Քարդաշյանի այցի էֆեկտը՝ թվերով
Մեր թերթի նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքով այցելելով Հայաստան` բազմամիլիոն նվեր է մատուցել Հայաստանին` անվճար գովազդելով Հայաստանն աշխարհով մեկ։
Հաշվի առնելով այդ հրապարակման հնչեղությունն ու արձագանքները, որոշեցինք զարգացնել թեման։ Այս անգամ, կրկին առանց հուզական շեղումների և բարոյական խրատների` փորձենք մի քանի կոնկրետ ու չափելի թվային տվյալներով գնահատել Քարդաշյանների «արշավանքը»։
Նախ` սկսենք Google որոնողական համակարգից։
Ամենակարևոր ասելիքը, թերևս, այն էր, որ Քարդաշյանների շնորհիվ մեծանում է օտարերկրացիների հետաքրքրությունը հայերի և հայաստանցիների նկատմամբ։ Իսկ հետաքրքրության աճը չափելու ուղիներից մեկը Google որոնողական համակարգն է։ Որքան շատ են հետաքրքրվում, այնքան շատ են փնտրում, կամ` գուգլում։
Գոյություն ունի Google Trends հավելված, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսի փոփոխություններ է կրել որևէ բառի կամ անվանման փնտրման հաճախականությունը։ Տեսեք, վերջին 1 շաբաթվա ընթացքում «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել է 60%-ով։
Իսկ հիմա շատ ավելի հետաքրքիր տվյալ` «Where is Armenia» արտահայտության փնտրումն աճել է 7.5 անգամ (650%-ով)։ Այսինքն, մարդկանց թիվը, ովքեր ցանկացել են իմանալ, թե որտեղ է Հայաստանը, բազմապատկվել է 1 շաբաթվա ընթացքում։ Սա հենց այն է, ինչի մասին խոսում էինք. Հայաստանի մասին թեկուզ անուղղակիորեն լուրեր կարդալով` մեծանում է հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ «Kardashian Armenia» արտահայտության փնտրման հաճախականությունն աճել է 18.5 անգամ, «Kardashian in Armenia», «Kim in Armenia» փնտրումները` ավելի շատ։ Այնքան շատ, որ Google Trends-ում ճշգրիտ թվի փոխարեն` գրվում է «Breakout»:
Իսկ գծապատկեր 1-ը ցույց է տալիս, որ վերջին մեկ շաբաթում Google-ով Հայաստանի օրական փնտրումների քանակը եռապատկվել է` վերջին 3 ամսվա կտրվածքով։ Նույն ժամանակահատվածում «Armenian Genocide» փնտրման օրական հաճախականությունն աճել է 4-5 անգամ (գծապատկեր 1)։
Ի դեպ, հայաստանյան օգտատերերը վերջին 1 շաբաթում ամենից շատ փնտրել են ոչ թե Քիմ Քարդաշյանին, այլ Քանիե Ուեսթին։ Սա խոսում է փոխադարձ հետաքրքրության կտրուկ աճի մասին։ Իսկ եթե ավելի կարճ ասենք` ինտեգրման։ Կարող եք համոզված լինել, որ փնտրման հաճախականությունն աճել է Ծիծեռնակաբերդի, Կասկադի, «Թումո» կենտրոնի, Մալխաս Ջազ ակումբի, անգամ «Դոլմամա» ռեստորանի նկատմամբ։ Մի խոսքով, շահել են բոլոր այն վայրերն ու ընկերությունները, ուր այցելել է Քիմն ու իր ընտանիքը։
Wikipedia
«Քիմի էֆեկտը» բավականին լավ երևում է նաև Wikipedia օնլայն անվճար հանրագիտարանի վիճակագրությունից։
Այսպես` Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջը վերջին 1 ամսվա ընթացքում դիտվել է օրական միջինը 5000 անգամ։ Քիմը Հայաստան այցելեց ապրիլի 8-ին, և նույն օրը Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջի դիտումների քանակը հասավ 8208-ի։ Ապրիլի 9-ին թիվը հասավ 14 հազարի, 10-ին` 15600-ի։ Ապրիլի 11-ին ցուցանիշն ընկավ 9100-ի։ Իսկ հաջորդ օրը նոր ռեկորդ գրանցեց` 16830։ Իհարկե, ապրիլի 12-ին Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը հիմնականում պայմանավորված էր նաև Հռոմում մատուցված պատարագով, սակայն նախորդ օրերի ընթացքում Քարդաշյանների ներդրումն այս հարցում անուրանալի է։
Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին` նրանց շնորհիվ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35000 լրացուցիչ այցելու։ Այսինքն` այսքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլև կոնկրետ հետաքրքրվել` փորձելով ինքնուրույն տեղեկություններ քաղել մեր երկրի մասին (գծապատկեր 2)։
Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների թիվը նույնպես մեծացել է: Մինչև Քարդաշյանների այցը անգլերեն լեզվով Հայոց ցեղասպանության մասին պատմող հոդվածն օրական ուներ միջինը 4500 դիտում։ Առավելագույնը եղել է 5300։ Ապրիլի 8-ին օրական դիտումների թիվը կազմեց 7300, ապրիլի 9-ին` 10800, ապրիլի 10-ին` 11300, ապրիլի 11-ին` 8400 (գծապատկեր 3)։
Ապրիլի 12-ին Wikipedia-ի «Armenian Genocide» հոդվածն ունեցել է ռեկորդային` 31600 դիտում։ Իհարկե, այս ցուցանիշը գրանցվել է Հռոմի պատարագի շնորհիվ, սակայն նախորդող օրերի վիճակագրությունը նույնպես խոսում է այն մասին, որ Քարդաշյաններն այս հարցում քիչ դեր չեն խաղացել։
Սոցիալական ցանցեր
Սոցիալական ցանցերի ու դրանց ազդեցության մասին նշել ենք։ Այժմ փորձենք միայն Քիմ Քարդաշյանի օրինակով ցույց տալ, թե ինչ հսկա գործիքի մասին է խոսքը։ Քիմ Քարդաշյանի ֆեյսբուքյան էջն ունի 24 միլիոն հավանում։
Հայաստանում գտնվելու 5 օրերի ընթացքում նա իր էջում կատարել է կոնկրետ իր այցելությանը վերաբերող 8 գրառում` լուսանկարներով։ Այս 8 գրառումները միասին հավաքել են շուրջ 1.9 միլիոն հատ լայք և մի քանի հազար անգամ վերահրապարակվել են այլ օգտատերերի կողմից։
Instagram-ի էջն ավելի ակտիվ է։ Ունի 29.9 միլիոն հետևող։ Միայն Գեղարդի վանքում արված լուսանկարն այստեղ հավաքել է շուրջ 970 հազար լայք։ Իսկ ընդհանուր առմամբ, հայաստանյան այցի մասին պատմող գրառումները Քարդաշյանի Intagram-ի էջում հավաքել են շուրջ 6.5 միլիոն հատ լայք։
Twitter-ում Քիմ Քարդաշյանն ունի 31 միլիոնանոց լսարան, որտեղ նույն ակտիվությամբ գրառումներ է կատարում։
Իսկ այժմ եկեք հիշենք, որ Քիմից բացի, սոցիալական ցանցերում բազմիլիոնանոց լսարան ունեն նաև նրա քույրերը, ամուսինը, մայրը։
Այնպես որ, անհնար է հաշվել, թե նրանց սոցիալական ցանցերի միջոցով քանի տասնյակ միլիոն մարդ է իմացել հայերի ու Հայաստանի մասին։
Ընդամենը նշենք, որ, օրինակ, Twitter-ում #Armenia և #ArmenianGenocide հեշթեգերն աննախադեպ աճ են գրանցել Քարդաշյանների այցելության օրերին։ Ասենք, Armenia հեշթեգով կատարված գրառումների քանակն ապրիլի 8-ին հասել է 16 հազարի, այն դեպքում, երբ սովորաբար չէր անցնում 2-3 հազարից։
Հեռուստատեսություն, ռադիո, տպագիր և օնլայն ԶԼՄ-ներ
Արդեն գրել ենք, որ համաշխարհային գրեթե բոլոր հեռուստաալիքները, տպագիր և օնլայն լրատվամիջոցները ողջ ընթացքում լուսաբանել են Քարդաշյանների այցը` այդ համատեքստում խոսելով նաև Հայաստանի մասին։
Ի՞նչ կարժենար այդ լուսաբանումը, եթե կատարվեր վճարովի հիմունքներով։ Կոնկրետ թիվ նշելը գրեթե անհնար է, սակայն կարող եք համոզված լինել, որ այդ թիվը կունենար նվազագույնը 8 հատ զրո։ Օրինակ` մեդիա մոնիտորինգի փորձագետ Մայք Շալջյանը հաշվել էր, որ PR արշավի դեպքում Քարդաշյան քույրերի` Հայաստան կատարած այցի առաջին երկու օրերի լուսաբանումը հեռուստատեսությամբ և ռադիոյով կարժենար 36.5 միլիոն դոլար։ Փորձագետը հաշվարկի հիմք էր վերցրել ամերիկյան առաջատար Nielsen և Arbitron մարքետինգային կենտրոնների ցուցանիշները։ 36.5 միլիոն դոլար` ընդամենը 2 օրում և միայն ԱՄՆ տարածքում։ Դրա համար էլ բավականին արժանահավատ է թվում փորձագետի այն կարծիքը, որ եթե այս ամենին հավելենք նաև տպագիր հրապարակումներն ու դրանց տարածումն ամբողջ աշխարհում, ապա այս թիվը 100 անգամ ավելի մեծ կլինի։
Որպես վերջաբան
Ի դեպ, վերջին 1 շաբաթվա ընթացքում Հայաստանի ճանաչելիության կտրուկ բարձրացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Քարդաշյանների այցը և Հռոմում մատուցված պատարագը ժամկետների առումով համընկան։ Այսինքն` կարճ ժամանակահատվածում խտացվեցին երկու, իրար հետ նույն հարթության վրա չգտնվող երևույթներ, ինչը բազմապատկեց էֆեկտը։ Աշխարհը դեռ շարունակում էր խոսել Հայաստանի մասին` Քարդաշյանների համատեքստում, երբ դրան գումարվեց պատարագը։
Դժվար է ասել, սա ընդամենը զուգադիպությո՞ւն էր, թե՞ հստակ մշակված PR քայլ։ Ամեն դեպքում, այն հաջողված էր։ Ու եթե կա ստվերային կազմակերպիչ կամ կազմակերպիչների խումբ, ապա աշխատանքը փայլուն կատարվեց։
Իսկ այն հակափաստարկները, թե ի՞նչ օգուտ, որ Հայաստանի մասին իմացան` հետո՞ ինչ, հո չե՞ն այցելելու, և այլն, աբսուրդի ժանրից է։ Նույն տրամաբանության համաձայն` իմաստ չունի նաև ապրանքների (սնունդ, հագուստ կամ մեկ այլ բան) գովազդն ու բրենդինգը։ Ի՞նչ երաշխիք, որ գովազդի վրա ծախսած փողն աշխատելու է։
Ընդ որում, այս դեպքում Հայաստանն անվճար գովազդվեց։ Իսկ անվճար գովազդից հրաժարվելը, մեղմ ասած, տգիտություն է։
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ