«Միասնական արժույթ ստեղծելու հարցում Պուտինը շտապում է». Բագրատ Ասատրյան
«ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները պետք է իրականացնեն հակաճգնաժամային ծրագրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանն` անդրադառնալով ԵՏՄ տարածքում միասնական արժշույթ ստեղծելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգներին:
Նա նշեց, որ Պուտինի այդ հայտարարությունը «ձյուն էր իր գլխին գարնան այս ջերմ օրերին»: Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ ինքը եվրոպական ինտեգրացիայի լուրջ համակիրն է եղել, ինչպես հասարակության և քաղաքական ուժերի գերակշիռ հատվածը, երբ մեկուկես տարի առաջ 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց, թե հերիք է ինտեգրվել Եվրոպական միությանը, պետք է ինտեգրվել նոր միությանը: Բագրատ Ասատրյանը, դեմ լինելով այս որոշմանը, ասաց, թե հասկանում է` որոշման համար կան քաղաքական պատճառներ ևս, ուստի քաղաքական և տնտեսական պատճառներին իրատեսականորեն է մոտենում, հասկանում, որ Հայաստանի նման երկրների ապագան խոշոր, զարգացած շուկաներն են, բայց դրան հասնելու համար կան ռացիոնալ ճամապարհներ և այնպիսի ճանապարհներ, որոնք չեն բերի դրական արդյունքների:
«Հակասնալի է, որ եթե ձևավորվում է տնտեսական միասնական տարածք, ապա դրա արդյունքը պետք է լինի միասնական արժույթը: Առանց դրա այդ միությունը չի կարող արդյունավետ գործել: Այս պարագայում վախենամ, որ քաղաքական գործիչները շատ շտապեցին: Եթե մեր ապագան ԵՏՄ-ն է, եթե դա հաջողակ ծրագիր է, որի հարցում խիստ կասկածներ ունեմ, կարծում եմ, որ որոշումները պետք է ավելի քան մտածված լինեն»,- ասաց Ասատրյանը` խորհուրդ տալով միասնական արժույթի հարցում ուսումնասիրել Եվրոպական միության 40-ամյա զարգացման ճանապարհը:
Բ. Ասատրյանի համոզմամբ, քանի դեռ չեն ստեղծվել կառավարման միասնական մարմիններ, ֆիսկալ քաղաքականություն, ապա հունական, իսպանական, պորտուգալական խնդիրները լինելու են միշտ, իսկ միությունների առաջնորդների խնդիրը պետք է լինի իրենց երկրների տնտեսությունները միևնույն մակարդակի բարձրացնելը: Այնինչ նա նշեց, որ ԵՏՄ անդամ երեք երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը, այս տարի տնտեսական լուրջ խնդիրներ ունեն: «Խնդրում եմ` խնդիր դրեք իրականացնել հակաճգնաժամային խնդիրներ, ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունը ճգնաժամից դուրս բերել, իսկ սրանից հետո կարելի է մտածել ապագայի մասին: Այլապես, ես կարծում եմ, որ քաղաքական որոշումներ կարող են կայացվել, օրինակ` կարելի է ստիպել սիրել, բայց չէ՞ որ լավ սեր չէ»,- ասաց Բագրատ Ասատրյանը: