Վրաստանում Բելառուսի դեսպանատունը կբացվի 2016 թվականին. Լուկաշենկո

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում Բելառուսի դեսպանատունը կբացվի 2016 թվականին: Այս մասին Բաթումում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն.

«Մեր մոտեցումը հետևյալն է. երբ առևտրային-տնտեսական հարաբերություններն անցում են կատարում բարձր մակարդակի, մենք որոշում ենք կայացնում դեսպանատուն բացելու մասին:

Բելառուսի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 200 միլիոն դոլար, դրա համար էլ մենք կարծում ենք, որ պետք է բացել դիվանագիտական ներկայացուցչություն, ինչը տեղի կունենա մեկ տարի անց: Ինչ վերաբերվում է քաղաքակաանությանը, ապա այստեղ մենք չունենք որևէ խնդիր»:

Մարգվելաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին՝ Վրաստան այցելելու համար. «Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանը, հանձինս Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեսավ իսկական ընկերոջ, ով հարգում է երկիրը, նրա պետականությունը, ինքնիշխանությունը և ելնելով դրանից՝ մտածում է հարաբերությունների առավելագույն խորացման մասին»:

Լուկաշենկոն առաջին անգամ է պետական այցով գտնվում Վրաստանում: Այցը մեկնարկել էր չորեքշաբթի և կավարտվի այսօր: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն հրավիրել է Բելառուս:

Տեսանյութեր

Լրահոս