Լրահոս