Օբամայից չէի ցանկանա լսել «ցեղասպանություն» բառը. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին:

Էրդողանը հայտարարել է, որ չէր ցանկանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից լսել «ցեղասպանություն» բառը. «Ես չեմ էլ ակնկալում, որ տեղի կունենա նման բան: Վեց տարվա նախագահական շրջան է անցել: Շփումների ժամանակ մենք պարբերաբար անդրադարձել ենք այդ թեմային:

ԱՄՆ-ը տեղյակ է Թուրքիայի դիրքորոշման մասին, որ պետք է այս հարցը թողնել պատմաբաններին, իսկ մենք էլ կընդունենք նրանց կայացրած որոշումը:

Թուրքիան քանիցս հայտարարել է, որ 1915 թվականի դեպքերի հետ կապված պատրաստ է բացել արխիվները: ԵՄ-ը ոչ թե մեր առջևում է, այլ շատ և շատ հետ է ընկել մեզանից: Ամենավերջին հայտարարություններում կոչ է արվում բացել արխիվները:

Ես 12 տարի է, ինչ ամեն անգամ հայտարարում եմ, որ պատրաստ ենք բացել արխիվները: Եթե Հայաստանն էլ ունի արխիվ, թող նրանք էլ բացեն իրենց արխիվը: Երբ Թուրքիայի վարչապետ էի, վերանորոգվեց Վանա լճի Աղթամար կղզու եկեղեցին, տարեկան մեկ անգամ այնտեղ մատուցվում է պատարագ:

Թուրքիայում բնակվում է հայկական արմատներով մոտ 100.000 մարդ, որոնց կեսը Թուրքիայի քաղաքացիներ են, և նրանց հանդեպ ցուցաբերվում է նույնպիսի վերաբերմունք, ինչպիսին որ երկրի բոլոր բնակիչների պարագայում է: Հայաստանի մասով կարո՞ղ եք խոսել նման մոտեցման մասին:

Ապրիլի 24-ին մենք կգտնվենք Դարդանելում և մեր օրակարգից կբացակայի Հայաստանը: Վաղը՝ ապրիլի 23-ին, Ստամբուլում մենք կխոսենք համաշխարհային խաղաղության մասին: Ապրիլի 24-ի միջոցառումներին Թուրքիայում մասնակցելու են մոտ 100 երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ, դեսպաններ»:

Տեսանյութեր

Լրահոս