Եվրաինտեգրացիա հնարավոր չէ, երբ տարածքային բաժանում կա. մոլդավացի քաղաքագետ
«Մոլդավայի ասոցիացումը Մոլդավայում դեռ դրականորեն նկատելի չէ»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց մոլդավացի քաղաքագետ Բոգդան Ցիրդյան` անդրադառնալով Մոլդավայի կայացրած աշխարհաքաղաքական որոշմանը, ԵՄ-Մոլդավա հարաբերություններին, Մոլդավա-Հայաստան զուգահեռներին, անվտանգության ոլորտում առկա խնդիրներին:
Հարցին, թե ռուսաստանցի և հայաստանցի քաղաքական գործիչների գլխավոր փաստարկը, որը հիմք ծառայեց Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության համար, դարձավ Ղարաբաղի անվտանգությունը, Մոլդավան այսօր չունի՞ խնդիրներ անվտանգության, մասնավորապես՝ Մերձդնեստրի անվտանգության հետ կապված, ո՞րն է Քիշնևի և Երևանի տարբեր մոտեցումների պատճառը, նա պատասխանեց, որ եթե առավելագույն չափով պարզեցնենք խնդիրը, ապա տարբերությունն այն է, որ Հայաստանը պատերազմել է Ադրբեջանի դեմ, որին աջակցում է Թուրքիան:
«Հիշեցնել Թուրքիայի նկատմամբ հայերի վերաբերմունքի մասին, կարծում եմ, չարժե, Ռուսաստանը, փաստորեն, օգնել և օգնում է հայերին: Առանց Կրեմլի աջակցության՝ Հայաստանը կկորցնի Լեռնային Ղարաբաղը: Եվ ոչ միայն Ղարաբաղը: Մոլդավայում, ներկայիս իշխանությունների կարծիքով, Ռուսաստանն ագրեսոր երկիր է: 14-րդ բանակը իբրև թե օգնել էր մերձդնեստրցիներին՝ այդպիսով աջակցելով անջատողականությանը: Հիշեցնեմ, որ 1989թ. Մոլդավայում ընդունվեցին լեզվական օրենքներ: Ռուսերենը կորցրեց պետական լեզվի կարգավիճակը: Մոլդավերենն անցավ լատինատառի: 1990թ. ազգային ճակատը պայմանավորվել էր Ռումինիայի հետ միավորվելու մասին: Այս պայմաններում Մերձդնեստրը հայտարարեց իր անկախության մասին՝ վախենալով Ռումինիայի կողմից անշլյուսից: 1992թ. պատերազմ եղավ: Խաղաղության պայմանագիրը ստորագրվեց Մոլդավայի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանը ստացավ Մերձդնեստրի հարցով բանակցությունների հարցում երաշխավորի իրավունք: Տեղի ունեցան մի քանի հանրաքվեներ` անկախության և ՌԴ-ի հետ մերձեցման: Փաստորեն, դա պրոռուսական տարածաշրջան է»,- նման տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ շարունակելով, որ այդ պատճառով ռուսական խաղաղապահների և ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքը Մոլդավայի եվրոպամետ իշխանությունների կողմից բացասական է: Նրա խոսքով` ռուսական զորքերի օպերատիվ խումբը և ռուսական խաղաղապահները հանդիսանում են խոչընդոտ Մոլդավայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար, և այդ գործոնը զայրացնում է մոլդավական աջակողմյան քաղաքական գործիչներին և նրանց արտասահմանյան համակարգողներին: Ավելին, ըստ Ցիրդյայի, եթե Մերձդնեստրը մտնի Մոլդավայի իրավական դաշտ, ապա ռուսամետ կուսակցությունները մշտապես հաղթելու են: «Նշանակում է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը ևս կփոխվի: Իսկ ո՞ւմ է դա պետք: Եվրոպայի՞ն, ԱՄՆ-ի՞ն, աջակողմյան կուսակցությունների՞ն, իհա՛րկե ոչ: Ուստի կարգավորման գործընթացում առաջընթաց չկա»,- ընդգծեց բանախոսը:
Քաղաքագետն ասաց, որ ԵՄ-ի հետ Մոլդավայի ստորագրած Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու առավելությունները նկատելի չեն, քանի որ Մոլդավան դեռ չի համապատասխանում ԵՄ մի շարք չափանիշների: Օրինակ, նրա դիտարկումներով՝ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին դեռևս հնարավորություն չի տալիս լուծել մոլդավական գինիների՝ ԵՄ երկրներում սպառման հարցը, քանի որ խիստ քվոտաներ են դրված: «Մենք նույնիսկ դա չենք կարողանում ամբողջացնել: Մրցակցություն` մեկ, չենք համապատասխանում մի շարք չափանիշների` երկու: Այսպիսով կորցնում ենք մեր ավանդական ճյուղերը: Վերցնենք գինեգործությունը: 2005թ. Մոլդավան վերահսկում էր ռուսական գինու շուկայի 65%-ը: 2014թ.` միայն 9.8 %-ը: Այսօր, երևի թե՝ ավելի քիչ: Մեծ հաշվով, դեպի ԵՄ արտահանումն աճել է: Ներկայում այդ արտահանումը մի քանի տոկոսով ավելի է, քան արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ: Բայց պետք է նշել, որ դա հիմնականում վերաարտահանումն է: Այսպիսի աճը չի հանգեցնում արժեքի բարձրացման և աշխատատեղերի ստեղծման: Արտաքին առևտրային հավասարակշռությունը մնացել է նախկինի նման»,- ասաց մոլդավացի քաղաքագետը: Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ եվրաինտեգրացիա հնարավոր չէ, երբ գոյություն ունի տարածքային բաժանում և կոնսենսուսի բացակայություն: «Կիպրոսը հաշիվ չէ»,- ընդգծեց Բոգդան Ցիրդյան: