Ճապոնիայում գրանցել են գնացքի արագության համաշխարհային ռեկորդ՝ 603 կմ/ժամ
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ճապոնական Central Japan Railway Co. (JR Central) երկաթուղային ընկերությունը փորձարկել է «Մագլև» մագնիսային բարձիկով հերթական ճեպընթացը, որի ժամանակ գրանցվել է համաշխարհային ռեկորդ: «Սուպերգնացքը» զարգացրել է մինչև 603 կմ/ժամ արագություն և այդ արագությունը պահպանել է 10 վայրկյան շարունակ:
Ուշագրավ է, որ համաշխարհային նախկին ռեկորդը նույնպես պատկանում է այդ գնացքին, որը նախորդ հինգշաբթի զարգացրել է 590 կմ/ժամ արագություն, ինչը 9 կմ/ժամով գերազանցել էր 2003 թվականի փորձարկումների ժամանակ գրանցված ռեկորդը: Գնացքը կարողանում է նման արագություն զարգացնել նրա շնորհիվ, որ այն կպած չէ ռելսերին և գտնվում է դրանցից 10 սանտիմետր բարձրության վրա:
Գործելու սկզբունքն այն է, որ գնացքի ու երկաթուղային արահետի միջև ստեղծվում է մագնիսական հզոր դաշտ: Central Japan Railway-ը հայտարարել է, որ պլանավորված է մինչև 2027 թվականը Տոկիոյի ու Նագոյայի միջև գործարկել «Մագլև» գնացքների կանոնավոր հաղորդակցություն:
Ինժեներները, սակայն, զգուշացրել են, որ գնացքը զարգացնելու է մինչև 505 կմ/ժամ արագություն, ինչը, այնուամենայնիվ, ավելի քան կրկնակի կկրճատի մի քաղաքից մյուսը հասնելու ժամանակը: Ներկայումս ավտոմեքենայով Տոկիոյից Նագոյա հասնելը տևում է մոտ 5 ժամ, մինչդեռ «Մագլևն» այդ հեռավորությունը կհաղթահարի 40 րոպեում: